Բակո Սահակյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Բակո Սահակյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
Բակո Սահակյանի նամակը Նիկոլ Փաշինյանին բավականին անսովոր տոն ունի և, բացի այդ, Հայաստան-Արցախ երկկողմ հարաբերությունների հետ կապված մի տեսակ խորթ տպավորություն է թողնում: Ինչո՞ւ է Բակո Սահակյանը շնորհակալություն հայտնում Նիկոլ Փաշինյանին` Արցախ այցելելու իր հրավերն ընդունելու համար: Ստացվում է, որ Նիկոլ Վովաևիչը կարող էր նաև մերժե՞լ: Հարց է առաջանում` եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Արցախ այցելել, բայց չունի հրավեր, չի՞ այցելելու:



Շնորհակալության այն խոսքերը, որ Բակո Սահակյանը չի խնայել Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում, անտարակույս ասվել են նաև այցի ժամանակ` քննարկումների ընթացքում և դրանցից հետո: Հետևաբար ո՞րն է իմաստը` մեկ անգամ էլ նամակով շնորհակալություն հայտնելու: Գուցե նման պրակտիկա կա օտար պետությունների ղեկավարների հարաբերություններում, բայց բավականին տարօրինակ է, երբ այդ պրակտիկան կիրառվում է Հայաստանի վարչապետի և ԱՀ նախագահի շփումներում և այն էլ հանդիպումից ոչ լրիվ 2 օր անց:



«Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր հանդիպման ընթացքում Ձեր արտահայտած դիրքորոշման համար, որ Դուք ողջունում ու կարեւորում եք իրական եւ բովանդակային փոփոխություններ իրականացնելու Արցախի Նախագահի պատրաստակամությունը եւ այդ հարցում անվերապահ աջակցում եք Արցախի գործընկերներին ու երկրի ղեկավարին, եւ որ ՀՀ կառավարությունը անվերապահորեն աջակցում է մեր բռնած քաղաքական կուրսին»,- գրում է Բակո Սահակյանը, ասես ինչ-որ մեկին համոզելու կամ լսեցնելու համար, որ ՀՀ «դուխով» վարչապետը պաշտպանում է Արցախի իշխանությունների բռնած դիրքը: Ես չեմ հիշում մի դեպք, որ Հայաստանի ղեկավարը քննադատած լինի Արցախի իշխանություններին: Չի կարող լինել նաև հակառակը, թեև Բակո Սահակյանն իր նամակում հարկ է համարել խոսել ՀՀ իշխանությունների կուրսը պաշտպանելու մասին:



Մի տեսակ խորթ բան կա այս ամենի մեջ, ԱՀ նախագահի խոսքում խեղճություն կա, ՀՀ իշխանություններին սիրաշահելու անհասկանալի ձգտում, որ երբեք չի եղել: «Համոզված եմ, որ այսուհետ եւս էլ ավելի կընդլայնվի հայկական երկու հանրապետությունների սերտ փոխգործակցությունը՝ ի փառս մեր հայրենիքի եւ ժողովրդի: Մեկ անգամ եւս ընդունեք իմ երախտագիտությունը եւ ջերմ բարեմաղթանքները»: Այ քեզ բան: Սա չի՞ հուշում արդյոք, որ անհարկի և միանգամայն ավելորդ պաշտոնականություն է մտցվում Հայաստանի և Արցախի միջև:



Իսկ ռուսահաճո դիմելաձե՞ւը` «Հարգելի Նիկոլ Վովայի»: Կարծում ենք` լեզվի պետական կոմիտեն ասելիք ունի մեր երկու հայկական պետությունների ղեկավարներին: Ի վերջո և Հայաստանում և Արցախում պետական լեզուն հայերենն է:



**Էդիկ Անդրեասյան**