Հարեւաններ․ Հայկական երգերի թուրք ուսուցիչը (Մաս 1-ին)

Հարեւաններ․ Հայկական երգերի թուրք ուսուցիչը (Մաս 1-ին)
Ինձ ասում էին` գժվե՞լ ես, դու ի՞նչ կապ ունես այդ հայերի հետ, ի՞նչ ես անելու այնտեղ, բայց ես կարծում էի` որպեսզի հասկանամ իմ մշակույթը, երաժշտությունը, պետք է հայացք ուղղեմ հայկական երաժշտության վրա։



Հայաստան գալուս համար պատճառ եղավ ոչ միայն Սիրվարդ Կարամանուկը, այլեւ բոլոր այն արեւմտահայ կոմպոզիտորները, ովքեր ստեղծագործել են օսմանյան ժամանակաշրջանում՝ մոտ 40 հզոր կոմպոզիտոր։



Մի օր ընկերներիցս մեկը Սիրվարդ Կարամանուկի մանկական գրքերից մեկն ինձ նվիրեց։ Կարամանուկը պոլսահայ կոմպոզիտոր է՝ միակ կին արեւմտահայ կոմպոզիտորը, ինչն ինքնին արդեն ունիկալ էր ինձ համար։ Ես ցանկացա մի նախագիծ անել, բայց Թուրքիայում ոչ ոք հետաքրքրված չէր դրանով, ուստի որոշեցի նրա երաժշտությունը բերել Հայաստան եւ նվագել երեխաների հետ միասին։ Ուզում էի ցույց տալ, որ թուրքն էլ կարող է այդ երաժշտությունը գնահատել, պահպանել եւ իրենը համարել։



Արեւմտահայ կոմպոզիտորների երաժշտության մեջ, ովքեր ստեղծագործել են օսմանյան ոճով, ինչ-որ գաղտնի բան կա, բոլոր այդ կոմպոզիտորները հաճախել են եկեղեցական երգչախմբեր եւ ուսումնասիրել են թուրքական երաժշտությունը։ Բայց հիմնական բանը, որ երաժշտությունից բացի տպավորել է ինձ, այն է, որ բոլոր այդ կոմպոզիտորներն ունեցել են մտերիմ թուրք ընկերներ։ Երբ, օրինակ, մենք խոսում ենք ամենահայտնի կոմպոզիտորներից մեկի՝ Թաթեոս Էնսկսերջյանի մասին, պետք է նաեւ հաշվի առնենք նրա ընկերությունը Թամբուր Ջեմիլ Էֆենդիի հետ, որը թուրք հայտնի կոմպոզիտորներից մեկն է։ Նրանք ապրել եւ ստեղծագործել են նույն ժամանակաշրջանում, նույն երաժշտությունն են ստեղծել, իսկ ամենատպավորիչ բանը նրանց ընկերությունն է՝ նրանք միասին ստեծագործել են, նվագել։ Ես մտածում եմ՝ եթե մենք առաջ աշխատել, ստեղծել ենք միասին, ինչո՞ւ չենք կարող հիմա նույնն անել։



Հայաստանում մարդիկ այդքան էլ ծանոթ ու հետաքրքրված չեն այդ երաժշտությամբ, քանի որ այն համարվում է թուրքական երաժշտություն, բայց իմ նպատակն այն չէր, որ այդ երաժշտությունը նվագեի բնօրինակով, մենք կարող ենք դա ներկայացնել նոր մոտեցմամբ՝ նոր հաղորդակցություն ստեղծելով։ Ամենակարեւորն այն է, որ այս կոմպոզիտորներին չպետք է մոռացության մատնել։



Այստեղ շատ դժվարություններ եմ ունեցել՝ գտնելու մարդկանց, ովքեր իմ հետ կնվագեն, քանի որ չունեմ պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն, եւ նրանք չէին վճարվելու դրա դիմաց։ Այդ առումով երեւի թե շատ ռոմանտիկ էի։ Չէի ուզում նաեւ վճարվեին, քանի որ ուզում էի մյուսներն էլ այնքան գնահատեն ու ոգեւորված լինեն, ինչքան որ ես։ Դա տեղի չունեցավ, բայց երկար ջանքերից հետո գտա 2 երաժիշտ, որոնց հետ կարողացա մի ստեղծագործություն նվագել։



Ժողովրդական երաժշտությունը երկու երկրներում էլ նույնն է, ոմանք դա համարում են հայկական, ոմանք՝ թուրքական կամ քրդական, բայց դա անատոլիական երաժշտություն է։ Ես երաժշտությունը չեմ նույնականացնում ազգության հետ, այլ՝ մշակույթի եւ պատմության, քանի որ, ապրելով Անատոլիայում, ոմանք նույն երգը երգում էին քրդերեն, ոմանք էլ՝ հայերեն։ Մենք շատ բան չենք սովորի, եթե սկսենք նկարագրել, թե ովքեր են այս կամ այն երգը երգում, մենք շատ բան ձեռք կբերենք, եթե այդ երգերն սկսենք միասին երգել։



Ես աշխատել եմ հիմնականում այն մարդկանց հետ, ովքեր թուրքերին ատում են, բայց մենք միասին աշխատել ենք, քանի որ նրանք գնահատում են այն, ինչ ես անում եմ, դա շատ մեծ փոփոխություններ չի բերում, բայց ցույց է տալիս, որ ոչ թե ազգությունն է կարեւորը, այլ՝ գաղափարախոսությունը, որը կարելի է գտնել ամենուր՝ Հայաստանում, Թուրքիայում, Եվրոպայում։



Հիշում եմ՝ երբ դպրոցի ուսուցիչն ինձ ներկայացրեց երեխաներին, ասելով՝ սա Դուրու Օրսն է՝ Թուրքիայից, երեխաների աչքերը կլորացան, ու նրանք զարմացած սկսեցին կրկնել՝ թո՞ւրք։ Նրանք քաղցր էին ու խոժոռ հայացքներով։ Հետո ուսուցիչը փորձեց մեղմել ու ասել, որ թուրքահայ եմ, բայց ես վերջում ասացի՝ ո՛չ հայ եմ, ո՛չ էլ մաքուր թուրք։ Պատմեցի, որ իրենց համար երգեր եմ բերել, որոնք իրենց քույրերն ու եղբայրները Ստամբուլում երգում են, եւ առաջարկեցի միասին երգել, ինչը նրանց բավականին դուր եկավ։



Ինձ այստեղ ոչ միայն հարցնում են ցեղասպանության մասին, այլեւ մեղադրում, որ իմ նախնիները սպանել են իրենց նախնիներին։ Հաճախ ինձ դիտում են որպես թուրքական կառավարություն, բայց մենք ինքներս էլ Թուրքիայում տառապել եւ տառապում ենք, որովհետեւ չկա դեմոկրատիա։ Տառապել են ոչ միայն հայերը, այլ նաեւ ուրիշ ազգային փոքրամասնություններ։ Ինձ համար շատ ծանր էր այդ հանգամանքը, որ ինձ անընդհատ դիտարկում են իբրեւ թուրքական կառավարություն, բայց մյուս կողմից էլ հասկանում եմ մարդկանց հոգեբանությունը, որովհետեւ տարիներ շարունակ մարդիկ չեն հանդիպել պատասխանատու մեկին, ում հետ կկարողանան կիսվել այդ ամենով։ Ինձ համար կարեւոր է, երբ ինչ-որ մեկն ինձ ասում է՝ ես ատում եմ քեզ, ի պատասխան ասվի՝ ես սիրում եմ քեզ։ Դա կարեւոր է երկուսի համար էլ, որովհետեւ բոլոր նման խոսակցությունների վերջում հասկանում ենք, որ խնդիրը ոչ թե այն է, որ ինքն ատում է ինձ, այլ որ դրա մասին խոսելու կարիք կա։



Ես զորավոր մարդ չեմ եւ ոչ էլ ունեմ զորավոր գործիքներ՝ այդ պատը կոտրելու համար, բայց ինձ հաջողվել է ճաք թողնել պատի վրա․ հիմնական գաղափարը հենց դա է, քանի որ մարդկանց համար հեշտ չէ, դա նրանց համար ինտիմ զգացողություններ են։



14 տարի առաջ Արգենտինայում թուրք երաժիշտներով համերգ էինք նախաձեռնել։ Օրը զուգադիպել էր ապրիլի 23-ին, այդ ժամանակ հայ համայնքը ցույց արեց եւ ցրեց համերգը։ Տարիներ հետո հանդիպեցի այն աղջկան, ով կազմակերպել էր այդ ցույցը, սկսեցինք ընկերություն անել, խոսել, քննարկել այդ դեպքը։ Ես ուզում էի այդ աղջկա հետ մի տեսանյութ նկարել, քանի որ հնարավորություն ունեինք մարդկանց հետ կիսելու այդ պատմությունը։ Այդ աղջիկը, սակայն, չհամաձայնեց, ու դա ինձ համար մեծ հիասթափություն էր։ Երբ 14 տարի առաջ իմ դեմ ցույց արեցին ու ցրեցին համերգը, դա իմ համար զվարճալի էր, բայց երբ 14 տարի հետո հանդիպեցի այդ մարդուն, ու նա չցանկացավ տեսախցիկի առաջ դրա մասին խոսել, նոր այդ պահին հասկացա, որ այն ժամանակ արվածն իսկապես ցույց էր իմ դեմ։ Ես ինձ վիրավորված էի զգում, որովհետեւ այսքան տարի հետո եկել էի Հայաստան՝ աշխատելու հայ երեխաների հետ։ Մեզ պետք են քաջ եւ ազնիվ մարդիկ երկու կողմից էլ, որպեսզի փոփոխություններ բերեն։



**Դուրու Օրս՝ երաժիշտ**



**Հրապարակ մշակութային հավելված**