Եթե առաջընթաց են ուզում, պիտի բանակցեն Արցախի հետ

Եթե առաջընթաց են ուզում, պիտի բանակցեն Արցախի հետ
ՀՀ փոխարտգործնախարար **Շավարշ Քոչարյանը** կարծում է՝ ակնհայտ է, որ Արցախը բանակցություններից դուրս թողնելու հարցում եղել են կոպիտ սխալներ։ Բայց հստակ չի նշում, թե ում կողմից՝ Ռոբերտ Քոչարյանի՞, թե՞ Լեւոն Տեր-Պետրոսյանի։



«Գիտե՞ք ինչ, Ղարաբաղը բանակցություններից դուրս թողնելն էդքան էլ սեւ ու սպիտակով չէ։ Խնդիրը նրանում չէ, որ Ղարաբաղը հանդիսանում էր բանակցությունների լիարժեք կողմ՝ ինքը բանակցում էր։ Բայց նաեւ ադրբեջանցիները բերում էին ադրբեջանական համայնքը մի տարբերությամբ՝ հենց Ղարաբաղի պատվիրակության պահանջով ադրբեջանական համայնքը նստում էր Ադրբեջանի պատվիրակության հետ, Հայաստանի պատվիրակությունը եւ Ղարաբաղն առանձին էին նստում, այդ տարբերությունը կար։ Բայց բանակցություն, այնուամենայնիվ, կար։ Մեզ դա չէ պետք, Ադրբեջանը շատ կցանկանար, որ այսօր բանակցությունների ֆորմատում լիներ Հայաստանը, Ղարաբաղը, եւ իրենք գային երկու ֆորմատով՝ ներկայացնելու դա որպես միջհամայնքային վեճ։ Իհարկե, դա բացառվում է»,- ասաց Շավարշ Քոչարյանը։ Հիմա սխալը ո՞րն էր։



«Ամեն դեպքում, միշտ պետք է ձգտել, որ նույնիսկ, այ, էդ ոչ 100 տոկոսանոց ֆորմատով, այնուամենայնիվ, Ղարաբաղը մասնակցեր։ Մյուս կողմից, մենք պետք է ձգտեինք դեռ այն ժամանակ, որ դա լինի 100 տոկոսանոց, այլ ոչ 80, կամ ոնց ուզում եք, գնահատեք։ Հիմա խնդիրը լրիվ այլ դաշտում է։ Խնդիրն այն է, որ երբ որ Ադրբեջանը ցանկանում է իրականում ունենալ առաջընթաց բանակցելու գործընթացում, նա ուղղակի բանակցում է Ստեփանակերտի հետ, ոչ թե Հայաստանի»։ Եվ, որպես օրինակ, հիշեցրեց 1994 թ․ հրադադարի համաձայնագիրը, երբ Բաքուն սկսեց բանակցել ուղիղ Ստեփանակերտի հետ։ Համաձայնագիրը, ըստ էության, պատրաստ էր, որից հետո նոր Հայաստանին առաջարկել են միանալ դրան, Հայաստանն էլ միացել է։ Այսօր Մոսկվա է մեկնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելու ֆուտբոլի աշխարհի խաղերի բացմանը, բայց նախատեսված է նաեւ հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկություն կա, որ Փաշինյանը փորձելու է ինչ-որ խնդիրներ հարթել այս հանդիպման ժամանակ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**