«Միսս ԱՊՀ»-ն Հայաստանում չի անցկացվի, ո՞րն է խնդիրը

«Միսս ԱՊՀ»-ն Հայաստանում չի անցկացվի, ո՞րն է խնդիրը
«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը, որն առաջին անգամ տեղի ունեցավ անցած տարի Հայաստանում, այս տարի տեղի կունենա Ղազախստանում, պատճառը կազմակերպչական մի շարք խնդիրներն են, որը հայստանյան կողմը հանձն չի առել իրականացնել։ «Միսս ԱՊՀ» Միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիր՝ Նաիրի Մնացականյանն ասում է՝ միջոցառումը ՀՀ-ում անցկացնելու համար քննարկում է ունեցել բոլոր իրավասու և ոլորտին առնչվող պետական և ոչ պետական մարմինների հետ՝ ներկայացնելով նպատակը, ՀՀ- ում մրցույթն անցկացնելու կարևորությունը, առավելությունը և արդեն գրանցած արդյունքները․ «Ներկայացրել եմ իրական գոյություն ունեցող զբոսաշրջիկների վերաբերյալ տեղեկատվություն և սպասվող մեծ հոսքի վերաբերյալ հիմնավորումներ: Ներկայացրել ենք Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության՝ Հայաստանի զբոսաշրջության զարգացման կոմիտեին և հիմնադրամին: Նամակներով տեղեկացրել եմ դեռևս 3 ամիս առաջ, բայց ոչ մի հստակ պատասխան չենք ստացել»:



Դիմելով պետական իրավասու մարմիններին, կազմակերպիչները չեն պահանջել ֆինանսական աջակցություն, խնդրել են տրամադրել միայն Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը՝ առաջարկելով վճարել այդ ժամանակահատվածում օգտագործված բոլոր ծախսերը, ինչպես նաեւ միջազգային լրագրողների հայաստան տեղափոխելու ծախսերը ներկայացնելով ավիափոխադրողների միջնորդություն։   



«Մրցույթը ՀՀ-ում կազմակերպելու առանցքային նպատակներից է նաև նպաստել տուրիզմի զարգացմանը,  քանի որ մեր գործընկերների թիվը կազմում է 17 երկրներում գտնվող 68 ազգային գրասենյակներն ու տարածաշրջանային ներկայացուցչությունները, որոնց իրական հետևորդների թիվը գերազանցում է 50 միլիոնը: Նախորդ անգամ չհաշված այն հանգամանքին, որ առաջին անգամ էր անցկացվում նշված մրցույթը, ներկա էին բազմաթիվ արտասահմանյան և միջազգային լրագրողներ, որոք հրապարակել են միջոցառման և Հայաստանի վերաբերյալ 350-ից ավել նյութեր»,-ասում է Մնացականյանն ու ընդգծում, որ նշված թվերը օդից չեն վերցված, այլ իրականում գոյություն ունեցող հաշվարկներ են:



«Ղազախստանի մեր գործընկերները, որոնք ի սկզբանե շահագռգռված էին այս միջազգային մրցույթը անցկացնել իրենց երկրում, զգալով իրավիճակի դժվարությունը նամակով դիմել են մեզ, խնդրելով՝ որպեսզի տանք իրենց իրավունք նշված միջազգային մրցույթի  եզրափակիչը անցկացնեն իրենց երկրում: Առաջարկի նախաձեռնությունը վերցրել է Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության վարչությունը և հայտնել են ամբողջ ծախսերն ու միջոցառումն իրենց երկրում անցկացնելու պատրաստակամություն»,-ասում է «Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիր Նաիրի Մնացականյանը և հավելում, որ կազմակերպչական թիմը որոշում է կայացրել «Միսս ԱՊՀ 2018» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը անցկացնել Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում սույն թվականի հուլիսի 27-ին:  



Նա ցավով նկատում է, որ նման միջազգային լայնամասշտաբ միջոցառումը ՀՀ-ում անցկացնելը կհանգեցներ միջազգային շուկայում Հայաստանի ճանաչելիության մեծացմանը,  և խթան կհանդիսանար զբոսաշրջության կտրուկ զարգացմանը․«Նման երկրների գեղեցկության մրցույթի եզրափակիչը ՀՀ-ում չխրախուսելու արդյունքում Հայաստանը անմիջականորեն բաց է թողնում պետության միջոցներից առանց ֆինանսական ծախսեր անելու գովազդել ՀՀ-ում գտնվող ցանկացած զբոսաշրջային վայր։ Կորցնում է արդեն պատրաստ Հայաստան եկող 2-3 հազար զբոսաշրջիկների։ Բաց է թողնում 35 գեղեցկուհիների՝ 3 մլն--ից ավել հետևորդների մոտ Հայաստանի տեսարժան վայրերի մասին նյութերի տարածման հնարավորությունը։ Կորցնում է 40-ից ավել արտասահմանյան և միջազգային լրատվամիջոցների Հայաստան այցելելու և երկիրը լուսաբանելու հնարավորությունը։ Կորցնում է 30 միլիոնանոց լսարան, որոնք  17 երկրներում գտնվող 68 ազգային գրասենյակների և  տարածաշրջանային ներկայացուցչությունների անմիջական հետևորդներն են, որոնք ՀՀ-ում շրջագայելու ժամանակ հրապարակված ողջ նյութերի անմիջական դիտորդներն են հանդիսանում։ Զրկվում է 500-ից ավել արտասահմանյան և միջազգային ԶԼՄ-ների կողմից տարածված ՀՀ-ի և միջոցառման մասին լուսաբանող տարբեր նյութերի՝ հոդվածների, նկարների, տեսանյութերի, մեկնաբանությունների հրապարակումից»: