Թայֆատիկ մտածողությունը եթե վերացավ, թանգարաններն իրենք իրենց կզարգանան

Թայֆատիկ մտածողությունը եթե վերացավ, թանգարաններն իրենք իրենց կզարգանան
_Հարցազրույց մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության գիտաշխատող, ազգագրագետ __**Խորեն Գրիգորյանի**__ հետ_



**- Խորեն, վերջին օրերին կադրային փոփոխություններ տեղի ունեցան նաեւ մշակույթի նախարարությունում, մի բան, որի անհրաժեշտության մասին շատ ավելի վաղ գրել էիք Ձեր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ «նախարարությունը պետք է սրբագրվի՝ վերին էշելոններից սկսած»։ Սոցիալական հարթակում Ձեր քննադատություններն անձնավորված էին ընդունվում թե՛ արդեն նախկին փոխնախարար Արեւ Սամուելյանի կողմից, թե՛ նախարարության։ Ինչպե՞ս եք նայում այս փոփոխություններին, եւ արդյոք Ձեր նշած «վերին էշելոնների» փոփոխությունն այն փոփոխությո՞ւնն է, որ բովանդակային մասով մեծապես կազդի նախարարության գործունեության վրա։**



Միակ դրական բանը, որ մեր ժողովուրդը, չգիտես ինչու, չգիտեր, այն է, որ բոլոր նախարարները մահկանացու են։ Այսօր չկա մի նախարար, որ մեկի ծանոթը չլինի, մեկը հետը սովորած չլինի կամ հետը ֆեյսբուքյան ընկեր չլինի։ Մինչդեռ մենք տարիներ շարունակ զարթնել էինք եւ բոլորին տեսել արդեն նախարար եւ փոխնախարար։ Տեսել էինք մարդիկ, որոնց համար ցմահ էր այդ պաշտոնը։ Երբեք անձնավորված որեւէ մեկին չեմ անդրադարձել, նույնը՝ նաեւ Արեւ Սամուելյանի պարագայում, բայց երբ իրավիճակ է փոխվում, մարդիկ ուզում են, որ այդ իրավիճակը փոխվի բոլոր կողմերից։ Նախկին ռեժիմի մեջ թաթախված լինելն արդեն խոսում է խնդրի մասին։ Ձայն չհանելը նույնպես մեղավորություն է, եթե դու մաս ես կազմել, երբ հուշարձան է քանդվել, երբ չարաշահումներ են տեղի ունեցել՝ նույնիսկ անգամ կողքի կանգնած լինելով, նշանակում է, որ դու չես տիրապետել իրավիճակին։ Դրանով արդեն մասնակից ես։



Ես հետեւում եմ իրավիճակին, բայց ինձ ոչ ոք դեռ «ազդանշան» չի տվել, որ սա հեղափոխական ժամանակավոր կառավարություն է, ուստի ոլորտային բարեփոխումներ մի սպասեք։ Ես կուզեի նման արձագանք լսել, հակառակ դեպքում, եթե պարզվի, որ սա ժամանակավոր կառավարություն չէ, եւ ինքը շարունակելու է իր գործունեությունը 4-5 տարի, դա կնշանակի, որ մենք պետք է արդեն «պալունդրա» կանչենք։ Ուրիշ բան է, երբ մարդը 6 ամսով եկել է կոռուպցիոն ռիսկերը հայտնաբերելու, այլ բան, երբ նա եկել է երկար ժամանակով։



Մենք ունենք գումարների արտահոսք, որ պետք է կարգավորվի, մի շարք նախարարություններ իրենց բյուջեն գրեթե սպառել են, մշակույթի նախարարն էլ հայտարարեց դրա մասին, որ ավելի շատ միջոցառումներ են արվել, քան նախատեսված է եղել։ Ես սա ասում եմ ոչ թե որպես նախարարության աշխատակից, այլ մարդ, ով հարկ է վճարում։ Ի՞նչ արդյունքներ են տվել այդ միջոցառումները, մշակույթի նախարարությունն ինչի՞ն էր ծառայել եւ ծառայում է հիմա։ Երբ մշակույթի նախարարը «Լոֆթում» հանդիպում ունեցավ, ես գլուխս բռնել էի, որովհետեւ նախարարը հրեշտակ չէ՝ երկնքից իջած։ Ավելին՝ նա իրենից ոչինչ չպետք է ներկայացնի մշակույթի ոլորտը ղեկավարելու համար։ Ինքը պետք է, որպես մենեջեր, ուղղորդի ճիշտ կառավարման ու չպետք է լինի ֆինանսական հատկացումների որոշողն ու ընտրողը․ ենթադրենք, այս թանգարանը պետք է լուրջ ցուցադրություն ունենա, իսկ այս մեկը թող փող աշխատի։ Մշակույթի նախարարությունը փող աշխատելու ֆունկցիա չունի եւ չի ունեցել՝ ո՛չ Սահմանադրությամբ, ո՛չ կառավարության որոշմամբ։



