ՀՀ-ԵՄ հարաբերությունների երկկո՞ղմ ձևաչափ, թե՞ բազմակողմ

ՀՀ-ԵՄ հարաբերությունների երկկո՞ղմ ձևաչափ, թե՞ բազմակողմ
Հունիսի 14-ին Հայաստանում Գերմանիայի դեսպան Ն. Գ. Մաթիաս Քիսլերը ելույթ է ունեցել մի սեմինարում, որտեղ արտասանված նրա խոսքը ճիշտ չէր մեջբերվել լրատվամիջոցներում՝ թարգմանական անճշտության արդյունքում։ Դեսպանատունը նույն օրն ավելի ուշ տարածեց մամլո հաղորդագրություն, որում, ըստ էության, ասվում էր, որ ՀՀ նոր կառավարության ծրագրում Եվրամիության հետ հարաբերություններին ավելի առաջնահերթ տեղ է տրված, քան նախորդ կառավարությունների ծրագրերում էր:



Երեկ մենք գրավոր հարցում ուղարկեցինք դեսպանատուն.



«Մեծարգո պրն դեսպան, թույլ տվեք Ձեզ անհանգստացնել՝ խնդրելով Ձեր մեկնաբանությունը փոքր-ինչ տարօրինակ իրավիճակի շուրջ։ Ինչպես վստահաբար տեղյակ եք, երեկ դեսպանատունը կարճ մամլո հաղորդագրություն էր տարածել՝ հերքելով ավելի վաղ շրջանառված մի տեղեկատվություն եւ Ձեր խոսքից կատարված սխալ մի մեջբերում, որ հնչել էր սեմինարի ընթացքում: Համաձայն դեսպանության մամլո հաղորդագրության՝ լրատվամիջոցները, այդ թվում՝ «Հրապարակը», տպագրել են սեմինարում Ձեր հնչեցրած խոսքին բովանդակորեն ներհակ մեջբերում:



Մեր խմբագիրն օրաթերթի երեկվա համարում պարզաբանել էր, որ տվյալ սեմինարում մենք թղթակից չենք ունեցել եւ Ձեր խոսքից մեջբերումը վերցրել ենք Tert.am-ի հրապարակած լուրից: Սակայն դա էական չէ, որովհետեւ եթե Ձեր խոսքն անգլերենից հայերեն ճիշտ չի թարգմանվում, ապա հազիվ թե սեմինարին մասնակցող թղթակիցն այնպիսի անգլերենի տիրապետեր, որ թարգմանության սխալները նկատեր: Մի կողմ թողնելով այս նախնական պատմությունը՝ ես երկյուղում եմ, որ դեսպանության երեկվա մամլո հաղորդագրությունը մեկ այլ, ավելի մեծ խնդիր է ստեղծել: Համաձայն դեսպանատան՝ Դուք սեմինարում ասել եք հետեւյալը.



«2017թ. կառավարության ծրագրում Եվրամիությունը թվարկվում էր որպես վերջիններից մեկն այն պետությունների եւ կազմակերպությունների շարքում, որոնց հետ կառավարությունը համագործակցում է: Նոր կառավարության ծրագրում արդեն Եվրամիությունը թվարկվում է առաջին շարքերում՝ անմիջապես Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից հետո»: Այնուհետեւ դեսպան Քիսլերը շեշտված գնահատանքով խոսել է այն մասին, որ Եվրամիության հետ համագործակցությունը Հայաստանի նոր կառավարության համար առանձնակի կարեւորություն ունի:



Ներողություն եմ խնդրում, բայց այս գրավոր պարբերությունը լիովին հակասում է ճշմարտությանը եւ իրականությանը: Ստորեւ մեջբերում է ՀՀ կառավարության 2017թ. ծրագրից, որը հասանելի է կառավարության պաշտոնական կայքում: Ծրագրի երկրորդ բաժնում «Արտաքին քաղաքականություն եւ պաշտպանություն» վերնագրի ներքո (հայերեն՝ էջ 35, անգլերեն՝ էջ 37) կարդում ենք․



- Երկկողմ հարաբերություններում՝



• Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության եւ ռազմավարական հարաբերությունների առավել խորացմանն ու ընդլայնմանը,



• Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության ամրապնդմանը,



• եվրոպական երկրների հետ երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը,



• անմիջական հարեւանների` Վրաստանի եւ Իրանի հետ բարիդրացիական եւ փոխշահավետ հարաբերությունների խորացմանը,



• փոխշահավետ համագործակցության ուղղությամբ իրական քայլեր ձեռնարկող ԱՊՀ մասնակից պետությունների հետ հարաբերությունների խորացմանը։



Այնուհետ 2017-ի ծրագրի հաջորդ էջում ամրագրված է.



