Կաթողիկոսի եղբայրը «քցել» է հայ գործարարին․ նա երկար լռելուց հետո որոշել է խոսել

Կաթողիկոսի եղբայրը «քցել» է հայ գործարարին․ նա երկար լռելուց հետո որոշել է խոսել
Անիավան համայնքի ղեկավար, քարհանքի նախկին տեր Մարտիրոս Միրոյանն արդեն 10 տարի է՝ ցավ ունի սրտում, որը չի ամոքվում։ Նրա շինարարական ընկերությունը՝ «Միրոյան տուֆ» անունով, աստիճանաբար սնանկացել է եւ 2014 թվականին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ լուծարվել։ Միրոյանը բաժանել է ձեռնարկության պարտքերը եւ, ի վերջո, աղքատացել, հոգեպես տանջվել, սրտի հիվանդություն ձեռք բերել, 8 անգամ վիրահատվել։



Քարհանքի սնանկացումը միայն Միրոյան Մարտիրոսի ցավը չէ։ Երեք գյուղերի բնակչության գործ է տվել, եւ հիմնարկի «փլուզումից» հետո այդ գյուղերը դատարկվել են։ «Փլուզումից հետո 550 հոգանոց գյուղից մնաց 150 մարդ»,- հիշում է Մարտիրոս Միրոյանը։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոսի եղբորը՝ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, որին Միրոյանը համարում է արտագաղթի պատասխանատու, նա այդպես էլ ասել է․ «Դուք Մարտիրոսին վնաս չեք բերել մենակ։ Դուք երեք գյուղի զրկել եք աշխատատեղից։ Մարտիրոսն անհատ է, նա կմահանա, երկրորդ տարին իր մասին կմտածեն, հետո կմարեն այդ մտքերը, բայց գյուղերը վերանում են, մարդիկ չեն մոռանալու դա»։



Միրոյանը խոստովանում է, որ 2008 թվականին, Տեր Եզրասից ստանալով Մոսկվայի հայոց եկեղեցու կառուցման պատվերը, զգացել է, որ ի վիճակի չի լինելու ապահովել քարի պահանջվող ծավալը, եւ փորձել է հրաժարվել դրանից։ Բայց կաթողիկոսի եղբայրը գործարարի հետ խոսել է շանտաժի լեզվով։ «Եթե չտաս քարը, քեզ կզանգի երկրի վարչապետը, եթե նրա զանգից հետո էլ չտաս, կզանգի կաթողիկոսը։ Ես էլ սկսեցի տալ»,- պատմում է նախկին հանքատերը։



Նա չի կարողացել կատարել Տեր Եզրասի պահանջը՝ մեկ տարում մատակարարել ամբողջ քարը։ «Մարդը բացարձակ ասում էր՝ ես քո հիմնարկը հիմնահատակ քանդելու եմ, դու ինձ քարը մեկ տարվա մեջ պիտի բերես։ Բայց եկեղեցին կառուցվեց 5 տարվա մեջ»,- վստահեցնում է Անիավանի համայնքապետը։



Հայաստանից Մոսկվա քար հասցնելը ո՛չ հեշտ էր, ո՛չ շահութաբեր։ Կաթողիկոսի եղբայրն առիթը բաց չէր թողնում «քցելու» նրան, բայց, որպես հայ քրիստոնյա, հանուն գաղափարի՝ Միրոյանը լուռ «մարտիրոսվում» էր։ «Իրենք իրենց աշխատանքը կատարեցին, տվեցին մեր պայմանագրով տված արժեքները, մյուսները չտվեցին։



Մի տարի, ասենք, 60 հազար դոլար էր պարտք մնացել։ Տարեվերջ էր, փողն ուզում էի, որ աշխատավարձ տայի։ Իրենց բառերն էնքան սրտաճմլիկ էին՝ հոգիս, խնդրում եմ, երկու ամիս հետաձգի գումարիդ ուզելը։ Ես էլ հետաձգեցի, ընկերներիցս գումարներ վերցրի, որ աշխատավարձ փակեմ։ Մտածեցի՝ երկու ամիս հետո կլինի, բայց երկու ամիս հետո «սվերկի» ժամանակ միանգամից հրաժարվեց 60 հազար դոլարից։ Սրան կասեմ, նրան կասեմ՝ էն կարգի ներվերս քայքայեց, որ ես ստորագրեցի, որ չեմ ուզում այդ գումարը, թեեւ ես դա արդեն ծախսել էի»։ Գործարարը նկարագրում է «քցելու» սխեմա, որը, ըստ նրա, ընդունված է կաթողիկոսական շրջանակում։ «Սկզբից տալիս են մեծ գումար կանխավճար, եւ դա քցելու նշան է արդեն։



