Տարաձայնություններ և հրաժարական

Տարաձայնություններ և հրաժարական
Երեկ մեծ թվով նշանակումներ ու աղմկոտ հրաժարական եղավ, սկանդալային ելույթներ ու գնահատականներ հնչեցին։ Նշանակումներն այնքան շատ են, որ չենք հասցնում դրանց հետեւել, առավել եւս՝ դրանց բովանդակության մեջ խորանալ։ Մանավանդ՝ խորանալու համար ժամանակ է հարկավոր․ նորանշանակները, որպես կանոն, հանրությանն անհայտ անձինք են եւ միայն սոցիալական ցանցերում ենք կարողանում գտնել նրանց լուսանկարները կամ ստատուսները կարդալով ենք փորձում պատկերացում կազմել, թե ովքեր են, որտեղից են գալիս։ Բայց եթե նոր նշանակվողների թեման արդեն իսկ պարզ է, ապա հազիվ մեկ ամիս աշխատած Մանե Թանդիլյանի հրաժարականն իսկական փոթորիկ առաջացրեց երկրում։



Նա, հավանաբար, պատմության մեջ ամենակարճ աշխատած նախարարն է, որի հրաժարականի մասին նախօրեն դեռ ոչինչ չէր հուշում։ Ինչպես ոչինչ չէր հուշում, որ համաձայնության կառավարության մեջ մեծ ներկայություն ունեցող «Ծառուկյան դաշինքը» կսկսի քննադատել կառավարությանը, եւ պատճառը կլինի «Բարեգործության մասին» օրենքը, որով երիտասարդ իշխանավորները փորձում են կանխատեսելի դարձնել ընտրությունների ելքը։



Եթե սրան գումարենք նաեւ նախօրեին դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանի հետ հրապարակային ընդհարումը եւ երեկ ՀՅԴ-ականների կողմից հնչեցված ծանր գնահատականներն առ Նիկոլ Փաշինյան, կարելի է արդեն իսկ խոսել համաձայնության կառավարության ճաքերի մասին։ Իր թիկունքին ժողովրդի աջակցությունը զգացող Նիկոլ Փաշինյանը, բնական է, ՀՅԴ-ի եւ «Ծառուկյան դաշինքի» աջակցությունից օգտվեց միայն մի պատճառով՝ որ խորհրդարանում նրանք ներկայացված են, եւ առանց նրանց աջակցության նա չէր կարող ընտրվել վարչապետ։ Բայց չէ՞ որ այդ աջակցության կարիքը զգացվելու է նաեւ առաջիկայում՝ գոնե Ընտրական օրենսգիրքն ընդունելիս։