Որտեղ են ուսանել նորանշանակ պաշտոնյաները

Որտեղ են ուսանել նորանշանակ պաշտոնյաները
Արտերկրի հեղինակավոր բուհերում ուսանած լինելը կամ դասընթացների եւ ծրագրերի մասնակցելը վերջին տարիներին դարձան այն հիմնական չափանիշներից մեկը, որն անհրաժեշտ է մասնագիտական առաջխաղացման, հաջողության հասնելու համար։ Եվ պատահական չէ, որ շատերն են իրենց ինքնակենսագրության մեջ նշում, թե արտերկրում ինչ բուհեր են ավարտել, ինչ սեմինարների են մասնակցել, ինչ վկայականներ ու հավաստագրեր ունեն։



Այս հանգամանքն, ինչ խոսք, ստվեր է գցում մեր բուհական կրթության եւ համակարգի վրա, որովհետեւ շատերն են մտածում՝ եթե արտերկրում ուսանած լինելն է համարվելու պաշտոնեական առաջխաղացման չափանիշ, ապա ինչո՞ւ պետք է վճարովի ուսանեն հայաստանյան բուհերում։ Միգուցե մեր բուհերն այլեւս չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին, եւ նրանց կրթությունը մրցունակ չէ արտերկրի բուհերի տված կրթության հետ, եւ արժե վերանայել բուհերի ծրագրերն ու կրթության որակը։ Հուսանք, սա խորհելու առիթ կդառնա նոր կառավարության համար, որն այսօր էլ նախապատվություն է տալիս արտերկրում ուսանած կադրերին։ Ծանոթանալով կառավարության եւ նախարարությունների կայքերում տեղադրված տեղեկատվությանը՝ ներկայացնենք, թե նորանշանակ պաշտոնյաներից ով ինչ կրթություն է ստացել արտերկրում (հանուն ճշմարտության նշենք, որ նրանցից ոչ բոլորն են արտերկրում ուսանել)։



Նրանք նախ ուսանել են Հայաստանում, իսկ հետո մեկնել արտերկիր՝ ուսանելու տարբեր բուհերում։ Փոխվարչապետ **Տիգրան Ավինյանը** Հայաստանում ուսանելուց հետո 2014թ․ գերազանցությամբ ավարտել է Լոնդոնյան Քուին Մերի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։ ՀՀ բնապահպանության նախարար **Էրիկ Գրիգորյանը** սովորել է Հունաստանի Էգեյան համալսարանում, Դրեզդենի տեխնիկական համալսարանում, Հունաստանի ԱՏԵԻ եւ Արիստոտելի համալսարանում, ներգրավված է եղել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերում։ Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը ուսանել է Քեմբրիջի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, քաղաքագիտության դոկտոր է։ Նա ավարտել է նաեւ Լոնդոնի Դիվանագիտական ակադեմիան, Ուեսթմինսթրի համալսարանը, Մալթայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Նորանշանակ փոխնախարարը չի զլացել անգամ իր կենսագրության մեջ նշելու, թե ինչ թեզեր է պաշտպանել։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը սովորել է Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում։



Կրթության եւ գիտության նախարար **Արայիկ Հարությունյանը** ԵՊՀ-ն ավարտելուց հետո ուսանել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմացիների համար» ինստիտուտում, ավարտել է նաեւ ՌԴ գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան ստանալով գիտությունների թեկնածուի աստիճան։



Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ **Հովհաննես Հովհաննիսյանը** ԵՊՀ-ն ավարտելուց հետո վերապատրաստվել է ԱՄՆ Վանդերբիլթի համալսարանում, Գերմանիայի Տյուբինգենի համալսարանում, հետազոտական աշխատանք է կատարել Գերմանիայի Գյուրինգեն քաղաքի Մաքս Պլանկի անվան կրոնական եւ էթնիկ բազմազանության հետազոտական ինստիտուտում։ Կրթության եւ գիտության նախարարի մյուս տեղակալը՝ Արեւիկ Անափիոսյանը, ԵՊՀ-ն ավարտելուց հետո եղել է ասպիրանտ-հետազոտող Տարտուի համալսարանում, հետազոտող է եղել նաեւ Շվեյցարիայի ազգային գիտության հիմնադրամում, կրթաթոշակային ծրագրերի է մասնակցել արտերկրում։ 2014 թվականից նա Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրենն է։



Արտգործնախարարի երիտասարդ, նորանշանակ տեղակալ **Ռուբեն Ռուբինյանը** եւս ավարտել է ԵՊՀ-ն, իսկ այնուհետեւ ուսանել է Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL)՝ ատանալով «քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում։ Ռուբինյանը ուսանել է նաեւ Լեհաստանի Յագելոնյան համալսարանում եւ ստացել «եվրոպագիտություն» մասնագիտացման մագիստրոսի կոչում։ Մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Նա նաեւ ավարտել է Փարիզի բարձրագույն ուսումնասիրությունների դպրոցը, Սորբոնի համալսարանի պատմաբանասիրական գիտությունների ֆակուլտետը, մինչեւ նախարարի տեղակալ նշանակվելը դասախոսություններ էր կարդում նաեւ Իտալիայի, Ֆրանսիայի բուհերում։ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանն էլ է մայր բուհն ավարտելուց հետո ուսում ստացել արտերկրում․ նա ուսանել է Բուդապեշտում գտնվող Կենտրոնական եվրոպական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում, իսկ Քեմբրիջի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում եղել է հետազոտության օգնական, մասնակցել է այլ դասընթացների եւս։ ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը ԵՊՀ-ն ավարտելուց հետո ուսանել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում։ Նա նաեւ ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանում ուսանել է կոնֆլիկտաբանություն։ Իսկ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանի արտերկրյա կրթությունը եղել է Եվրոպայի Քոլեջի՝ Վարշավայի համալսարանական ավանում․ նա ստացել է եվրոպագիտության մագիստրոսի կոչում։



**Թագուհի Հակոբյան**