Շիրակի համալսարանում քրեական գործ է հարուցվել

Շիրակի համալսարանում քրեական գործ է հարուցվել
Տևական պայքարից հետո Շիրակի Պետական Համալսարանի շուրջ ստեղծված աղմուկի հետևանքով ի վերջո քրեական գործ հարուցվեց: ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից **hraparak.am**-ի հարցման ի պատասխան՝ փոխանցեցին․ «Սույն թվականի մայիսի 11-ին Շիրակի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին են ուղարկվել Շիրակի պետական համալսարանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները և դրանց կից տեսանյութերը՝ դրանցում առերևույթ հանցագործության մասին տվյալների առկայությունն ուսումնասիրելու և ՀՀ քրեական դատավարություն օրենսդրությումբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու վերաբերյալ գրավոր ցուցումով:



կատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ԲՈՒՀ-ի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներ՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:



Նշենք, որ պաշտոնեական դիրքի չարաշահման համար առավելագույն պատիժ է սահմանվում չորս տարի ազատազրկումը; Հիշեցնենք, որ ամիսներ առաջ աշխատանքից ազատված ՇՊՀ դասախոսներ Հովհաննես Խորիկյան ու Գագիկ Համբարյանը կաշառակերության եւ ապօրինությունների մեջ էին մեղադրում արդեն նախկին ռեկտոր, ՀՀԿ-ական Սահակ Մինասյանին, ով քաղաքական փոփոխություններից հետո ստիպված եղավ հրաժարական տալ: Նրան փոխարինեց պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը, որը Սահակ Մինասյանի մտերիմ ընկերն է, եւ ըստ որոշ ուսանողների ու դասախոսների, շարունակում է պաշտոնավարել նախկին ռեկտորի ոճով, եւ բուհում էական փոփոխություններ դեռևս չեն նկատվում:



**Արևիկ Հակոբյան**