- Բազմակողմ ձեւաչափերում՝



• Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ակտիվ մասնակցությանը,



• ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության շարունակական խորացմանը,



• Եվրոպական միության հետ համապարփակ գործընկերության ընդլայնմանը,



• ԱՊՀ շրջանակներում համագործակցությանն ակտիվ մասնակցությանը,



• ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում առավել ակտիվ ներգրավվածության եւ ՀՀ շահերի պաշտպանությանը։



Պրն դեսպան, ինչպես տեսնում եք, թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարաբերությունների ձեւաչափերում ԵՄ երկրները եւ Եվրամիությունը թվարկված են երրորդը․ Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից անմիջապես հետո` մի դեպքում, եւ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից հետո` երկրորդ դեպքում: Մինչդեռ դեսպանատան երեկվա մամլո հաղորդագրությունում ասված էր. «2017թ. կառավարության ծրագրում Եվրամիությունը թվարկվում էր որպես վերջիններից մեկն այն պետությունների եւ կազմակերպությունների շարքում, որոնց հետ կառավարությունը համագործակցում է: Նոր կառավարության ծրագրում արդեն Եվրամիությունը թվարկվում է առաջին շարքերում՝ անմիջապես Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից հետո»:



Ձեզ խնդրում եմ բացատրեք այս տարօրինակ իրավիճակը, երբ դեսպանատունը, իբրեւ Ձեր խոսքից մեջբերում, տարածել է կատարելապես ոչ ճիշտ տեղեկատվություն»:



Հետգրությամբ նաեւ նկատել էինք, որ, ի հակադրություն 2017-ի ծրագրի, Փաշինյանի կառավարության ծրագրում Եվրամիության եւ ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունները միավորված են արտաքին քաղաքականության ոլորտում կառավարության առաջնահերթությունների 6-րդ կետի ներքո: Այնուհետ ինչ-որ պատճառով ԵՄ-ն բացարձակապես դուրս է թողնված Հայաստանի բազմակողմ հարաբերությունների ձեւաչափերի թվարկումից:



Դեսպանատան պատասխանը, դեսպան Քիսլերի անունից, ինձ փոխանցվեց իմ գրությունը Գերմանիայի դեսպանատուն ուղարկելուց անմիջապես հետո: Դեսպան Քիսլերը նախօրեի մամլո հաղորդագրությամբ բարձրաձայնված իր դիրքորոշումը բացատրում է հետեւյալ կերպ: Ըստ դեսպանի՝ Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից հետո ոչ թե ԵՄ անդամ երկրները, այլ Եվրամիությունն իբրեւ կառույց նշելն ավելի ճիշտ մոտեցում է (թեկուզ զուտ տեսողական առումով՝ Եվրամիությունը, իբրեւ միավոր, այդպիսով ավելի առջեւում է երեւում):



Այնուհետեւ, ըստ դեսպանի, այնքան էլ ճիշտ չէ Եվրամիությունը բազմակողմ հարաբերությունների ձեւաչափում հիշատակելը: Եվ երրորդ` նոր կառավարության ծրագրում առաջընթաց է ԵՄ-ի հետ հարաբերություններում որոշակի նպատակներ ամրագրելը, տվյալ դեպքում CEPA-ի (ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի) կիրարկման եւ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու մասին:



Դեսպանին, անշուշտ, շնորհակալ եմ իմ խնդրանքին արագ արձագանքելու եւ տրամադրված մեկնաբանության համար, բայց, ցավոք, այն քիչ համոզիչ է: Եթե, ըստ պրն դեսպանի, ԵՄ-ի հետ հարաբերությունները բազմակողմ ձեւաչափում դիտարկելը ճիշտ չէ, ապա երկկողմ ձեւաչափում դիտարկելն էլ, ըստ էության, ճիշտ չէ, թեկուզ որովհետեւ ԵՄ անդամ երկրների, դիցուք՝ Ֆրանսիայի կամ Գերմանիայի եւ մյուս կողմից` Հունգարիայի հետ Հայաստանն ունի լիովին ներհակ հարաբերություններ:



Գալով ԵՄ-ի զուտ տեսողական ավելի առջեւում երեւալուն, դարձյալ համոզիչ չէ, որովհետեւ 2017-ի ծրագրում տարբեր գործընկերների հետ հարաբերությունները մեկ-երկուական տողով են թվարկված, իսկ նոր կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները թվարկված են տասը տողանոց պարբերություններով, եւ ԵՄ-ն թվարկման շարքում վեցերորդն է: Համոզիչ է, եւ դեսպանի հետ համաձայն ենք նրանում, որ ծրագրում որոշակի նպատակներ ամրագրելը դրական երեւույթ է, սակայն դա առաջընթաց կարող է որակվել, երբ նպատակների կենսագործման ուղղությամբ քայլեր կատարվեն` արդյունքի հասնելը դեռ մի կողմ թողած:



**Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ**