Համակարգն է փոշեկուլի պես կլանել ամեն ինչ․ քաղաքագետ

Համակարգն է փոշեկուլի պես կլանել ամեն ինչ․ քաղաքագետ
Գեներալ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի պահեստում ԱԱԾ-ի բացահայտումները ոչ միայն «սրտի մխիթարանք» դարձան սենսացիայի սպասող հանրության մի ստվար մասի համար, այլեւ վերլուծության հարուստ նյութ դարձան գեներալի կենսագրության տարբեր դրվագներին ծանոթ վերլուծաբանների համար։



Քաղաքագետ **Սուրեն Զոլյանից** հետաքրքրվեցինք, թե Մանվել Գրիգորյանի գործունեության հետ կապված բացահայտումները կարո՞ղ են անկախ Հայաստանում ձեւավորված արատավոր համակարգի կազմաքանդման հիմք դառնալ։



«Այն, ինչ տեղի ունեցավ, սպասելի էր։ Մանվել Գրիգորյանը իր առջեւ դրված խնդիրները կատարել է, բայց դրանք կատարել է դաժան ձեւով, զոհերի գնով, չի խորշել թալանից։ Նրա համբավը դեռ պատերազմական տարիներից է տարածված եղել, բայց ոչ ոք չէր մտածում, որ նա կարող է ձեռք գցել երեխաների օգնությանը։ Ստեղծված համակարգն էր այդպիսին՝ ամեն ինչ հափշտակել, եւ այն հսկայական փոշեկուլի պես կլանում էր ամեն ինչ։ Դա մի հսկայական ապարատ է, որում կլինեն եւ՛ պահեստապետներ, եւ՛ հաշվապահներ»,- նշեց քաղաքագետը։ Շատերն են հիշում, որ Մանվել Գրիգորյանը մի խումբ երկրապահների հետ հոկտեմբերի 27-ից հետո պահանջում էր գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, սակայն հետագայում կոմպրոմիսի գնաց իշխանությունների հետ, դարձավ պաշտպանության փոխնախարար, ԱԺ պատգամավոր։ Հնարավո՞ր է, որ Մանվել Գրիգորյանի պահեստում բացահայտումները հետագայում ավելի աղմկոտ բացահայտումների համար հիմք դառնան։ Սուրեն Զոլյանը համաձայն է․



«Իհարկե։ Ուղղակի պետք է հասկանալ, թե ինչ է երկրապահը։ Երկրապահը դարձել էր քաղաքական ուժ՝ դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ 1995թ․, 1996թ․ որոշիչ դեր ուներ։ Սակայն դա տեւեց մինչեւ 2008թ․, երբ նրանք տատանվում էին, հետո թեքվեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմը, բայց վերջնական գործողությունների չդիմեցին։ Դրանից հետո նրանք թեեւ չունեցան որոշիչ դերակատարություն, սակայն բավարարվեցին իրենց տրված լիազորություններով»։



Պե՞տք է լուծարվի ԵԿՄ-ն։ «Օրինակ, ԱՄՆ-ում, երբ պարզվեց, որ Ռիչարդ Նիքսոնը հանցագործ է, ոչ մեկի մտքով չանցավ Հանրապետական կուսակցությունը լուծարել, որովհետեւ հասկանում էին, որ դա անձի գործն է, ոչ թե կուսակցության։ Կա նաեւ հակառակը․ երբ նացիստական կուսակցությունը դատարանի որոշմամբ ճանաչվեց հանցավոր կազմակերպություն եւ դատավճռով լուծարվեց։ Կարծում եմ, դա դատարանի խնդիրն է, պետք է պարզել, թե ԵԿՄ-ն, որպես կառույց, որքանով է ներգրավված այդ հափշտակության գործում։ Նույնը վերաբերում է նաեւ ՀՀԿ-ին։ Մանվել Գրիգորյանի պահեստում հայտնաբերված զենքերը եւ շտապ օգնության մեքենան բանդիտական ռազբորկաների զենքեր չեն, դրանք քաղաքացիական պատերազմի զենքեր են։ Այս առումով ճիշտ կլինի հետեւել գործընթացներին, քանի որ դա մեկ հոգու գործ չէ։ Կարծում եմ, ենթադրություններ անելը դեռ վաղաժամ է»,- ասաց քաղաքագետը։