Արտակը տեռոր ու ռեկետ է անում թերակղզում (տեսանյութ)

Արտակը տեռոր ու ռեկետ է անում թերակղզում (տեսանյութ)
Սեւանն իր շրջակայքով համարվում է Հայաստանի լավագույն հանգստյան գոտիներից մեկը: 2017-ին Սեւանա թերակղզում կառավարությունը զբոսաշրջությունը զարգացնելու նախագիծ մշակեց, սակայն այն մնաց թղթի վրա: Զբոսաշրջիկները, մասնավորապես` օտարերկրացիները, որոնք նախընտրում են հանգիստն անցկացնել Սեւանում, այցելել Սեւանավանք, երբեմն ականատես են լինում տհաճ միջադեպերի, որ գրեթե ամեն օր տեղի է ունենում Սեւանա թերակղզում: Խոսքը վերաբերում է դեպի եկեղեցի տանող ճանապարհին տեղադրված սեղանիկներին, որտեղ մարդիկ օրվա հացի գումար են աշխատում: Նրանց սեղանիկները դրված են այն տարածքում, որ պատկանում է «Սևան ազգային պարկին», իսկ առեւտրականներից ամսական գումարներ է հավաքում նրանց հարեւանությամբ օբյեկտի տերը՝ ոմն Արտակ։



«Տո լավ էլ գումար ենք տալիս, 20 տարի է ես մայթի վրա եմ կանգնած, դիմացի մայթը վարձ չի տալիս, մենք ամսական 40 հազար դրամ վարձը տալիս ենք Ուպոյի Արտակին: Իր տարածքի մեջ չեմ կանգնում: Մեզ անվայել խոսքեր են ասում, վախեցնում, իսկ գումար չտալու համար անգամ աղջկաս են ծեծել: Անցած ամսվա վարձը ուզել էին, մենք ասել ենք, որ վարձ չենք վճարելու էլ, մենք կանգնած ենք մայթի վրա, որը պատկանում է պետությանը: Ինչ ա, ասել ենք, որ էդ ամսվա 40 հազար դրամը չենք տա, քաշել են աղջկաս ծեծել: Էսքան ժամանակ Արտակը մեզ վախեցրել ա, ասելա գումար չտաք, ստեղից դուրս կգաք: Եթե դա իր տարածքնա, թող բերի փաստաթղթերով ապացուցի, որ մայթն իրեն է պատկանում, եթե չէ, 3 տարի ինչ մեզանից վերցրել է, թող ետ վերադարձնի»,-ասում է տիկին Մարինեն, ում Արտակը սպառնացել է, որ այսուհետ չի թողելու մայթի առեւտուր անի: Առեւտրականներից ոմանք վախեցան, տեսախցիկի առաջ չխոսեցին, սակայն մեզ ասացին, որ իրենք էլ Արտակին վարձ են տալիս, ինչի՞ համար՝ տարածքն իրե՞նն է, ասացին. «Արտակը ասում ա կանգնել եք, պետք է վարձ տաք, ով չտա ստեղից դուրս կգա: Հիմա առեւտուրը լավ չի, օր ա լինում, որ առեւտուր էլ չենք անում, չնայած, որ ամառա տուրիստները շատ են, բայց առեւտուրը քիչ է լինում: Ստիպված ենք վարձ տալիս: Ասում էին, որ այս հատվածում պետք է փոքրիկ տաղավարներ լինեն: Թող այդ հարմարությունները անեն, մենք էլ սիրով կկանգնենք, պետությանը հարկը կվճարենք, թող դա գնա պետական բյուջե, ոչ թե 1 կամ 2-ի գրպանը: Չի բացառվում, որ ազգային պարկի աշխատակիցներն էլ փայ ունեն էդտեղ, քանի որ տարածքը, որտեղ մենք կանգնում ենք պատկանում է ազգային պարկին»։



