Գյումրիում հոգևոր առաջնորդը դուք եք, գուցե ինտրիգները ձեզ վերագրեն․ Hraparak.am -ի զրուցակիցը Միքայել Սրբազանն է

Գյումրիում հոգևոր առաջնորդը դուք եք, գուցե ինտրիգները ձեզ վերագրեն․ Hraparak.am -ի զրուցակիցը Միքայել Սրբազանն է
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ներկայացուցիչները երեկ Գյումրիում հանրային քննարկում են անցկացրել և որոշել հետագա քայլերի հաջորդականությունը: Նախաձեռնության անդամ Ղարիբ Հարությունյանը նշեց, որ շարժումը որևէ անձնական շահ չի հետապնդում:



«Շարժման մեջ կան հոգևորականներ՝ Հայր Կորյունը և Տեր Կորյունը, ինչպես նաև սարկավագներ ու դպիրներ: Հետևաբար, սա եկեղեցու ներսում առաջացած շարժում է, և հայ եկեղեցին պարտավոր է հաշվի նստել շարժման և նրա պահանջների հետ»: Քննարկման ընթացքում որոշվեց կաթողիկոսի հրաժարականի պահանջը, քննարկված հարցերը ներկայացնել Շիրակի թեմի առաջնորդին, որից հետո միայն կորոշեն հետագա անելիքները :



**Hraparak.am-ը** Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս․ Աջապահյանին մի քանի հարց ուղղեց:



**-Սրբազան, «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը Ձեզ է դիմելու, ինչպե՞ս եք տրամադրված:**



Դեռ չեն դիմել, կգան, կդիմեն, կտեսնենք։ Դե հասկանալի է, եկեղեցուց որոշակի սպասելիքներ կան, ակնկալիքներ, դժգոհություններ, եւ բնականաբար այդ ամենը կենտրոնանում է կաթողիկոսի վրա, բայց դա հարցի լուծում չէ, միակ ճանապարհը չէ, ուրիշ ճանապարհներ էլ կան։



**-Տարօրինակ չէ՞, որ շարժման առաջնորդները Գյումրիից են, եւ՛ Կարեն Պետրոսյանը, եւ՛ Ղարիբ Հարությունյանը, եւ՛ այստեղից է սկսել ամեն ինչ։**



Ի՞նչ եք ակնարկում։



**-Այստեղ հոգևոր առաջնորդը Դուք եք, գուցե ինտրիգները Ձե՞զ վերագրեն։**



Ինչ խոսք, ցանկալի չէ, բայց դա էլ կհաղթահարենք; Ես իրենց հետ մնայուն կապի մեջ եմ, եւ անշուշտ, փորձում եմ իրենց տեղափոխել այլ դաշտ; Հասկանում եմ, իրենց պահանջների մի մասը ընդունելի է, ոչ թե մեղադրական ոճով պետք է հետները խոսել, այլ քայլեր ձեռնարկել նրանց սպասելիքներն արդարացնելու համար, բայց կրկնում եմ, սա հարցի լուծման միակ ճանապարհը չէ։



**-Փաստորեն, հոգևորականները հայտնվել են շատ բարդ իրավիճակու՞մ**։



Ոչինչ, այսպիսի ճգնաժամեր է տեսել հայ եկեղեցին, այս իրավիճակից էլ դուրս կգա;



Ավելացնենք, որ ավելի քան 1 շաբաթ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման բողոքի գործողությունները եւ հատկապես կիրակի օրը՝ հունիսի 10-ին Երեւանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին պատմող հրապարակումներ են հայտնվել նաև ադրբեջանական եւ ռուսական մամուլում։



**Արևիկ Հակոբյան**