Այդ մարդը եկել և թալանում է Հայաստանը, իսկ մենք էլ կողքից նայում ենք․ Դմիտրի Ադբաշյան

Այդ մարդը եկել և թալանում է Հայաստանը, իսկ մենք էլ կողքից նայում ենք․ Դմիտրի Ադբաշյան
Թավշյա հեղափոխությունից հետո մամուլում ծաղկում ապրեց «մոռացված» մի ժանր՝ բաց նամակի ժանրը։ Բաց նամակներով տարբեր քաղաքացիներ դիմում են կառավարությանը, ՀՀ վարչապետին՝ ուշադրություն հրավիրելով այս կամ այն ոլորտում տարիներ շարունակ տեղի ունեցած բացթողումների, չարաշահումների վրա։ Օրերս էլ մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակ էին հղել մի խումբ ավիատորներ եւ բացահայտել, թե, օրինակ, ինչպես են ռեգիստրացիայի բաժնի աշխատակիցները գողություն անում ավիաընկերություններից՝ իջեցնելով ուղեւորների ծանրոցների իրական քաշի արժեքը, ինչը հանցագործություն է։



Մինչդեռ՝ օդային տրանսպորտային միջոցի հստակ գրանցված քաշը համարվում է օդանավի անվտանգ թռիչք կատարելու առաջնահերթ պայմանը։ Գրել էին նաեւ, թե ինչպես են անվտանգության ծառայության աշխատակիցներն աչք փակում այդ ամենի վրա, քանի որ վաստակում են իրենց բաժին հասնող գումարը։ Իսկ ահա վառելիքաքսանյութերի տվյալները մոնոպոլիստական կարգավիճակում են։ Նոր կառավարությունում դեռեւս թափուր է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը։ Հանրային խորհրդի նախկին անդամ, «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Դմիտրի Ադբաշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը ծանոթ է վարչապետին հղված բաց նամակին։



«Ողջունում եմ, որ ժողովուրդը շահագրգռվածություն է ցուցաբերում։ Մեր նախկին ավիատորների 90 տոկոսից ավելին այսօր աշխատում է արտասահմաններում, նրանք ցանկանում են վերադառնալ եւ հայրենիքում աշխատել»,- ասաց մեր զրուցակիցը։ Դմիտրի Ադբաշյանը նկատում է, որ ոլորտի շատ բացասական երեւույթների պատճառն Օդային օրենսգիրք չունենալն է։ Մեր զրուցակցի կարծիքով՝ «եթե մենք ունենայինք Օդային օրենսգիրք, իրավունք կունենայինք գնալու պարոն Էռնեկյանների մոտ եւ հարցնելու, թե ինչու մեզ մոտ թռիչքն այսքան արժե եւ ոչ թե այնքան։ Ինչո՞ւ ինքնաթիռի կանգառը արժե այսքան եւ ոչ այնքան, ինչո՞ւ ինքնաթիռները, որոնք 19 տոննայից թեթեւ են, անվճար են գազավորվում, իսկ մեզ մոտ ամեն քայլափոխի գումար են պահանջում։ Այդ մարդը եկել է եւ թալանում է Հայաստանը, մենք էլ կողքից նայում ենք եւ ոչինչ չենք ասում։ Օդային օրենսգրքի նախագծում, որը ներկայացրել ենք ԱԺ, այդ ամենը կա»։



Մյուս կարեւոր հարցն, ըստ նրա, այն է, թե ով իրավունք ունի դառնալու Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ։ «Պետք է լինի այնպիսի մարդ, որը ճանաչված է եւ ունի համապատասխան որակավորում, ղեկավար մարմիններում աշխատելու փորձ»,- նշեց Դմիտրի Ադբաշյանը։ Մեր հարցին, թե ում կցանկանա տեսնել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնում, Դմիտրի Ադբաշյանը խուսափեց անուններ նշելուց․ ասաց միայն, որ կա երկու-երեք արժանի թեկնածու։ «Այն մարդիկ, որոնք նորմալ, ազնիվ էին, պաշտոնի հասնելուց հետո փչանում են՝ սկսում են կաշառք պահանջել եւ այլն, եւ այլն։ Հիմա ես դժվարանում եմ ասել, թե ով պետք է լինի, մտավախություն կա, որ պաշտոնի հասնելուց հետո այդ մարդիկ էլ կարող են փչանալ»,- նշեց մեր զրուցակիցը։ Որո՞նք պետք է լինեն ավիացիայի ոլորտում առաջին քայլերը, որպեսզի կանխվեն կոռուպցիոն ռիսկերը։



«Առաջինը պետք է ընդունեն Օդային օրենսգիրք։ Մենք մշակել ենք Օդային օրենսգրքի մեր տարբերակը, որն ԻԿԱՕ-ի կողմից ստեղծված Օդային օրենսգրքի նմուշի հիման վրա ենք մշակել՝ մի քանի տարի ուսումնասիրելուց հետո։ Շատ գիտնականներ, ԻԿԱՕ-ի անդամներ ծանոթացել են այդ օրենսգրքին, ներկայացրել իրենց դիտողություններն ու առաջարկությունները, եւ այդ ամենը մենք հաշվի ենք առել։ Եվ եթե այդ օրենսգիրքն ընդունվի, ապա այն կլինի լավագույնը նախկին ԽՍՀՄ տարածքում»,- ասաց Դմիտրի Ադբաշյանը։



**Թագուհի Հակոբյան**