Մի հարց կարելի՞ է

Մի հարց կարելի՞ է
ԱԱԾ-ն հրապարակել է ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ամառանոցում խուզարկության տեսագրությունը: Սոցիալական ցանցերում տարածվել են դպրոցականների անվարժ նամակներ, որ գրվել են ապրիլյան պատերազմի օրերին: Այդ նամակները հայտնաբերվել են Մանվել Գրիգորյանի ամառանոցում եւ ապացույց են, որ խուզարկությամբ հայտնաբերված սննդամթերքը հայթայթել են դպրոցականները, ուղարկել ճակատում կռվող զինվորներին:



Բայց նրանց խնամքով եւ սիրով պատրաստած ծանրոցները հանգրվանել են Մանվել Գրիգորյանի ամառանոցում: Հիմա հարց է առաջանում՝ Մանվել Գրիգորյանը դպրոցականների ուղարկած ծանրոցները տեղու՞մ է յուրացրել, դրանք տեղափոխվել են ԵԿՄ ենթակայության պահեստներ եւ այնտեղից փոխադրվել գեներալի ամառանո՞ց, թե՞ հասել են Արցախ եւ այնտեղից բերվել Էջմիածին:



Թվում է՝ նախաքննության մարմինը պետք է հետամուտ լինի, որպեսզի պարզի այս նուրբ պահը: Եթե զինվորի բաժինը յուրացվել է տեղում, չի հասել Արցախ, այլ բան է: Եւ բոլորովին այլ, եթե հասել է Արցախ, ապա տեղափոխվել Էջմիածին եւ պահեստավորվել Մանվել Գրիգորյանի ամառանոցի նկուղներում: