Իմ՝ Արցախ գնալը որոշելու են Հայաստանի իշխանությունները. Սամվել Բաբայան (տեսանյութ)

Իմ՝ Արցախ գնալը որոշելու են Հայաստանի իշխանությունները. Սամվել Բաբայան (տեսանյութ)
1 տարուց ավելի անազատության մեջ գտնվելուց հետո այսօր Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ազատ արձակվեց ԱԺ պատգամավորների երաշխավորությամբ։ Ազատության մեջ նա լրագրողների հետ զրույցում նշեց` իր ձերբակալությունը պատվեր է եղել ու ձերբակալվել է, քանի որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՀՀԿ-ն վտանգ է զգացել. «Մենք հատում էինք 5 տոկոսի շեմը, եւ մեծ միտինգ էր լինելու, եւ անցնելու էինք շեմը: Այդ ժամանակ իրենք պառլամենտում մեծամասնություն չէին ունենա, դրա համար ինձ ձերբակալեցին: Ես ասացի՝ ինչո՞ւ ինձ, չէ՞ որ ես ցուցակում չկամ, լիդեր չեմ: Ինձ պարզ պատասխանեցին, որ Դուք եք կազմակերպում, շտաբը Դուք եք ղեկավարում, Դուք եք մեզ պետք: Ինձ սա ասել է անվտանգության ծառայության պետի առաջին տեղակալը, ով զբաղվել է օպերացիայիով»։



ՊԲ նախկին հրամանատարը նաեւ չհերքեց, որ հեղափոխության օրերին իշխանությունից իրեն դիմել են, որպեսզի հայտարարություն տարածի եւ ժողովրդին հորդորի գնալ տուն, բայց մեժել է: Նա կարծում էր, որ հեղափոխությունը բոլորի համար է եղել.«Ստրկությունից ազատվեցինք բոլորս»։



Հարցին` մտադրություն չունի՞ Արցախ գնալու, Բաբայանը պատասխանեց, որ իր Արցախ գնալը կախված է ՀՀ իշխանություններիից.«Իմ՝ Արցախը գնալը որոշելու են ՀՀ իշխանությունները: Եթե Հայաստանի իշխանությունները որոշեն, որ ես պիտի լինեմ էնտեղ, ես կլինեմ էնտեղ, բայց Բաբայանն այս պահին ոչ մի տեղ մտադիր չի գնալ, դեստաբիլիզացիա անել: Նրանք, ովքեր հայտարարում են, թող մի պահ մտածեն, եթե էդ պատասխանատվությունը ամեն մեկը կարող է վերցնել իր վրա, ուրեմն ապուշ են»: