Հարեւաններ․ «Սիրո» դասեր՝ Ստամբուլում (Մաս 2-րդ)

Հարեւաններ․ «Սիրո» դասեր՝ Ստամբուլում (Մաս 2-րդ)
Թուրքիան ասոցացվում է հենց թուրքի հետ։ Առաջին անգամ թուրքի հանդիպեցի Շվեյցարիայում, երբ ճաշարանում մի առիթով հանկարծ պարզեցի, որ կողքիս նստած աղջիկը թուրք է։ Կարծրատիպն այդտեղ աշխատեց, ու իմ ներսի առաջին արձագանքը վախն էր, բայց հետո ամենաշատը հենց նրա հետ մտերմացա։ Ես հակված եմ նրան, որ եթե ինչ-որ վախեր ունես, պետք է գնաս ու հաղթահարես դրանք։ Միշտ հետաքրքրված եմ եղել պոլսահայ գրականությամբ, եւ միշտ Ստամբուլը վիրտուալ է եղել իմ կյանքում։ Նույնիսկ, երբ լսում էի ինչ-որ փողոցների անուններ, ինձ թվում էր, որ եղել եմ արդեն։    



Այնտեղ երկար ապրելն իմ առաջ բացեց այդ ներկան, դրանից առաջ կար միայն անցյալը։ Պոլիսն ինձ համար վերափոխվեց, եւ ես ի վերջո հասկացա, որ ինքը դարձել է Ստամբուլ, ինչքան էլ որ մենք համառում ենք եւ ասում՝ Պոլիս, որովհետեւ նույնիսկ այդ անվանման մեջ դնում ենք հայի պահանջատիրությունը, մինչդեռ վաղուց արդեն գոյություն ունի Ստամբուլը։ 



Ես ապրել եմ թուրք կնոջ հետ, ով իմ կյանքում ինձ հանդիպած ամենահրաշալի մարդկանցից մեկն է, ու ինձ համար հեչ կարեւոր չէ՝ ինքը թուրք է, քուրդ, թե ֆրանսիացի, ինքն իմ համար Դիլեքն է՝ անուշ մի կին։ Ես գիտեմ, թե ինչ դժվար է համակեցություն ստեղծելը, բայց ինքը մեկն էր, որ ամեն մանրուքը հասկանում էր ու ամեն ինչ անում էր շատ ճիշտ ու սրտով։ Ապրելուց ես միայն հասկանում, որ քեզ համար կարեւոր են մարդկային որակները, ու կարեւոր չէ լեզուն։ Մենք, օրինակ, իրար լեզու չէինք հասկանում, իր իմացած օտար լեզուն ֆրանսերենն էր, իմը՝ անգլերենը։ Ես փորձեցի թուրքերեն սովորել, ու վերջում ինչ-որ չափով թուրքերեն էինք խոսում։



Ես հատուկ թուրքերենի բառարանը կարդացի ու նշեցի բոլոր այն բառերը, որոնք ինձ ծանոթ են իմ տատիկից ու պապիկից, բայց նաեւ վախեցա, որ կսովորեմ թուրքերենը ու կկորցնեմ հենց իմ տատից, պապից ժառանգված բառապաշարը, որովհետեւ ուզում եմ ունենալ այն բառապաշարը, որը ես չեմ սովորել դասի գնալով, այլ սովորել եմ հենց նրանցից։ Մենք ունենք մտածողության կառույցներ, որ շատ ուժեղ համընկնում են, այդ ընդհանրությունները ներքին չտեսնված մակարդակում աշխատում են։ 



Քադիր Հաս համալսարանում ուսանողներս հիմնականում թուրքեր էին եւ հիմնականում նրանք, ում զուգընկերը կամ զուգընկերուհին հայ էր, եւ ուզում էին սովորել հայերենը, որն իրենց համար, փաստորեն, սիրո լեզու էր, որովհետեւ հանուն սիրո էին սովորում։ Թուրքերեն մի ասացվածք կա, ասում է՝ մինչեւ լեզուն լեզվին չդիպչի, լեզու չես սովորի։   



Ապրիլի 24-ի նախօրեին էր, մտա փոստ եւ անգլերենով հարցրի՝ կարո՞ղ եմ հետադարձը գրել՝ Հայաստան։ Ինձ սպասարկող աշխատակիցը թուրքերենով իր գործընկերոջն ասաց՝ մեր ընկերը Հայաստանից է։ Սա սկսեց թուրքերենով խոսել, թե ինչու են եկել, ճիշտ կլիներ, որ սրանց բոլորի վերջը տայինք։ Ես գլուխս բարձրացրի ու անգլերենով ասացի՝ հասկանում եմ թուրքերեն: Դիմացս կանգնած տղան գույնը գցեց ու ընկերոջն ասաց՝ մի խոսի, բայց նա ավելի բորբոքվեց, ում միացավ ուրիշ մի կին։ Շատ ծանր էր այդ զգացողությունը․ դու գտնվում ես մարդկանց առաջ, որոնք ասում են նույն բանը, ինչ իրենց իշխանությունը։ Երբ շփվում ես ինտելեկտուալ շրջանակների հետ, այդ զգացողությունը հաստատ չես ապրում, թեպետ այդտեղ էլ մի ուրիշ պրոբլեմ կա՝ Հայոց ցեղասպանության մասին խոսելը։ Այդ հարցը շոշափելը մի տեսակ դարձել է իրենց առաջադիմությունը ցույց տալու ցուցիչ, որն ինչ-որ տեղ վիրավորական է, որովհետեւ նույնիսկ ուզում ես ասել՝ մի խոսեք, պետք չէ դրան կպնել։   



