Պատկերների սառցարան․ Մարիամ Շահինյան

Պատկերների սառցարան․ Մարիամ Շահինյան
Մարիամ Շահինյանը (1911-1996) Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին լուսանկարիչն է։



**Ինչպե՞ս Մարիամը գտավ ինձ**



Լինել Ստամբուլում ու լինել հայ, թերեւս՝ արեւելահայ, նշանակում է ապրել անդադար ներկա անակնկալի մեջ։ Դու ապրում ես մի զգացողություն, որ պատմությունը մի տեղ լուռ սպասում է, որ հայտնվի քեզ։ Անսպասելիությունը, անպատկերացնելին ու չիմացածը հայտնվում են գիտակցությանդ ու փոխում մտածելու հունը։ Ես երբեք չէի էլ կարող ենթադրել, թե ինչից կհուզվեմ ամենաշատը։ Ու ես՝ անակնկալ ինձ համար։ Ու իմ զգալը՝ ավելի մեծ անակնկալ։ Ինչպե՞ս կարող է անցյալը լինել կենսունակ։ Ինչպե՞ս է իմ զգալն անցյալը մի ակնթարթում դարձնում ներկա։ Ինչպե՞ս կարող է անծանոթի պատմությունը դառնալ իմ պատմությունը։



Ստամբուլում էի, Իսթիքլալ փողոցում, աշուն էր, անձրեւում էր, «Հիշողության քայլերթ-զբոսանք» էր, որի ընթացքում ներկայացնում էին Բեյողլու թաղամասում բնակված սեռական ու մշակութային փոքրամասնություններին ու նպատակ ունեին պատմել չպատմած պատմություններ «լուռ» մարդկանց։ Քայլերթին մասնակցում էի որպես դիտորդ։ Ուշ էի միացել խմբին ու հազիվ էի հասկանում, թե ինչ է կատարվում։ Միայն հիշում եմ, որ կանգնած էի տրամվայի գծերի վրա ու լսում էի, թե ինչպես մի թուրք գիտնական պատմում էր մի հայ կնոջ մասին, ու ես հազիվ կարողացա որսալ հետեւյալ բառերը՝ Մարիամ, Շահինյան, Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին լուսանկարիչ։ Անուն էր օդում ու մի պատկեր՝ պատմողի ձեռքում, անսահման հմայիչ պատկեր մի աղջիկ երեխայի, ով աջ ու ձախ ձեռքի մատներն իրար մեջ խրած՝ ուղիղ ու անթարթ նայում է տեսախցիկին, մազերը սավանների պես փռած, բախտը՝ բաց։



Ես հիշում եմ տրամվայի գծերի դղրդոցը ոտքերիս տակ ու այդ լուրը, որն ինձ մեծ զարմանք, ուրախություն ու տխրություն բերեց։ Ֆիզիկական դղրդոցը փոքրիկ երկրաշարժ արեց նաեւ գիտակցությանս մեջ։ Ինչո՞ւ չգիտեի իր մասին։ Ամեն անգամ, երբ մտածում եմ Մարիամ Շահինյանի մասին, մտածում եմ իմ առաջին տպավորությամբ։ Դղրդոց, Իսթիքլալը, թուրք կնոջ ակցենտով անգլերենն ու էդ պատկերը՝ բախտը բաց։ Ես հետո նամակներ գրեցի Երեւան՝ իմ դասախոսներին ու ընկեր-ծանոթներին։ Հետո գտա գիրքը՝ «ՖոտոԳալաթասարայ», որը 2011-ին հրատարակել է Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչատունը, ու նույն թվին «Սալթ» հետազոտական արվեստի կենտրոնում «ՖոտոԳալաթասարայ» վերնագրով ցուցահանդես է արել Թայֆուն Սերթաշն ու ցուցահանդեսի պաստառի վրա մեծ-մեծ տառերով գրել է ոչ թե Մարիամի, այլ իր անունը։ Ու Մարիամի անվան ոչ մի հիշատակում՝ տպավորություն ստեղծելով, թե դա իր ցուցահանդեսն է, ու ինքն է արվեստագետը։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/35433386_2115567948707958_6739446115747233792_n.jpg?_nc_cat=0&_nc_eui2=AeErWdhIcs6DHrJc-PfPGc9d6U_3CqE2IsxCv1FXJiQNHxiGhRuEDdmPNj9R8uWQGktS6yV6WSLY4vPxU0CETiCWWWco6Ck1KkVnsGt2XYmh_Q&oh=1745a409e32acfd6451d90dae06a675b&oe=5BAA49CF)