Մենք պայմանավորվեցինք՝ 40 դոլար քարի արժեքը։ Ասեցին՝ բա, եղբայր, բեր ըսպես անենք, «ռաստամոժկի» ծախսերը Ռուսաստանի սահմանն անցնելիս շատ են լինում, բեր ստեղ քիչ գրենք գումարը, ես էն գումարն առանձին քեզ առձեռն կտամ։ 40 դոլարի փոխարեն գրեցին 15 դոլար, ու տենց էլ գումարը մնաց օդի մեջ։ Երբ որ մի հատ խոսակցության մեջ ասեցի՝ էս քարն էս գնով քեզ չեմ տա, Եզրասն ասեց՝ եթե վաղը մի պրոբլեմ ունենաք, ուրիշ տեղ ման չգաք։ Ամենավատն այն է, որ ինձ փոխանցեցին վագոնի ծախսերը մինչեւ Մոսկվա։ Ես, առանց շահ հետապնդելու, միանգամից փոխանցում էի տրանսպորտի կազմակերպությանը, քանի որ ես էի ուղարկում, իմ միջոցով էր անցնում։ Ստեղ էլ մոտ 70 հազար դոլարի չափով հարկային պարտավորություն առաջացավ, ես փաստացի չեմ հետապնդել շահույթ։ Ենթադրենք, ստացել եմ 10 հազար դոլար՝ վագոնով տեղափոխելու համար, ու այդ 10 հազարն էլ փոխանցել եմ տրանսպորտային կազմակերպությանը։ Ուղղակի իրենց խնդրանքով ես էի այդ գործողությունը կատարում՝ իրենց գործերը հարկայինում մաքուր պահելու համար, բայց տուժվեցի ես»,- իր կործանման պատմությունն է վերհիշում գործարարը։



Տեր Եզրասի հետ լեզու գտնելու եւ իր գումարները հետ ստանալու ակնկալիքով Մարտիրոս Միրոյանը փորձել է դիմել Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ին։



«Մտել էի վեհարան, սպասում էի Վեհափառի դուրս գալուն։ Պատկերացնելով, որ Ամենայն հայոց հայրապետն է դուրս գալու, ես ինչպես պետք է խոնարհվեմ ու աջը համբուրեմ, բայց երբ որ դուրս եկավ՝ մատներում պահած սիգարետը, երկու սարկավագ էլ մոխրամանն էին պտտեցնում, ես չհամբուրեցի։ Ուզում էի համբուրել, բայց վախեցա սիգարետն աչքս մտներ»,- պատմում է նա։ Այդ միջադեպի լուրը հասել է Մոսկվա՝ վեհափառ հայրապետի եղբորը, եւ մի անգամ, հերթական անգամ փողերն ուզելիս, Մարտիրոս Միրոյանն ասել է․ «Լավ, մենք «գրեշնիկ» ենք, մի տարում էդքան քար Հայաստանից չբերինք, դուք սրբեր եք, որոնք Աստծո կողմից ներկայացնում են էդ մեր հավատքը, դուք գոնե լինեիք ներողամիտ մեր սխալների հարցում»։



Եզրասը «պորտը տեղն է դրել»․ «Գնացիր վեհարան՝ կաթողիկոսի աջն էլ չհամբուրեցիր»։ Այս մանրամասները՝ «սրբերի» կյանքից, մեզ հազիվ թե հասնեին։ Մարտիրոսը դատարան չի դիմել, այն ժամանակ փողերը ետ չի ուզել՝ շարունակելով իր մեջ պահել ցավը։ Բայց ժամանակները փոխվել են։ «Երբեք չեմ խոսել էս թեմայով, դատարան չեմ մտել, էն ժամանակ ո՞վ ում կարող էր դատի տալ։ Հիմա արդեն փոխվել է իրավիճակը, կարող ես գոնե ազատ խոսել…»,- կիսվում է մեզ հետ շիրակցի գործարարը՝ խոստանալով պատասխան տալ ամեն բառի համար՝ նայել Եզրասի աչքերին ու ասել՝ դու շանտաժով ես ապրում։



ՀԳ․ Անիավանի համայնքապետից գանգատի մասին տեղեկացրինք Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանին։ Նա խորհուրդ տվեց պարզաբանում ստանալ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմից, որտեղից պատասխան ստանալը հեշտ բան չէ։ «Զարմանալի է։ Վեհափառը չի ծխում։ Ես նրան ծխելիս չեմ տեսել, առավել եւս՝ վեհարանում»,- միայն ասաց Տեր Վահրամ Մելիքյանը։



**Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ**