Պարտքս եմ համարում օլիմպիադայից հետո վերադառնալ ու մեկնել ծառայության

Պարտքս եմ համարում օլիմպիադայից հետո վերադառնալ ու մեկնել ծառայության
Փհենչյան 2018 սկանդալից հետո, երբ հայ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանն օլիմպիադայում մնաց առանց դահուկների, ՀՀ դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանին հանձնարարվեց լուծարել լեռնադահուկային հավաքական թիմը՝ մարզիչները և մարզիկները:



Շուրջ 4 ամիս է անցել հավաքականի լուծարումից, նոր հավաքական դեռևս չի կազմավորվել։ Թիմի 3 մարզիկները մարզվում են անհատական գրաֆիկով; Մեր տեղեկություններով օլիմպիադայի մասնակից Աշոտ Կարապետյանը շարունակում է մարզվել Ծաղկաձորի մարզադպրոցում, Հարություն Հարությունյանի մարզավիճակով զբաղվում է հայրը՝ հավաքականի նախկին մարզիչ Սեյրան Հարությունյանը, իսկ ահա թիմի 3-րդ անդամը՝ Վազգեն Առաքելյանը, մոտ 2 ամիս է՝ սեփական միջոցներով մեկնել է ԱՄՆ՝ այնտեղ մարզվելու նպատակով։



**Hraparak.am**-ին հաջողվեց կապ հաստատել եւ զրուցել Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում գտնվող մեր մարզիկի հետ:



**-Վազգե՛ն, ինչո՞ւ մեկնեցիր Հայաստանից, նոր հավաքականի հետ կապված հույսերը չքացա՞ն։**



Ոչ այնքան։ Ես ընդունվել եւ սովորում էի ԵՊՀ միջազգային հարաբերություն բաժնում: ՀՀ առաջնությանը մասնակցելուց հետո, որտեղ առաջին տեղը զբաղեցրեցի, մեկնեցի ԱՄՆ՝ մեր նախկին օլիմպիական Արսեն Հարությունյանի մոտ՝ մարզվելու։ Մեկ ամսից վերադարձա եւ պարզվեց՝ առանց որևէ զգուշացման, պատճառաբանելով անհարկի բացակայությունները, ինձ հեռացրել էին բուհից։ Շատ հիասթափվեցի, եւ հորս խնդրեցի ինձ կրկին ուղարկել ԱՄՆ, որպեսզի գոնե սպորտային կարիերաս զարգացնեմ եւ երկրիս օգտակար լինեմ։ Այստեղ գալուս հիմնական նպատակը այն է, որ 4 տարի պարապելու ժամանակ ունենամ, որպեսզի մասնակցեմ եկող օլիմպիական խաղերին։ Այստեղ մնալու հիմնական մտադրություն չունեմ։ Օլիմպիադային մասնակցելուց հետո, եթե հաջողվի, պարտքս եմ համարում վերադառնալ ու մեկնել ծառայության։



**-Ասացիր, որ ՀՀ առաջնությունում առաջին տեղն էիր գրավել, ինչո՞ւ Փհենչյան 2018 դու չմեկնեցիր։**



Օլիմպիադային մասնակցելու համար որոշիչ էր 2018 թ-ի հունվարին Պարսկաստանում տեղի ունեցած մրցումները ։ Մեր հավաքականը նույնպես մեկնեց։ Մեկնելուց մեկ օր առաջ ես մարզումների ընթացքում վնասվածք ստացա եւ չկարողացա մրցմանը մասնակցել, իսկ օլիմպիադայի ուղեգիրը նվաճեց իմ ընկերը՝ Աշոտ Կարապետյանը։ Այդ մրցումներից 10 օր հետո է միայն Հայաստանի առաջնությունը կայացել, ու ես զբաղեցրեցի առաջին տեղը։ Այդ ժամանակ՝ մինչև հունվարի 21-ը, արդեն որոշվել էր, թե ով պետք է մեկնի օլիմպիադա, իսկ ՀՀ առաջնությունը կայացավ ավելի ուշ՝ փետրվարի մեկին։



**-Փհենչյան 2018-ի սկանդալը քեզ չհիասթափեցրե՞ց։**



Եղավ այն, ինչ եղավ ։ Սպորտը հիասթափություն չի սիրում, ես ամեն դեպքում հպարտանում եմ Աշոտի արդյունքով, ինքս գուցե շատ ավելի ցածր արդյունք ունենայի, քանի որ տարիքով նույնպես փոքր էի։



**-Մի փոքր պատմիր քո սպորտային կարիերայից, երբ սկսեցի՞ր, ինչպե՞ս․․․․**



Սպորտով զբաղվել եմ 4 տարեկանից։ Առաջին մարզիչս հայրս է եղել։ Նա նույնպես լեռնադահուկորդ է։ 2011թ-ից գրեթե ամեն տարի պարբերաբար մրցումների եւ պարապմունքների եմ մեկնել Եվրոպա ։ 2012-ից 2016-ը բաց չեմ թողել Իտալիայում անցկացվող մանկական առաջնությունները։ Սկզբում զբաղեցրել եմ 50, 48, 40 տեղերը՝ հասնելով մինչև 23-րդ հորիզոնական, որը Հայաստանի լավագույն արդյունքն էր։ 2017-ին Շվեյցարիայում մասնակցեցի մեծահասակների աշխարհի առաջնությանը՝ զբաղեցնելով 52-րդ տեղը։ Գուցե ավելի բարձր արդյունք ունենայի, եթե մարզումներս պարբերաբար լինեին, այդ ընթացքում համարյա չէի մարզվում, քանի որ զբաղված էի համալսարանական քննություններով։



**-Գո՞հ ես այդտեղի մարզումներից։**



Իհարկե ։ Ցավում եմ, բայց Հայաստանում ինչքան էլ մարզվում ես, նույնիսկ լավագույն 3 տասնյակը չես կարողանում ընդգրկվել, իսկ այստեղ մարզվողները օլիմպիական չեմպիոններ են։



**-Չե՞ս ափսոսում, որ հեղափոխության օրերին հայրենիքում չէիր։**



Այն էլ ինչքան։ Ես հենց մեկնեցի, այդ շարժումը սկսվեց։ Ընկերներիս հետ կապի մեջ էի, բոլորը ցույց էին անում, լայֆերով հետևում էի, բայց այստեղ էլ ես առիթ ունեցա մասնակցելու, երբ Գլենդելի հայությունը ոտքի ելավ, ես իրենց հետ էի։



**-Սպորտով զբաղվելուց բացի այլ մասնագիտություն ձեռք բերելու մտադրություն չունես։**



Համալսարանից դուրս մնալուց հետո դեռ չեմ կողմնորոշվել, բայց անպայման մտադրվել եմ բարձրագույն կրթություն ձեռք բերել, այստեղ արդեն ընդունվել եմ Գարֆիլդի քոլեջը, որից հետո կշարունակեմ ուսանել Գլենդելի քոլեջում:



**Արևիկ Հակոբյան**