Նոր սենսացիոն բացահայտումներ են լինելու. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Նոր սենսացիոն բացահայտումներ են լինելու. Արթուր Վանեցյան (տեսանյութ)
Նոր սենսացիոն բացահայտումներ են լինելու։ Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։ Նա նաև նշեց, որ, եթե չլինեին Էջմիածնի դեպքերը, իրենք օպերատիվ գործողություններ իրականացնելու էին, քանի որ ինֆորմացիա ունեին։



Հիշեցնենք, որ շաբաթ օրը ՀՀ ԱԱԾ կողմից ձերբակալվեց Մանվել Գրիգորյանը, ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում:



Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք: Իսկ կիրակի օրը ԱԱԾ-ի նոր հաղորդագրությամբ տեղեկացանք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի:



Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտարարել էր որ «զինվորի բաժինը գողացողը արժանի չէ որևէ ներման»:



**Աննա Պապիկյան**