Մանվելն իր էրեխեքին էլ ա պատրաստ զոհի՝ մենակ թե վլաստը չտա

Մանվելն իր էրեխեքին էլ ա պատրաստ զոհի՝ մենակ թե վլաստը չտա
Էջմիածնում հունիսի 14-ին հանրահավաք է սպասվում՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի, «քաղաքը մանվելիզմից ազատագրելու» պահանջ-կարգախոսով, որին մասնակցելու նպատակով արտերկրից մոտ 4 հազար մարդ է եկել: Այս մասին մեզ հայտնեց հանրահավաքին միացած՝ 2016 թ․ Էջմիածնի ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրված Արթուր Թումանյանը, ով անցյալ տարեվերջին անձնական խնդիրներով Գերմանիա էր մեկնել եւ մեկ շաբաթ է, ինչ վերադարձել է հայրենիք: «Դուք կտեսնեք, թե հանրահավաքին ինչ հայտնի դեմքեր են մասնակցելու, ինչքան մարդ է հավաքվելու՝ առնվազն 15-20 հազար: Էջմիածնեցիները ոտքի են ելել իրենց սուրբ քաղաքն ազատագրելու պահանջով, կառուցելու, շենացնելու նպատակով: Այսպիսի սպայկա, միասնական վիճակ երբեք չի եղել մեր քաղաքում՝ շնորհիվ Մանվելի ու իր հաստատած կարգերի: Ես էլ, այսքան ամիս բացակայելով երկրից, չէի կարող չվերադառնալ, չկանգնել էջմիածնեցիների կողքին, քանի որ միշտ եղել եմ պայքարի կողմնակից»,- մեզ հետ զրույցում ասաց Թումանյանը, ով, հիշեցնենք, 2016 թ. քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ դաժան ծեծի էր ենթարկվել Կարեն, Արման Գրիգորյանների եւ նրանց մերձավորների կողմից:



Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որով դատական ակտ է կայացվել: «20 տարի շարունակ Մանվելն ինչ ասես՝ արեց էջմիածնեցիքի գլխին, բայց, չգիտես ինչու, ոչ մեկ բանի տեղ չդրեց, չկանխեց, չպատժեց: Իսկ հիմա՝ հեղափոխությունից հետո, շատ բան է փոխվել, մարդիկ ուզում են ազատագրվել 20 տարվա ստրկությունից՝ Մանվելից ու Մանվելի նմաններից: Ոնց ա, որ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ասեց՝ 7 տոկոս տարած քաղաքական ուժի անունից իրավունք չունի խոսել, դուք էլ ամսի 14-ին կտեսնեք էջմիածնեցիների տոկոսն ու կապշեք: Ոնց Նիկոլը հեղափոխություն արեց, տենց էլ մենք ենք անելու: Էջմիածինը միայն էջմիածնեցիների հողն ու ջուրը չի, այլ համայն ազգի սրբությունը, եւ համայն ազգն էլ պետք է այդ օրը ոտքի կանգնի՝ միանա մեր պայքարին: Եվ ընդհանրապես՝ բոլոր գյուղերն ու քաղաքները պետք է ոտքի կանգնեն եւ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք ինքնամաքրվեն, ազատագրվեն, տեղի մանվելներին հեռացնեն»:



**- Պրն Թումանյան, մի տեսակ ուշացած չէ՞ ձեր նախաձեռնած հանրահավաքը, ի՞նչ երաշխիք ունենք, որ ձեր առջեւ դրված խնդիրը կլուծեք՝ Կարեն Գրիգորյանին կհեռացնեք:**



Ոչ, բնավ ուշացած չի, ազատագրումն ուշացած չի լինում: Կարեն Գրիգորյանը լեգիտիմ քաղաքապետ չի, եւ նրա հրաժարականի հարցը հանրահավաքի օրակարգային թիվ մեկ հարցն է: Գիտեք, մենք էսօր Նիկոլին մենակ ենք թողել, բայց լիքը բաներ ենք պահանջում, ասում ենք՝ էս արա, էն արա: Խեղճ մարդն ի՞նչ անի, ո՞ր մեկով, ո՞ր մի «մանվելով» զբաղվի: Մենք պիտի դաշտը մաքրենք, սաղ՝ ինչ կա-չկա, տանենք-դնենք Նիկոլ Փաշինյանի դեմն ու իրանից էլ պահանջենք: Սա է մեր խնդիրը, նրանք պիտի հրաժարական տան, թողնեն, որ մենք կառուցենք մեր քաղաքը, մենք ավելի պինդ կսարքենք, տուն առ տուն, փողոց առ փողոց բոլորն զգալու են տարբերությունը:



**- Դուք շատ լավ գիտեք Գրիգորյանների ձեռագիրն ու անձամբ Ձեր մաշկի վրա եք զգացել այն՝ ծեծի եք ենթարկվել: Մտավախություն չունե՞ք, որ այս անգամ նույնը կկրկնվի՝ հանրահավաքի մասնակիցների նկատմամբ բռնություն կկիրառվի:**



Չէ՛, չէ՛, մենք է՛լ չենք վախենում, քանի որ վախենալուց էլ ենք հոգնել, հոգնելուց էլ ենք հոգնել: Էլ չկա տենց հասկացողություն: Դուք, կրկնում եմ, ամսի 14-ին, ժամը 18-ին կտեսնեք, հո խոսելո՞վ չի:



**- Տեղեկություն կա, որ քաղաքապետարանը հրահանգում է իր ենթակայությամբ գործող հաստատություններին՝ չմասնակցել հանրահավաքին, սպառնում է պատժել, եթե մասնակցեն:**



Այո, մենք կուրսի ենք եւ հանրահավաքի ժամանակ այդ հարցը բարձրացնելու ենք, որ մանկապարտեզների, դպրոցների տնօրեններին քաղաքապետարանի աշխատակիցները զգուշացնում, սպառնում են: Բայց էջմիածնեցիներն այդ սպառնալիքներից էլ են հոգնել, էս ո՞ր դարն ա՝ սպառնալիքի լեզվով խոսել մարդկանց հետ, անցել են էդ ժամանակները:



**- Տեղեկություն ունենք, որ գեներալի եղբորորդին՝ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը նույնպես միանալու է հանրահավաքին:**



Այո, ոչ միայն եղբորորդին, այլ նաեւ ամբողջ գյուղը՝ մոտ 400 հոգի, Զարզանդ Գրիգորյանի գլխավորությամբ գալու է հանրահավաքին: Արշալույսը Մանվելի ծննդավայրն է, բայց նրան նույնիսկ այդ գյուղում չեն ընդունում, հարգում: Մանվելը, գիտեք ինչ, ո՛չ արշալույսցուն ա սիրում, ո՛չ էջմիածնեցուն, ընդհանրապես ոչ մեկին էլ չի սիրում: Նա միայն իրեն ա սիրում ու իր վլաստն ու փողերը: Սա մի մարդ է, որը զոմբիացած մի բան է պնդում, որ ինքը կռվել ա, եւ «սրբազան սուրը» վերցրել-ընկել ա ժողովրդի ջանին, հա՛ կռվել եմ, կռվել եմ, ով որ ինձ ասի վատն ես, ուրեմն թուրք ա եւ այլն: Հլը մի սրա կարգախոսին նայեք, սրա ուղեղի ծալքերին… Դուք ո՞նց կվերաբերվեք նրան, որ մարդ իր կնոջ ու երեխայի հետ գա Էջմիածին, ու այդ մարդուն իր կնոջ ու երեխայի ներկայությամբ նսեմացնեն… Դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ նստվածք է տալիս: Մանվելն ամբողջ կյանքում, այ, այսպիսի կեղտոտություններ է արել, միայն վատություն:



**- Իսկ վերջին օրերին ակտիվացած Դոն Պիպոն եւ քրեական այլ հեղինակություններ միանալո՞ւ են հանրահավաքին:**



Այո, բոլորն էլ լինելու են: Բայց ես մի հարց տամ՝ ի՞նչ է նշանակում քրեական հեղինակություն: Մանվելը Քրեական օրենսգրքի սաղ հոդվածների մեջ կա՝ խարդախությունից բռնած՝ մինչեւ սպանություն: Հիմա եկեք վերլուծենք՝ ո՞վ ա քրեական հեղինակությունը, քրեա-օլիգարխը: Մենք հենց սկզբից ենք սխալը թույլ տվել՝ զինվորականներին մենք քաղաքականությունը պիտի դավերիա չանեինք, արեցինք, դրա համար էլ ազգովի էս օրն ընկանք: Էս ո՞ր դարն ա, չենք էլ հասկանում՝ Աֆրիկայո՞ւմ ենք ապրում, թե՞ հետամնաց այլ պետությունում: Փաստորեն, դեպի Եվրոպա ենք գնում, բայց Աֆրիկայից հլը դուրս չենք եկել:



