Կոռուպցիայի դեմ պայքարով ԱԱԾ-ն չէ, որ պետք է զբաղվի․ Սոս Գիմիշյան

Կոռուպցիայի դեմ պայքարով ԱԱԾ-ն չէ, որ պետք է զբաղվի․ Սոս Գիմիշյան
«Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, հետեւելով կառավարության մեկամսյա գործունեությանը, կարծում է, որ նա դեռ չի անցել լուրջ աշխատանքի։ Նրա կարծիքով՝ դեռ ժամանակ է պետք գնահատականներ տալու համար։ Սոս Գիմիշյանը դրական է գնահատում, որ կոռուպցիայի դեմ պայքար է ծավալվում, բայց դրանով, ըստ նրա, պետք է զբաղվի ոչ թե ԱԱԾ-ն, այլ դատախազությունն ու ոստիկանությունը։ «ԱԱԾ-ն պետք է ոչ թե մտնի այդ ոլորտ, այլ զբաղվի երկրի անվտանգության խնդիրներով»,- նշեց Սոս Գիմիշյանը։



Մեր զրուցակիցը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում պետք է բոլորի նկատմամբ ցուցաբերվի միատեսակ մոտեցում, չպետք է լինի այնպես, որ որոշ մարդկանց պատժեն, որոշ մարդկանց՝ ոչ, պետք է գործի արդարության, հավասարության սկզբունքը։ Սոս Գիմիշյանը կոպիտ սխալ է համարում արեւմտյան արժեքներին տեղ տալը։ «Կան դրվագներ նորանշանակ պաշտոնյաների պահվածքից, որոնք ցանկալի չեն, չէի ուզենա, որ նրանք այդ կերպ ներկայանային հասարակությանը։ Մեծ մասն անփորձ երիտասարդներ են, լավ կլիներ, որ լինեին բանիմաց եւ պատկերացնեին այն ոլորտները, որտեղ աշխատում են»,- ասաց մեր զրուցակիցը։



Հարցին, թե հավատո՞ւմ է, որ կբացահայտվի Մարտի 1-ի ոճրագործությունը, կպատժվե՞ն հանցագործները, Սոս Գիմիշյանն արձագանքեց․ «Ես կասկածում եմ, որ կբացահայտվի։ Դա վերաբերում է ոչ միայն Մարտի 1-ի ոճրագործությանը, այլեւ՝ Հոկտեմբերի 27-ին։ Դրանք զուտ հանցագործություն չեն։ Երկուսն էլ ունեն քաղաքական բնույթ, եւ այդ երկու հանցագործություններում շատ տարբեր ուժեր եւ մարդիկ են ներգրավված, որոնք դժվար թե ենթարկվեն պատասխանատվության։ Սոս Գիմիշյանը նկատում է, որ կոռուպցիայի համար պատասխանատվության ենթարկելիս չպետք է ընտրովի վերաբերմունք ցուցաբերել։



«Ես հասկանում եմ, որ ելնում են քաղաքական կոնյունկտուրայից, քանի որ որոշ քաղաքական ուժեր միացել են նոր իշխանություններին, եւ դժվար է զերծ մնալ ընտրովի վերաբերմունքից։ Բայց այս կառավարությունը ժամանակավոր է, պետք է լինեն ԱԺ նոր ընտրություններ, վերականգնվի արդարությունը, ձեւավորվի նոր կառավարություն։ Եթե Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ԱԺ-ի կողմից նորից ընտրվի վարչապետ, ապա կարծում եմ, որ կադրային հարցերը ավելի հստակ կլուծվեն»,- նշեց Սոս Գիմիշյանը։