Ստվերային պայմանավորվածությունները չեն աշխատելու․ Սարո Սարոյան

Ստվերային պայմանավորվածությունները չեն աշխատելու․ Սարո Սարոյան
Նիկոլ Փաշինյանը այժմ էլ կառավարությունում է շարունակում հեղափոխությունը՝ տարբեր պաշտոններում նշանակելով արտերկրի հեղինակավոր բուհերում ուսանած կամ դասընթացների մասնակցած երիտասարդ կադրերի, որոնք տարբերվում են սովետական մտածողություն ունեցող նախկին կադրերից։



Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը հակադարձում է, որ նոր նշանակված կադրերից ոչ բոլորն են արտերկրում ուսում ստացել։



«Բազմաթիվ նշանակումներ են կատարվել, բոլորը չէ, որ արեւմուտքում են կրթություն ստացել»,- ասաց Սարո Սարոյանը։



Այնուամենայնիվ, ի՞նչ կարող են փոխել կառավարման մշակույթում արտերկրի բուհերի շրջանավարտները։



-Որքան տարաբնույթ լինեն գիտելիքի, փորձի կրողները, այնքան դա կհարստացնի մեր կառավարման համակարգը։ Այդ առումով նորմալ է, որ լինեն տարբեր երկրներում ուսանած, փորձառու քաղաքացիներ։ Դրանից պետք չէ խուսանավել, քանի որ շատ հարցերում հեշտացնում է ճիշտ որոշումներ կայացնելու գործը։



**-Նիկոլ Փաշինյանի կառավարությունից առաջին հերթին ակնկալում են, որ կազմակերպվեն ԱԺ արտահերթ ընտրություններ։ Եթե տեղի ունենան ԱԺ արտահերթ ընտրություններ, որքանո՞վ կարող են դրանք լինել ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցը եւ անցնեն ազատ ու արդար։**



-Արտահերթ ընտրությունները լինելու են, դա ամրագրված է կառավարության ծրագրում։ Հանրությունը սպասում է արտահերթ ընտրությունների, դա պայմանավորված է քաղաքական անհրաժեշտությամբ։ Որպեսզի ԱԺ-ն կարողանա լիարժեք լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները, պետք է համապատասխանի առկա իրավիճակին, ունենա բոլորովին այլ դասավորություն։ Իսկ դրա համար անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ։ Ինչ վերաբերում է ազատ եւ արդար ընտրություններին, ապա այստեղ էլ ոչ ոք փախչելու տեղ չունի՝ ո՛չ հանրությունը, ո՛չ գործադիր իշխանությունը, ո՛չ քաղաքական տարբեր միավորումներ։ Այն նշաձողը, որ սահմանվել է ապրիլյան հեղափոխության ժամանակ, այնքան բարձր է, որ կսրբի, կտանի անձանց, միավորներին, խմբերին, որոնք կփորձեն ինչ-որ ձեւով խոչընդոտել ազատ եւ արդար ընտրությունների կայացմանը։ Սա տեղիք կտա նորանոր ցնցումների։ Իսկ ես որեւէ կասկած չունեմ, որ քաղաքական կամք լինելու է՝ անցկացնելու ազատ եւ արդար ընտրություններ։ Միաժամանակ բոլորս էլ պետք է հասկանանք, որ միգուցե առանձին անհատներ կփորձեն շարժվել հին ձեւով, հին փորձով, բայց նրանք դուրս կմնան ընդհանուր քաղաքական գործընթացներից։ Իրենք չեն ունենա հաջողության հասնելու որեւէ շանս։



**-Քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը պնդում է, որ քաղաքական դաշտը ենթարկված է դեֆոլտի, եւ, եթե լինեն ԱԺ արտահերթ ընտրություններ, ապա միայն «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքները կարող են մուտք գործել խորհրդարան։ Իսկ դա չի կարող որեւէ լավ բան խոստանալ մեր քաղաքական համակարգին։**



-Իսկապես քաղաքական միավորները սնանկացել են։ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման այն ժամանակահատվածը, որը ենթադրվում է, հենց նրա համար է, որ երկրում ձեւավորվեն նոր քաղաքական միավորներ կամ նախկին միավորները կարողանան ինտեգրվել նոր քաղաքական պրոցեսներին, վերափոխվեն։ Դա ինչ-որ առումով լինելու է ցավոտ գործընթաց, բայց առանց դրա հնարավոր չէ։ Հենց «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքներն էլ ունեն խնդիրներ, եւ երկուսն էլ պետք է անցնեն վերափոխվելու ճանապարհ։ Այնպես որ՝ առաջիկայում լուրջ խնդիր է դառնալու այն հարցը, թե ովքեր են մասնակցելու ԱԺ ընտրություններին եւ ինչ ծրագրերով։ Եվ եթե քաղաքական միավորները չհասկանան, որ իրենք պետք է վերափոխվեն, վերագրանցվեն, նոր սկզբունքներ որդեգրեն, նոր չափանիշներով առաջնորդվեն, ապա իրենք հաջողության հասնելու շանս չեն ունենա։



**-Այս առումով սպասվո՞ւմ են նույն գաղափարներն ունեցող կուսակցությունների միավորումներ, դաշինքներ։**



-Այո, ժամանակակից կուսակցությունները պետք է միավորվեն գաղափարների եւ սոցիալական ինչ- որ շերտերի շահերը պաշտպանելու շուրջ։ Միայն այդ կերպ նրանք կարող են ներկայացված լինել խորհրդարանում։ Նախկին ձեւերը՝ ստվերային պայմանավորվածությունների ձեւով, չեն աշխատելու։ Բոլոր այն կուսակցությունները, որոնք կներկայացնեն ժողովրդի վստահությանն արժանի ծրագրեր կամ կգնան սոցիալական ինչ-որ շերտերի շահերը պաշտպանելու ճանապարհով, շանս կունենան մուտք գործել ԱԺ։ Մյուս բոլոր ձեւերը ձախողվելու են, պարտություն են կրելու։



**Թագուհի Հակոբյան**