**- Նախկին նախարար Արմեն Ամիրյանը խրախուսում էր մշակույթի կապիտալիզացիան, ավելին՝ մշակութային օջախները, թանգարանները լծվեցին հուշանվերներով փող աշխատելու գործին։ Ի վերջո, թանգարաններն իրենց առաջ պե՞տք է դնեն փող աշխատելու խնդիր։**



Ընդհանրապես, յուրաքանչյուր հիմնարկ, որն ունի աշխատողներ, պետք է զարգացում ապրի, գումար վաստակի, բայց երբ թանգարանի համար առաջնային գործառույթ է դառնում փող աշխատելը եւ ոչ թե իր առաջնային գործառույթ համարվող թանգարանային առարկաների պահպանությունն ու հանրահռչակումը, այդ ժամանակ մենք լուրջ խնդրի առաջ ենք կանգնում։ Մենք ունենք ազգագրության լուրջ թանգարան, որը, ցավոք, գտնվում է ՊՆ կազմի մեջ, ղեկավարում է ՊՆ-ի կողմից նշանակված մարդ։ Թանգարանը կամաց վերջանում է եւ դարձել է մայիսյան հերոսամարտերի եւ Առաջին հանրապետության թանգարան՝ ունենալով Հայաստանի ամենահարուստ ազգագրական բազան։



Մշակույթի նախարարությունը պետք է ասի, որ մենք ոչ թե ազգ- բանակ պետության կարիքն ունենք, այլ ժողովրդի տոնահանդեսային մշակույթը վերականգնելու։ Վերականգնելն էլ չպետք է հասկանանք Արարատյան թեմի մի խումբ սպասավորների նման՝ դրոշակներն առած՝ հրապարակով քայլելը։ Դրանով տոնը չես վերականգնում, տոնը պետք է մտնի ընտանիք։ Տոնը մտավ հայկական ընտանիքներ մայիսի 8-ին, որովհետեւ երբ ես այդ օրը գնում եմ տուն, հատուկ խորոված եմ անում ու նշում եմ այդ իրադարձությունը, ուրեմն տոնը մտել է իմ տուն։ Պետք է ստեղծել այդ իրավիճակը։ Մենք ունենք 19 հազարից ավելի հուշարձան եւ հուշարձանի սխալ ընկալումներ։ Ես ազգագրագետ եմ եւ, աշխատելով պահպանության ծառայությունում, հաճախ խնդիրների եմ բախվում, որովհետեւ տարիներ շարունակ հուշարձանը դիտարկվել է որպես քառակուսի։



**- Նախարարությունը մարդկանց ընկալումները փոխելու մասով անելիք ունի՞։**



Պետք է ոլորտում աշխատեն մասնագետներ, բայց երբ դու ոլորտը քննադատում ես, իրեն թվում է, թե իր անձն ես քննադատում, որովհետեւ իր անձն ու ոլորտը էլ չեն տարբերակվում։ Դա է խնդիրը, իսկ դա մշակույթ չէ արդեն, այլ հակամշակութային երեւույթ։ Պետք է ոլորտում լինեն մարդիկ՝ ոչ թե չոր հաշվարկներ անող, այլ մշակութային մարդաբանության ներկայացուցիչներ, որոնց արժե ներառել քննարկումներում։



**- Վարչապետի՝ մշակույթի գործիչների հետ հանդիպմանը բարձրաձայնվեց, օրինակ, գորգի թանգարան ունենալու հարցը, բայց, ինչպես Փաշինյանը նշեց, պետք է նախ եղած թանգարաններն ապրեցնենք, հետո մտածենք նորերի մասին։**