Բազմիցս բարձրացվել է այս հարցը, բայց նախկին իշխանությունների օրոք ոչ մի կառույցի կողմից լուծում չի տրվել, եւ բանն հասել է լուրջ միջադեպերի: Հասկանալու համար, թե ո՞վ, ո՞ւմ տարածքում է կանգնում, եւ ո՞վ, ո՞ւմից է ապօրինի գումարներ վերցնում, «Սևան ազգային պարկի» աշխատակիցների հետ այցելեցինք թերակղզի: Նրանք ցույց տվեցին՝ որտեղ տեղադրված են սեղանիկները, այդ տարածքը պատկանում է Ազգային պարկին. «Այս 30 ընտանիքները իրենց ընտանիքն են պահում: Այս խնդրի լուծումն հետեւյալն է. կա նախագիծ, այստեղ պետք է միաչափ, միաձեւ տաղավարներ տեղադրվեն, մարդիկ աշխատեն, քանի որ այս հարցը նոր չի, 15 տարի եւ ավելի այս վիճակն է» ,-ասաց «Սևան ազգային պարկի» փախտնօրենը: Իսկ ե՞րբ նախագիծը ուժի մեջ կմտնի եւ աշխատանքնեըը կսկսվեն, փոխտնօրենն ասաց. «Դեռ քննարկումների մեջ է, չգիտենք, սպասում ենք, որ «Սևան ազգային պարկի» գլխավոր հատակագիծը հաստատվի»: Որքան էլ, որ «Սևան ազգային պարկի» աշխատակիցները փորձեցին մեզ համոզել, որ ուզում են խնդրին լուծում տալ, սակայն իրողությունն այլ է՝ Արտակի տարածքները մեծանում են, եւ նրան խանգարում են բոլոր առեւտրականները: Հանդիպեցինք, նաեւ Արտակին, ով հսկայական տարածքներ ունի այդ հատվածում: Անգամ մեզ տեսնելով սպառնում էր, որ էլ չի թողնի առեւտուր անի տիկնոջը, ով համարձակվել է բարձրաձայնել խնդրի մասին: Մի քանի հարց ուղղեցինք նրան:



**-Ներեցե´ք, առեւտրականներից վարձ եք վերցնո՞ւմ այդտեղ կանգնելու համար: **



-Չէ իրենք են զոռով են բերում դնում գրպանս:



**-Առեւտրականների սեղանները ձեր տարածքո՞ւմ են:**



-Չէ, բայց իմ շենքը կողքը փակում են, ես ստեղից սաղ հանելու եմ: Սեղանը իմ տարածքում չի, բայց իրենք կանգնում են իմ տարածքում առեւտուր են անում:



**-Միայն կանգնելո՞ւ համար եք 40 հազար դրամ վերցնում:**



-Այո, վերցնում եմ, որ սրանք թողնեն ստեղից գնան, ստեղ ծառեր կտնկեմ, նստարաններ կդնեմ:



**Հ.Գ.** _Փաստորեն ասաց, եւ արեց: Ով համարձակվել էր բարձրաձայնել 40 հազար դրամների մասին, երեկ երեկոյան նրա սեղանիկը քանդվեց ու հանվեց, մյուսներին ցույց տալով, որ ցանկացածին այս ճակատագիրն է սպասվում, ով կհանդգնի դեմ գնալ իրեն: Տեղում մեզ պատմեցին, որ Արտակը այդ շինությունը գնել է Սեւանի նախկին քաղաքապետից՝ ՈՒդոյից, փոքրիկ սրճարան բացելու նպատակով: Թե ինչպե՞ս է «Սևան ազգային պարկի» այդ հսկայական տարածքը «զավթել» Ուպոյի Արտակը, ունի՞ համապատախան շինարարական թույլտվություն, եւ օրինական է արդյո՞ք նրա շինությունները, պետք է զբաղվեն պատկան մարմինները:_



**Նելլի Կարապետյան**