Արդյոք Կուտակայի՞նն էր Մանե Թանդիլյանի հրաժարականի պատճառը

Արդյոք Կուտակայի՞նն էր Մանե Թանդիլյանի հրաժարականի պատճառը
Շատ պարզունակ կլիներ Մանե Թանդիլյանի հրաժարականը բացատրել Կուտակային համակարգի նկատմամբ վերաբերմունքով։ Մանավանդ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում իր նշանակման նառաջին իսկ օրերից նա շատ զգուշավոր էր արտահայտվում այս համակարգի մասին։ Մասնավորապես մայիսի 21-ին նա իր էջում գրառում է արել, որտեղ բոլորովին էլ արմատական մոտեցում չի դրսեւորել եւ, այսպես ասած, տեղ է թողել՝ «նահանջի համար»։



Գրառման մեջ մասնավորապես ասվում է.



«Հարգելի ու իմ սիրելի քաղաքացիներ, ժողովուրդ ջան, կուտակայինի մասին, մի քանի կարևոր բան մինչև այդ մասին պաշտոնապես հայտարարություն անելը։



Նախ ասեմ, որ բոլոր այն պրոբլեմներից, որոնք առկա են իմ ղեկավարած նախարարության ոլորտում և ծառացած են իմ առջև, հավատացնում եմ ձեզ, որ կուտակայինը ամենահեշտ լուծելին է ինձ համար՝ որպես քաղաքական գործիչ, ով դեմ է պարտադիր համակարգին։ Այստեղ հատուկ ուշադրությունն եմ ուզում գրավել իմ շատ սիրելի այն լրագրողների, ովքեր իմ տպավորությամբ շփոթել են, որ կուտակային համակարգն ունի կամավոր և պարտադիր բաղադրիչ, և համարել են, որ կուտակային համակարգը պետք է Հայաստանին, ամենևին չի նշանակում կողմ լինել պարտադիրին։ Կարելի է, իհարկե, մեկնաբանել և անել ենթադրություններ, բայց լավ կլինի դա չվերագրել ինձ։



Ի՞նչու այդ դեպքում չանել հստակ հայտարարություններ , որոնք տեղիք չեն տա ենթադրությունների…Շատ պարզ պատճառով. հարգելի քաղաքացիներ, որովհետև իմ արտահայտած յուրաքանչյուր միտք այլևս գործադիր մարմնի դիրքորոշում է, կառավարության մոտեցում է, որտեղ աշխատում եմ ոչ միայն ես։ Ավելին, սա ազատության ավելի մեծ տարածք ունեցող պատգամավորի կամ տեսակետ ունեցող ակտիվ քաղաքացու կարծիք չէ, որն ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, չունի այն գինը և ազդեցության աստիճանը, ինչը որ ունի գործադիր մարմնի անդամի կողմից արված հայտարարությունը։ Միգուցե ես ավելի պատասխանատու եմ վերաբերվում, քան պետք է, բայց այո՛, ես պատասխանատվության բարձր զգացում ունեմ, և անգամ եթե դրա արդյունքում անհիմն թիրախավորվեմ, ապա պատրաստ եմ այդ գինը վճարել։



Հիմա՝ ըստ էության։ Նախևառաջ, մեր պետության շահը ինձ համար գերակա է։ Եվ եթե մեկը մտածում էր, որ իմ անձնական շահը կարող է վերադաս լինել, նրան հիասթափություն է սպասվում։ Հուսով եմ, սա վերջնականապես պարզ դարձավ։



Երկրորդ, կուտակային համակարգ պե՞տք է Հայաստանին. այո՛։ Քանզի մարդը պետք է ունենա ընտրության հնարավորություն՝ ինքն ուզում է իրեն ապահովի այսօր իր իսկ միջոցներով, թե՞ ոչ։ Պետությունը պետք է ապահովի այդ ընտրության հնարավորությունը։



Երրորդ, մեր կառավարությունը, անկախ այն հանգամանքից, թե ում կողմից է կառավարվում, կառավարությունն է նաև մոտ 200,000 վարձու աշխատողի, ովքեր այսօր պարտադիր կուտակայինի մասնակից են (անկախ հանգամանքներից), և ում գումարները շրջանառվում են՝ գտնվելով պետության պատասխանատվության ներքո։ Սա զուտ տեղեկություն է իմանալու, ինչու չէ, նաև մտորելու համար։



Չորրորդ, այսօրվա գործող օրենքի որոշ դրույթներ էապես տարբերվում են այն օրենքից, որը ուժի մեջ պետք է մտներ 2014 հունվարից։ Բավարար է՞ արդյոք, Իմ կարծիքով՝ ոչ։



Հինգերորդ, օրենքի որևէ հնարավոր փոփոխություն դեռ պետք է ընդունվի Կառավարության և ապա՝ Ազգային Ժողովի կողմից։ Զուտ՝ ի գիտություն։



Այսպիսով, այո՛, կուտակայինի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը մոտենում է։ Հետևաբար, պետք է ժամանակ այնպիսի լուծում գտնելու համար, որը հնարավորություն կտա ներդնել լայն հանրության համար ընդունելի, հասկանալի և ցանկալի համակարգ։ Հենց այդ ուղղությամբ են այսօր տարվում աշխատանքներ։



Նորից հարկ եմ համարում նշել, որ այս հարցի վերաբերյալ արտահայտած ամեն միտք ու բառ գին ունի։ Եվ դա է պատճառը, որ ձեր թույլտվությամբ, զերծ մնամ ժամեր տևող քննարկումների մանրամասներից, որոնց արդյունքը շուտով պաշտոնապես կհրապարակենք»։



Եթե սրան հավելենք նաեւ կառավարության նիստում Կուտակայինի հետ կապված քննարկման ժամանակ Թանդիլյանի զուսպ պահվածքն՝ ի տարբերություն Արծվիկ Մինասյանի եւ նախագծին կողմ քվեարկելը, պարզ կդառնա, որ եթե անգամ Կուտակայինի թեման կա, պա դա միակը չէ։



Մեր աղբյուրները հաղորդում են, որ Թանդիլյանը այլ տարաձայնություններ էլ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Եւ համոզվել է, որ հետագա պաշտոնավարման դեպքում այդ տարաձայնությունները խորանալու են, ուստի որոշել է հրաժարական տալ։ Եւ քանի որ վստահ է եղել, որ իր կուսակցությունը՝ «Լուսավոր Հայաստանը», կուսակցության նախագահը՝ Էդմոն Մարուքյանը, իր ընկերները դեմ են լինելու եւ փորձելու են համոզել՝ հրաժարվի այդ մտքից, անմիջապես գրել է ֆեյսբուքում եւ հայտարարել հրաժարականի եւ կուսակցության անդամությունը սառեցնելու մասին։



Ուշագրավ է, որ հեղափոխությամբ ոգեւորված մարդիկ փոխանակ մեղադրեին Մանե Թանդիլյանին՝ թիմին «դավաճանելու», կեսճանապարհից հետ դառնալու մեջ, երեկ դիֆերամբներ էին ձոնում նրա հասցեին, անվանում խիզախ ու սկզբունքային մարդ, օրինակելի կերպար։