Բայց կար նաեւ Դիլեքը՝ իմ տանտիրուհին, որ, չլինելով այդ ինտելեկտուալ շրջանակներից, ինձ հետ շատ ավելի խորքային էր շփվում։ Հիշում եմ, թե ինչ ծանր սրտով էր պատմում ու լացում իր կորցրած հայ ընկերոջ մասին, որի նկարն ապակու հետեւում դրված էր, եւ հաստատ մեզ համար չէր անում․ դա իր կյանքն էր, որն ապրել էր։



Ստամբուլում կարծես անընդհատ անցյալի, ներկայի երթեւեկության մեջ ես՝ ամեն օր, ամեն պահ, դրանից չես կարող խուսափել, ու հենց դա էր հետաքրքիր․ պատմության այդ բեռն անընդհատ զգում ես քո վրա։ Լիքը բաներ կան, որ մեզ համար փակ սահմանների մեջ մնում են  թղթի վրա, բայց այնտեղ այդ ամենն ավելի նյութականանում է։ Թուրքիան մի տարածք է, որ ամենաշատն է քեզ առնչվում։ Այն, ինչը կապ ունի քո հետ, մեկ էլ տեսնում ես, որ շատ շոշափելի է, ու, այնտեղ ապրելով, ավելի խորքային ես սկսում մտածել այդ ամենի մասին։ Մարդկային հարցեր են առաջ գալիս այդ կարծրատիպերից դուրս, ու արդեն դու քո համար ես որոշում՝ ինչից ազատվես, ինչը վերցնես, ինչի համար քեզ պատասխանատու համարես, ինչի համար՝ ոչ։ 



Ավելի հետաքրքիր էր իմ այցը Դիարբեքիր (Տիգրանակերտ), որովհետեւ եթե մինչեւ այդ Ստամբուլը համեմատում էի Հայաստանի հետ, հիմա Դիարբեքիրը համեմատում էի Ստամբուլի հետ։ Ստամբուլի հայկական հետքն ավելի եվրոպական է, իսկ Դիարբեքիրինը՝ մեզ շատ ծանոթ ու հոգեհարազատ․ ինձ թվում էր՝ իմ գյուղում եմ։ Շատ հետաքրքիր էին բակերը, քայլում էինք ու հասկանում, որ սա հայի տուն է։   



Միեւնույն ժամանակ, ես չեմ ունեցել այնպիսի զգացողություն, որ սա իմ հողն է, իմ երկիրը։ Դա մի բան էր, որ ինձ հետաքրքիր էր, զգում էի՝ ինչ-որ առումով կապվում է մեզ հետ, ու առանձնապես ինձ օտար չեմ զգում։ Բայց ես երբեք չեմ կորցրել այն զգացողությունը, որ իմ տունը Հայաստանն է, Երեւանը, Ոսկեվազը։ Ես նույնիսկ չեմ ընկալում, երբ մարդիկ ասում են, որ դա իմ երկիրն է։ Դա անցյալում մնացած մի բան է, որ կապ ունի մեզ հետ, որովհետեւ մենք անընդհատ այդ նարատիվներն ունենք մեր մեջ։ Ինձ հենց այդ ներկան էր հետաքրքիր, զգում ես՝ տաք է այդտեղ, ինչ-որ բան կա, որ տրոփում է անընդհատ։ Մեր էրգիրն այսօր ինչքանո՞վ մեզ հետ կապ ունի, երբ տեսնում ես, որ այնտեղ արդեն ներկա է կառուցվել, ու ներկա ժամանակում ապրող մարդիկ կան։ Մտածում ես՝ ինչքանո՞վ է ռեալ այդ ամբողջը լցնել մեր մեջ ու հետո բախվել մի ուրիշ իրականության հետ։



Փոփոխությունների համար քաղաքական կամք պետք է լինի երկուստեք, Թուրքիայի իշխանությունը պետք է կարողանա պատրաստել իր բազմաշերտ հասարակությանը՝ ներողություն խնդրելու, որովհետեւ մարդու համար շատ բարդ է ընդունել, որ իր նախնին ոճրագործություն է արել։ Պետք է այս կողմից էլ պատրաստել մարդուն, որ այդ ներողությունը հնարավոր է ընդունել։ Մյուս կողմից էլ մտածում ես՝ բայց ո՞վ ենք մենք, որ այդ ներողությունն ընդունենք, որովհետեւ այդ հարվածը ես չեմ կրել իմ մարմնի վրա։ Շատ էքզիստենցիալ հարցերի ես բախվում ու երբ հասնում ես այդ սահմանին, իրոք դառնում ես ամենաազգայնականը, որովհետեւ դա ներսիդ ամենամարդուն է կպնում, բայց երբ դրանից վերացարկվում ես ու սկսում ես մտածել օրենքի, պետության տեսանկյունից, տեսնում ես, որ հնարավոր է։      



Հետո՝ ո՞վ ասաց, որ սահմանը փակ է, ամեն շաբաթ թռիչք կա Ստամբուլ, առեւտրականներն ավտոբուսներով գնում-գալիս են, այսինքն՝ հարեւանություն, թեկուզ ոչ պաշտոնապես, բայց կա։



Ստամբուլն իմ կյանքում կարեւոր կանգառ էր։ Դա մի տարածություն է, որտեղ անընդհատ զգացողությունների բումի մեջ ես, որը կարոտում եմ ու կուզենամ վերադառնալ։



**Սոնա Մնացականյան՝ գրականագետ**



**Հրապարակ մշակութային հավելված**