**- Պնդում են, թե հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել Էջմիածնում, նախկին «կարգերը» չեն գործում՝ «ռեկետ», մեքենաների անիվներ իջեցնել, փակ փողոցներ եւ այլն:**



Գիտեք, դա կապ չունի, ժողովուրդը, ինչպես ասում են՝ էդ կուտն էլ չի ուտում: 20 տարի էս վիճակն է եղել, դե թող 20 տարի շարունակ չանեին էս լկտիությունները:



**- Եթե Կարեն Գրիգորյանը հրաժարական տա, արտահերթ ընտրությունների դեպքում Դուք կրկին կառաջադրվե՞ք քաղաքապետի պաշտոնում:**



Ես էն ժամանակ էլ չէի ուզում քաղաքապետ դառնալ, իմ խնդիրն էջմիածնեցիներին ոտքի հանելն էր: Ես նրանց ցավն ու ամեն ինչը վեկալա իմ վրա ու ասեցի՝ ելեք, մանվելիզմից պրծնենք, քանի որ մեր ժողովուրդը մեղք ա, նման մթնոլորտում այլեւս ապրել հնարավոր չի․ Մանվելը՝ թագավոր, մնացածը՝ իրեն ծառա: Ինքն իր ձեռքով իր հանդեպ թշնամություն է սերմանել ժողովրդի մեջ, որովհետեւ մեկից գողացել ա, մեկից՝ խլել, մեկին՝ քրֆել, մեկին՝ ծեծել… Իրեն փառքը տարավ, էլի, չհասկացավ, թե հանուն ինչի ապրեց, մնաց «պրյոմի տակ»՝ կոպիտ ասած: Ինչ վերաբերում է քաղաքապետի թեկնածու առաջադրվելուն, ապա անկեղծ ասեմ՝ այս պահին նման հարց չի քննարկվում, որեւէ թեկնածու չկա: Մեր գերագույն նպատակն է, որ չլինի Մանվելը, հետո էջմիածնեցիքով կորոշենք՝ ով կառաջադրվի, ում կառաջադրենք: Մի այսպիսի հարց էլ՝ Կարեն Գրիգորյանն ո՞վ ա, որ հրաժարական տա կամ չէ: Նա՞ է որոշողը, նրա հերն ա որոշողը՝ տա-չտա, հելնի-չհելնի: Նա ինքնուրույն միավոր չի, հետո՞ ինչ, որ անունը քաղաքապետ ա:



**- Լավ, Մանվել Գրիգորյանը կհորդորի՞ որդուն հրաժարական տալ:**



Դուք Մանվելին չեք ճանաչում, նա իր էրեխեքին էլ կզոհաբերի, իր թոռներին էլ, բայց չի թողի, որ իր վլաստը կորի: Էսօր Մանվելը 60 հատ տուն ունի Էջմիածնում՝ տարբեր մարդկանց անուններով: Էդ տները խլել ա մարդկանց ձեռքից, մեկին կարող ա հազար դոլարը տվել ա, 4 հազարը չի տվել եւ այսպես շարունակ: Նա մի դեւ ա, սատանա, որը պետք է գահընկեց արվի:



**- Անկախ այն բանից, թե ինչ ելք կունենա ամսի 14-ի հանրահավաքը, Դուք կմնա՞ք ՀՀ-ում, թե՞ կվերադառնաք Գերմանիա:**



Ես վերադարձել եմ իմ քաղաք, այնպես չի, որ ես փախել էի, ես հայտնի միջադեպից հետո տարիուկես այստեղ էի, ուղղակի կնոջս առողջական խնդիրների հետ կապված եմ մեկնել Գերմանիա: Ես ավելին ասեմ՝ էնքա՜ն հայ ա վերադարձել դրսից, ու չեն ուզում նորից հետ գնան, ու դուք կտեսնեք, թե մեկ տարի հետո ինչքան բան փոխված կլինի Էջմիածնում։ Մենք ուզում ենք մաքրենք, ապա վերակառուցենք մեր սուրբ քաղաքը, վատ բա՞ն ենք ուզում:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**