**Լուս - ա - նկար**



Լուսանկարը՝ որպես փաստաթուղթ ու հղում իրականությանը։ Լուսանկարը՝ որպես իրականության հատվածական պատկեր։ Նույն լուսանկարը՝ այլ, ընթերցված որպես արվեստի գործ։



Այսօրվա լուսանկարչական նորաձեւությունը, շրջապատող վիզուալ իրականությունը, թվային տեխնիկան ու սոցցանցերը, աշխարհի ու կյանքի մասին պատկերացումները պայմանավորում են Մարիամ Շահինյանի նկարների իմ ընկալումն ու ընկալման անկյունը։ Մի կողմից ֆեմինիզմի, կնոջ իրավունքների բարձրացման, կնոջ դերի վերանայման, մյուս կողմից՝ նույնասեռական մարդկանց մասին դիսկուրսի ձեւավորման, սեռով պայմանավորված մարդուն դատելու, մարդկանց տարբերությունների, տարբերությունների լինելու իրավունքի մասին մտածելու, վերամտածելու համատեքստում Մարիամի լուսանկարչությունն ու լուսանկարներում հայտնված մարդկանց պատկերները դառնում են մի յուրօրինակ փաստաթուղթ՝ օժտված պատկերներից եկող ահռելի ուժով, որը հնարավորություն է տալիս խոսելու անցյալում եղածի մասին, եղած, որը մեզ չի ներկայացվել, այլ որը մենք գտել ենք ներկայում ու վերակառուցել անցյալը։ Մեզ քաջ ծանոթ են Արա Գյուլերի Ստամբուլն ու քաղաքի իր վիզուալ ընկալումը։ Շատ հետաքրքիր կլիներ տեսնել այն պատկերները, որոնք կտեսներ Մարիամը, եթե նկարեր տաղավարից դուրս։ Բայց նա տաղավարային լուսանկարիչ է, ու երեւի նրա պատկերների հմայքը հենց դրանում է՝ ներկայացնել մարդկանց «մերկ» իրականության մեջ, որը միանգամայն ուրիշ կողմից է ներկայացնում մարդուն․ մարդուն՝ ոչ թե քաղաքում ինչ-որ տեսարանի ֆոնին, ինչ-որ բան անելիս, այլ մարդուն՝ հենց փակ տարածությունում, փակություն, որն էլ իր հերթին տալիս է գաղտնիության մեջ ապահով բացվելու, ինքնությունը ցուցադրելու ազատություն։ Մարդիկ, ովքեր ոչ թե պարզապես բռնվել ու որսվել են իրենց սովորական առօրյայում՝ երբեմն նույնիսկ առանց իմանալու կամ հարցվելու, այլ մարդիկ, ովքեր իմացել են իրենց լուսանկարվելը, ովքեր եկել են հատուկ անելու էդ գործողությունը, ովքեր կանգնել են ու նայել են տեսախցիկին։ Մարիամի լուսանկարների ալբոմը կարծես պատկերային ու զգայական մի սառցարան լինի, որտեղ սառեցվել ու պահվել է ժամանակը։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/35423959_2115568895374530_6864002679887101952_n.jpg?_nc_cat=0&_nc_eui2=AeGkGmr0ZEZctMfXQHkjIoiA40wcrmxKOv8j7UgF8qdfNnw8mf02s3cfuBTNuYQeiMKA_u30RhVJqCRyjGVIo9v8unuTv_dM_aebwChMtozJ3Q&oh=7e4e140d5cb9f57c00066ecf3db33e2f&oe=5BA8D7C7)



