Երբ «ՀԻՄԱ»-ն դարձավ հետո

Երբ «ՀԻՄԱ»-ն դարձավ հետո
Երբ սկսվեց ապրիլյան հեղափոխությունը եւ հասավ իր հանգուցալուծմանը՝ իշխանափոխությանը, քաղաքագիտական, լրագրողական շրջանակներում սկսեցին համեմատություններ անցկացնել նախորդ շարժումների հետ, հարց առաջադրել, թե ինչո՞ւ, նախկին շարժումները ձախողվել են հերթական անգամ պայքարի դուրս եկած հանրությանը դատապարտելով հուսահատության եւ արտագաղթի, իսկ Նիկոլ Փաշինյանը կարողացավ տեր կանգնել իր խոստմանը եւ հավատարիմ մնալով իր հռչակած կարգախոսներին՝ հասնել հաղթանակի։



Ոմանք հաղթանակի հասնելու մեջ տեսան Հայաստանի համար աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակ, գերտերությունների շահերի համընկնում, ոմանք դա պայմանավորեցին իշխող համակարգի սպառվածությամբ եւ որոշումներ կայացնելու անադեկվատությամբ։ Կար տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանն ինքն անցել է պայքարի բովով, եղել քաղբանտարկյալ, սովորել է ինչպես սեփական, այնպես էլ այլոց սխալների վրա եւ կարողացել մշակել ճիշտ մարտավարություն, ինչն էլ հաջողության երաշխիք է։ Նաեւ՝ Նիկոլ Փաշինյանը կարողացավ ոչ թե ատելության, բացասական խոսքի ու կոչերի շուրջ համախմբել հանրությանը, այլ սիրո եւ համերաշխության։ Չվրիպեց նաեւ մի շատ էական բաղադրիչ՝ նոր, երիտասարդ, նախկինում պաշտոններ չզբաղեցրած եւ չվարկաբեկված մարդկանց առաջնորդությունը։ Իշխանությունների դեմ պայքարում, գաղտնիք չէ, որ երիտասարդները միշտ են եղել ներգրավված։ Սակայն նրանք, որպես կանոն, եղել են երրորդական-չորրորդական դերերում։



Ընդդիմության հանրահավաքներին շտապող հանրությունը Մատենադարանի կամ Ազատության հրապարակի հարթակներում տեսել է նախկին ձախողված պաշտոնյաների, որոնք, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ անձնական տարաձայնություններից հետո են դարձել ընդդիմադիր, իսկ մինչ այդ նրանց ապօրինությունների դեմ երբեւէ չեն ընդվզել։ Ապրիլյան հեղափոխության ժամանակ հանրությունը տեսավ նոր մարդկանց, լսեց բոլորովին այլ ուղերձներ։ Երբ հաճախ նշվում է, որ նոր կառավարության անդամների մեծ մասը մինչ այդ հայտնի մարդիկ չէին, նրանց գործունեությանը հանրությունը ծանոթ չէր, դա ինչ-որ առումով սուբյեկտիվ ընկալում է։ Ինչպե՞ս կարող էր հանրությունը ծանոթ լինել նրանց գործունեությանը, երբ հենց քաղաքական վերնախավը նրանց թողել էր ստվերում։ Ծանոթանալով նորանշանակ պաշտոնյաների կենսագրությանը՝ դժվար չէ նկատել, որ նրանցից ոմանք նախկինում էլ ներգրավված են եղել տարբեր շարժումների մեջ։



Օրինակ՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ինչպես նաեւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման վարչության նախագահ Նարեկ Բաբայանը 2008թ․ մարտի 1-ից հետո եղել են «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության հիմնադիրները (չմոռանանք, որ «ՀԻՄԱ»-ն որպես կարգախոս ծնվեց 2008թ․ փետրվարյան հանրահավաքների օրերին, շատերն անգամ այդ կարգախոսով կրծքանշաններ էին կրում)։ Արայիկ Հարությունյանը հիմնադրել է նաեւ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնությունը, եղել է «Բանակն իրականում» խմբի անդամ։ Հետագայում նրանք անդամակցեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։



Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը եւս եղել է 2008թ․ քաղաքացիական ակտիվությամբ աչքի ընկնող Լիբերալ կուսակցության անդամ, 2012թ․ ՀԱԿ-ի համամասնական ցուցակով մասնակցել է ԱԺ ընտրություններին։ Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը եւս 2008թ․ շարժման ակտիվ մասնակիցներից էր։ Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը 2008թ․ քաղաքացիական ակտիվիստ էր։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ իր ընդդիմադիր գործունեության ընթացքում, որպես իրավապաշտպան, պայքարել է ընտրակեղծիքների դեմ, Սահմանադրական դատարանում եղել է ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածուի ներկայացուցիչը, հայցեր է ներկայացրել նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հնարավոր չէ, իհարկե, մեկ առ մեկ հիշել նրանց բոլորին, գործունեության բոլոր դրվագները, սակայն փաստ է, որ այդ մարդիկ «ծնվել» են շարժումներից, անցել փողոցային պայքարի բովով եւ հասել կառավարություն։



**Թագուհի Հակոբյան**