Նախ՝ Նիկոլ Փաշինյանը դրա նեղ մասնագետը չէ եւ, հետո՝ ունի մեծ կառավարություն, որը պետք է ինքն այդ հարցերը լուծի։ Հետո՝ ես ինքս էլ, նեղ մասնագիտականը մի կողմ դրած, շատ թանգարան հաճախող չեմ, որովհետեւ, որպես մարդ, ես այնտեղ տեսնում եմ միգուցե խորհրդային շրջանից եկած այդ շրջանակային մոտեցումը։ Իսկ մոտեցումը փոխվելը գալիս է հենց թանգարանի ստեղծումից։ Իմ գործընկերներից Հարություն Մարությանն առաջարկել էր արտգործնախարարության շենքը Լուվրի նման վերածել մի ամբողջ բազմապրոֆիլ թանգարանի, որտեղ կլիներ ե՛ւ գորգերի ցուցադրություն, ե՛ւ ազգագրություն, ե՛ւ պատկերասրահային մոտեցում։ Հրաշալի գաղափար, որը կփոխեր նաեւ այդ շրջանակային մոտեցումը։



Մի կարեւոր խնդիր կա այս ոլորտում՝ ինչպես են մինչեւ այսօր թանգարանների տնօրենները նշանակվել։ Դու, աշխատելով թանգարանում, շատ լավ տիրապետում ես իրավիճակին, բայց գիտես, որ շանսեր չունես՝ ոչ թե, որ տգետ ես, այլ որ ծանոթ չունես։ Այ, եթե այդ ծանոթի համակարգը թանգարանի տնօրեն դառնալուց վերանա, մենք կունենանք՝ գուցե երբեմն սխալներով, բայց նաեւ հետաքրքիր թանգարանային ցուցադրություններ։ Մենք հրաշալի թանգարանային մասնագետներ ունենք, ԻԿՕՄ-ի հայկական գրասենյակ ունենք, որը պրոֆեսիոնալներով է համալրված, միգուցե ժամանակի ընթացքում նրանցից յուրաքանչյուրը փորձել է իր հնարավորությունների չափ ինչ-որ բան անել, բայց դա համակարգային չէ։ ԻԿՕՄ-ը կամ Թանգարանային ասոցիացիան պետք է լուրջ վերահսկողություն ունենա թանգարանային կառույցների վրա եւ դառնա միության նման մի բան՝ վերահսկելով իրավիճակը եւ ոչ թե սելեկցիոն ֆինանսավորումներով ուղղորդի։ Թայֆատիկ մտածողությունը եթե վերացավ, թանգարաններն իրենք իրենց զարգանալու են։



**- Նշել էիք, որ գիտաշխատողի պահանջարկը դուրս է մղված թանգարանից, ինչո՞ւ։**



Նախ՝ բյուրոկրատական համակարգի պատճառով, թանգարանային կառույցներն ավելի շատ կարիք ունեն հաշվապահների, որպեսզի այդ թղթաբանությունը ճիշտ արվի, ու հանկարծ իրենց գործից չհանեն, քան գիտաշխատողի, որը զանգակն է թանգարանի։ Իսկ եթե թանգարանի զանգակը չի աշխատում, ինքն էլ զանգ չէ։ Մեր թանգարանների մեծամասնությունը նման խնդիրներ ունի, որովհետեւ հաստիքը պահանջարկային չէ, ուղղակի, եթե ինչ-որ մեկին պետք է գործի տեղավորել, որպես խորհրդական՝ տեղավորում են։ Այսօր գիտաշխատողի ասածը բանի տեղ դնող չկա։ 2-րդ․ մենք չենք ստեղծում թանգարաններում մրցակցություն, թանգարանում պետք է լինի ոչ թե ստաբիլ աշխատավարձ, այլ որակական աշխատավարձեր, իսկ երբ մենք ունենանք արդյունքի աշխատավարձ, կտեսնենք, որ մրցունակությունը բարձրացավ, ամեն մի խելքից պակաս գիտաշխատող չի աշխատի։ Խնդիրը նաեւ ֆոնդապահների մասին է, որ սովետական տարիներին շատ տարածված էր ֆոնդապահ-պահեստապետ հաստիքը, որը չի համապատասխանում իրական ֆոնդապահի գործառույթներին։ Թանգարանն այն տեղը չէ, ուր խանդոտ տղամարդիկ իրենց կանանց ուղարկեն, որովհետեւ դա անշառ տեղ է, գիտաշխատողը լուրջ խնդիրներ լուծող հաստիք է, որն այսօր արժեւորված չէ։ Նոր սերունդն ավելի մեծ շանս ունի հեղափոխություն անելու թանգարաններում, քան նախկին սերունդները։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**