Մարիամն ունեցել է լուսանկարչատուն, գումար է վաստակել եւ զբաղվել միմիայն լուսանկարչությամբ։ Նա ստեղծագործել է շուրջ կես դար՝ 1935-1985 թթ., 1139 տուփ նեգատիվում թողել է 200 հազար պատկեր՝ ավելի քան 1 միլիոն մարդու։ Նրա արխիվի գոյությունն այսօր մեզ տալիս է Թուրքիայի՝ հանրապետություն դառնալուց հետո Ստամբուլում եղած կյանքի զուգահեռաբար հոսող իրականություններից մի մասի մասին ինֆորմացիա, պատկերացում եւ այսօրվա մարդու համար այլ Ստամբուլ տեսնելու հնարավորություն։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են դեմոգրաֆիական, սոցիալական փոփոխությունները բերել պատկերային փոփոխությունների։



Մարիամի լուսանկարչական թեմատիկ ընդգրկումը պատկառելի մեծ է ու բազմազան․ նրա լուսանկարչական սարքը վավերացրել է սոցիալական ամենատարբեր խմբերից եկող մարդկանց՝ նույնասեռականների, սեւամորթների, վանականների, զինվորականների, արվեստագետների, քրիստոնյաների, մահմեդականների եւ կանանց, ովքեր իրենց հիջաբները կարող էին հանել միայն մեկ այլ կնոջ ներկայությամբ։ Մարիամի ողջ արխիվի 70 տոկոսը կանանց ու աղջիկների պատկերներ են։



**Թվեր ու անուններ՝ Մարիամի մասին**



Մարիամը ծնվել է 1911թ․՝ Թուրքիայի Սեբաստիա քաղաքում, հարուստ ու ապահով ընտանիքում։ Առանձնատանը, որտեղ ապրել է, առավել հայտնի է եղել Ապակե տաղավար անունով, որը մինչեւ այժմ կանգուն է եւ գործում է որպես քաղաքի կենտրոնական փոստատուն։ Նրա պապիկը՝ Ագոպ Շահինյան Փաշան (ում լուսանկարը գտա գրքում՝ թավ բեղերով, խրոխտ մի այր, նստած բազկաթոռին ու շրջապատված եվրոպական կահույքով, ձեռքը սրին դրած՝ հայացքը տեսախցիկից շեղ) 1877թ․ ներկայացրել է Սիվասը օսմանական խորհրդարանում։ Շահինյան ընտանիքը զբաղվել է հացահատկի ու խոշոր եղջերավոր անասունների առեւտրով, պաշտոնապես ունեցել է 30 գյուղ, ալրաղացներ եւ մեծ ֆերմաներ։ Ագոպ Շահինյանն ամուսնացել է 3 անգամ, ունեցել է 10 երեխա՝ 2 տղա եւ 8 աղջիկ։ Մարիամի հայրը Միհրանն էր, իսկ մայրը՝ Դիկրանուհին, Աբաջյանների ընտանիքից։ Մարիամն ունեցել է երեք քույր եւ երեք եղբայր, ընդհանուր թվով՝ ընտանիքում 7 երեխա, բոլորը ծնված Սիվասում։ Սիվասը 1915թ․ ամենաարյունալի տարածքներից մեկն էր, ու Շահինյան ընտանիքն այն քիչ փրկվածներից էր, որ ողջ է մնացել պապի հեղինակության շնորհիվ։ 1915-ին Մարիամը չորս տարեկան էր։ Ես չգիտեմ՝ ինչպես է նա փորձառել ցեղասպանությունը։ Ոչ մի հիշատակում կամ գրություն չկա դրա վերաբերյալ, կամ գոնե ես չեմ կարողացել գտնել։ Ընտանիքով Ստամբուլ տեղափոխվելուց հետո Մարիամի հոր բուրժուական հոբբին՝լուսանկարչությունը, դարձել է գումար վաստակելու միակ միջոցը։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/35509224_2115568975374522_5637139666852380672_n.jpg?_nc_cat=0&_nc_eui2=AeFiV_zWqZD6EufislR_LDc_B6IMUcaRDnqHTPAdy5C9UxKXw2sx2MybktT16A2QBMnxHGlh6qYe5N3wYFG7AvU5S-3F0QrUfpGlFidZZhHSQA&oh=314a03d547684bb5790046891ebfc686&oe=5BAA75D7)



