Քաղաքագրություն. Երևանը և Սեֆյանները

Քաղաքագրություն. Երևանը և Սեֆյանները
Երեւանի խանությունը սեֆեւյան (կամ սեֆյան) Պարսկաստանի կազմում կարեւոր նշանակություն ուներ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական առումով։ Շարդենի վկայության համաձայն՝ Երեւանի խանությունն ամբողջ պարսից պետության մեջ համարվում էր ամենաեկամտաբեր եւ ամենանշանավոր կուսակալությունը։ Նա գրում է, որ Երեւանի խանությունը տարեկան «բերում է երեսուներկու հազար թուման եկամուտ, որը կազմում է... հինգ հարյուր հազար էքյու, չհաշված հարկադիր տուրքերը, նվերները եւ կողմնակի ճանապարհներով ձեռք բերված հարստությունները, որոնք կլոր թվով բերում են եւս երկու հարյուր հազար էքյու»։



Այդ պատճառով էլ ֆրանսիացի վաճառական-ճանապարհորդը Երեւան այցելած իր ժամանակվա խանին՝ Սեֆի-Ղուլիին համարում է «Պարսկաստանի ամենահարուստ եւ ամենաերջանիկ ազնվատոհմ իշխանը»։ Այլ կերպ ասած՝ Սեֆի-Ղուլիի ժամանակներում (17դ. 70-ական թվականներ) խանի տարեկան եկամուտները, ամենահամեստ հաշիվներով, կազմում էին 46 հազար թուման կամ ավելի քան 466000 արծաթ ռուբլի (յուրաքանչյուր թումանը հաշվելով 10 ռուբլի 12 եւ կես կոպեկով)։



Ճիշտ է, Երեւանի խանությունն ուներ բարեբեր ընդարձակ հողատարածություններ, իսկ նրա խանը զանազան եղանակներով ստանում էր հսկայական եկամուտներ, բայց դրանք դեռեւս չափանիշ չէին կարող լինել երկրի տնտեսական վիճակի համար։ Սոցիալ-տնտեսական եւ քաղաքական համապատասխան պայմաններ էին անհրաժեշտ, որպեսզի բնականից արգավանդ Երեւանի խանությունը տնտեսապես բարգավաճեր։ Իսկ այդպիսի պայմաններ չկային։ Պարսկաստանն ու Թուրքիան հետամնաց ֆեոդալական երկրներ էին։ Նրանց ծանր տիրապետության տակ գտնվող երկրները, որոնց թվում՝ եւ Հայաստանը, տնտեսապես գտնվում էին աննպաստ դրության մեջ։



Կողոպտիչ հարկային քաղաքականությունը, հետամնաց ֆեոդալական հարաբերությունները, կամայականություններն ու կաշառակերությունը, պարսկական խաների ու թուրքական փաշաների ընչաքաղցությունը մեծ հարված էին հասցնում երկրի եւ նրա կենտրոն Երեւան քաղաքի տնտեսական կյանքին։ Սակայն դրանցով չեն սահմանափակվում երկրի տնտեսական առաջխաղացումն արգելակող ազդակները։ Երկրի տնտեսական կյանքը կործանիչ հարվածներ էր ստանում թուրք-պարսկական երկարատեւ ու ավերում բերող պատերազմների, խաների եւ փաշաների միջեւ մղվող ֆեոդալական կռիվների, լեզգիների ու ջալալիների ասպատակությունների եւ կիսանկախ խաների տիրապետության շրջանում Հերակլ թագավորի արշավանքների հետեւանքով։



Երեւանի խանությունն ու նրա կենտրոնը քաղաքական այդ մղձավանջային ժամանակաշրջանում բազմիցս ավերվել են հակառակորդ բանակների արշավանքների եւ գերեվարության ու զանգվածային բռնագաղթի պատճառով։ Մենք տեսանք, թե սկզբնաղբյուրներն ինչպիսի կսկիծով են նկարագրել երկրի ամայացումը, բնակչության գերեվարումը եւ կոտորածները։ Տասնյակ գրիչներ, իրենց թողած հիշատակություններում նկարագրելով թուրք-պարսկական պատերազմների արհավիրքները, գրում են, որ իրենք ապրել են այդ «նեղ եւ դառը» ժամանակներում։



* * *



Թուրք-պարսկական պատերազմների կիզակետը Երեւանն էր, եւ այն պարբերաբար ենթարկվում էր ավերման։ Երեւանի համար առանձնապես ծանր էր Շահ-Աբաս I-ի արշավանքը եւ նրա կազմակերպած զանգվածային բռնագաղթը։ Պարսից այդ բռնակալի արշավանքի հետեւանքով ամբողջ երկրի, Հին Ջուղայի եւ ուրիշ քաղաքների հետ միասին ամայացվեց նաեւ Երեւանը։



Սակայն մեր ստեղծագործ ու աշխատասեր ժողովուրդը յուրաքանչյուր պատեհ առիթ, կարճատեւ խաղաղության շրջան օգտագործում էր տնտեսությունը վերականգնելու, գյուղերն ու քաղաքները ու վերաշինելու, իր մշակույթը զարգացնելու համար։ Երկրի տնտեսական կյանքի համար կարեւոր նշանակություն է ունեցել սուլթանական Թուրքիայի եւ սեֆեւյան Պարսկաստանի միջեւ կնքված 1639 թվականի խաղաղության դաշինքը, որի հետեւանքով մինչեւ հաջորդ դարի առաջին քառորդի վերջերը երկրում, ընդհանուր առմամբ, խաղաղություն էր տիրում, առժամանակ ընդհատվել էին թուրք-պարսկական երկարատեւ պատերազմները եւ որոշ չափով նպաստավոր պայմաններ էին ստեղծվել տնտեսական կյանքի աշխուժացման համար։



Թ. Խ. Հակոբյան՝



«Երեւանի պատմութունը»



**Արամ ՊԱՉՅԱՆ**