Մարիամ Շահինյանը նախնական կրթություն ստացել է Էսայան վարժարանում։ Այնուհետեւ շարունակել է Sainte Pulcherie աղջիկների ավագ դպրոցում, բայց չի ավարտել ֆինանսական խնդիրների պատճառով։ 1936թ․ մոր՝ Տիգրանուհու հանկարծամահ լինելուց հետո ընտանիքը հայտնվել է նյութական ծանր կացության մեջ։ Սուղ միջոցները պետք է ուղղորդվեին տղաների կրթությանը, իսկ աղջիկները պետք է օգնեին հորը լուսանկարչատանը ու տնային գործերը կատարելիս։ Շատ հետաքրքրական փաստ, որ եղած գումարը պետք է ծախսվեր տղաների կրթության վրա։ Իսկ աղջիկները պետք է հարմարվեին եղած իրավիճակին։ Պատահար, իրադարձություն, որը երբեմն հայրիշխանության ներսում առանց պլանավորելու ստեղծում է մի իրավիճակ, որը թարս տրամաբանությամբ է աշխատում։



Մենք չենք կարող ասել, եթե Մարիամը կրթություն ստանար, ինչ մասնագիտություն կընտրեր, ու գուցե մենք երբեւէ չիմանայինք նրա անունը։ Բայց հիմա նա Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ կին լուսանկարիչն է։ Մարիամն սկսել է լուսանկարել 24 տարեկանից, նա հորից սովորել է տաղավարային լուսանկարչությանը վերաբերող ամեն մի մանրամասն։ 1937 թվականից, ընտանիքի հոգսը թեթեւացնելու համար, սկսել է ղեկավարել ստուդիան ու աշխատել է մինչեւ 1985 թվականը։ Նա գործունեության 50 տարիների ընթացքում օգտագործել է նույն լայնաֆորմատ ֆոտոխցիկը, որն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին է արտադրվել, նկարել է միայն սեւ ու սպիտակ ժապավենով, երբեք չի փոխել իր տեխնիկական կամ էսթետիկական սկզբունքները։ Նկարել է, բայց չի սիրել լուսանկարվել։ Նրանից մնացած վիզուալ ինֆորմացիան 3 անձնագրային չափի լուսանկարն է ու մեկ ընտանեկան լուսանկարը։ Նրա մասին քիչ ինֆորմացիա կա, հիմնական տեղեկությունները հնարավոր է եղել ստանալ փոքր եղբոր՝ Վրույր Շահինյանի արխիվից։ Մարիամը, աշխատանքային առաջին օրվանից սկսած, օգտագործել է գոգնոց ու ձեռնոցներ՝ հագուստը պաշտպանելու համար։ Միշտ եղել է կարճ մազերով ու չի փոփոխել իրերի դասավորությունը կամ որեւէ մանրուք իր արվեստանոցում։ Եղել է մենակյաց ու ինքնամփոփ։ Մտերիմ է եղել եղբոր՝ Վրույր Շահինյանի հետ։ Երբեք չի ամուսնացել ու երեխաներ չի ունեցել։ Երբեք ոչինչ չի հարցրել իր հաճախորդներին ու չի սիրել պատմել իր մասին։ Իր պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում նա միշտ Շիշլիի Հանըմէֆենդի փողոցից քայլել է իր ստուդիան ոտքով ու լանչի համար միշտ ունեցել է կարմիր խնձոր պայուսակում։ Ընկերություն է արել միանձնուհիների, իտալացի քահանաների, գրագիրների հետ։ Նա շատ լավ տիրապետել է ֆրանսերենի, իտալերենի, հայերենի ու թուրքերենի։ Բոլոր չորս լեզուն էլ օգտագործել է իր մասնագիտության մեջ։ Մարիամի հոր եւ հետագայում Մարիամի լուսանկարչական գործունեության ընթացքում «Գալաթասարայ» լուսանկարչատունը փոխել է իր գտնվելու վայրը երեք անգամ։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/35521589_2115569018707851_4958326339191963648_n.jpg?_nc_cat=0&_nc_eui2=AeGSTIEoHDcz_bqzFAFNDCBBMgMVKxl57_eEUYQqeyoPBQbs-_02COqkc78TlFv-A8GYXDsyfbUEwv4tViXYehTCyyQlwPiXQLWP311JkB4ymA&oh=97ee1d3e6e0698adbcf7345eed89f220&oe=5BA1E16C)



«ՖոտոԳալաթասարայի» հիմնական հաճախորդները միջին ու ցածր խավի ոչ մուսուլման մարդիկ էին, ովքեր ապրում էին հարեւանությամբ։ Թուրքերն այդ ժամանակ նախընտրում էին գունային ավելի կտրուկ հակադրություն, քան ոչ մուսուլմանները, դարչնագույնի երանգների փոխարեն՝ մուգ սեւ։ Փղոսկրի գույնի թուղթ էր օգտագործվում լուսանկարների տպագրության համար։



1986-ին, երբ Մարիամը 75 տարեկան էր, որոշում է «Գալաթասարայը» հանձնել ինչ-որ մեկին։ 1985-ի ամառն անցկացնում է Բարկեւ Ավշարի ու Ֆիքրի Կեւորկ Չալըշի հետ՝ ծանոթացնելով հաճախորդներին ու բանակցելով նրանց հետ։ 1985-ին հանձնումն արդեն տեղի էր ունեցել, նա նրանց օգնում է մի քանի ամիս ու այլեւս երբեք չի վերադառնում լուսանկարչատուն։ Երկու տարի հետո լուսանկարչատան նոր տերերը դադարեցնում են համագործակցությունը եւ որոշում են այլ բանով զբաղվել։ Նա մահացել է 1996 թվականին՝ Ստամբուլի Շիշլի թաղամասի իր տանը, եւ թաղվել Շիշլիի հայկական գերեզմանոցում։



Մարիամի արխիվի փոքրիկ տուփերում գտնվել են տարբեր անուններով գրություններ, որոնք հստակ ցույց են տալիս լուսանկարչի եւ հաճախորդների հարաբերության անկյունը։ Նա ստորագրել է հետեւյալ անուններով՝



Maryam Şahinyan



Meryem Şahinyan



Maryam Şahinoğlu



Meryem Şahinoğlu



Երբեմն թուրքականացվել է անվան առաջին մասը, երբեմն՝ երկրորդ, պատահել է՝ երկուսն էլ։ Սա նշանակում է, որ նա սպասարկել է ոչ միայն հայկական համայնքին, ոչ միայն ոչ մուսուլման համայնքին, այլեւ հենց թուրք մուսուլմանական շերտին։



Ի՞նչ է Մարիամ Շահինյանի լուսանկարչությունը. փաստագրությո՞ւն, վկայությո՞ւն։



Եվ ինչե՞ր են այսօր այդ պատկերները։



Պատկերները՝ որպես պատմություն։



Պատկերները՝ որպես հիշողություն։



Պատկերները՝ որպես լինելու իրավունքի փաստագրություն։



Պատկերները՝ որպես պատկերներ։



**Անահիտ Ղազարյան-Գրող, արվեստաբան**



**Հրապարակ մշակութային հավելված**