Ինչո՞ւ էր դիվանապետը փորձում խլել վանականի խաչը․ դիվանապետի պարզաբանումը

Ինչո՞ւ էր դիվանապետը փորձում խլել վանականի խաչը․ դիվանապետի պարզաբանումը
Անցած կիրակի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում իսկական ծեծկռտուք տեղի ունեցավ հոգևորականների մասնակցությամբ։ Կաթողիկոս Գարեգին Բ-ն ձեռնադրման արարողություն անցկացրեց և երբ լքում էր եկեղեցին, նրա հրաժարականը պահանջողները՝ Հայր Կորյունի գլխավորությամբ կաթողիկոսին նվիրված շարական երգեցին, հետո սկսեցին բղավել «Գարեգին, հեռացիր»։



Սրան հաջորդեց քաշքշուկ, հետո նաև ծեծկռտուք։ Ոստիկանությունը նույնպես միջամտեց, նույնիսկ մարմնական վնասվածքներ ստացողներ եղան։ Բախման ամենաթեժ պահին, երբ կաթողիկոսը դուրս էր գալիս եկեղեցուց, նրա հրաժարականը պահանջողները շրջապատել էին վեհափառին ուղեկցող հոգևորականներին։ Մայ Աթոռի դիվանապետ Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը փորձեց խլել «ընդդիմադիր» ճակատի ներկայացուցիչներից մեկի խաչը, ով, ինչպես հետագայում պարզեցինք, վանական է։ Մայր Աթոռի դիվանապետին հարց ուղղեցինք, թե ինչո՞ւ էր ցանկանում խլել վանականի խաչը։ Արշակ Սրբազանը չկարողացավ հստակ ասել՝ ճիշտ է վարվել, թե սխալ, բայց ասաց, որ այդ պահին այդ զգացողությունն է ունեցել․



«Անկեղծ ասեմ, յուրաքանչյուր արարք պետք է դիտել այդ միջավայրի, այդ դեպքերի էմոցիոնալ ֆոնի մեջ։ Ես չեմ կարող ասել՝ ես ճիշտ եմ վարվել, թե սխալ, բայց, անկեղծ ասած, այդ պահին իմ ունեցած զգացողությունն այն էր, որ այն, ինչ այդ պահին անում էր այդ երիտասարդը, բացարձակապես կապ չուներ խաչի հետ։ Չի կարելի խաչը պարզել, խաչի ներքո թաքնվել, ու կաթողիկոսին ու եկեղեցականներին անվանել սատանա, վարկաբեկել մարդկանց։ Եթե մենք հեթանոս ենք, ապա պետք է հեթանոսությանը բնորոշ ատրիբուտներ կրենք, եթե քրիստոնյա ենք, քրիստոնեկան խորհրդանիշը պետք է ծառայեցնենք ըստ նշանակության ու ըստ նպատակի։ Խաչը խաղաղության, ինքնազոհության գործիք է։ Խաչ կրողը պետք է կենտրոնանա սեփական մեղքերի վրա, քան թե դիմացինի թերացումների կամ մեղքերի։ Ես այդ պահին այն համոզումը ունեի, որ այդ խաչը և իր արարաքը բացարձակապես կապ չունեն իրար հետ։ Ես անկեղծ եմ ասում՝ չգիտեմ, թե ինչքանով է իմ արածը ճիշտ եղել և ինչքանով սխալ,բայց այդ պահի իմ զգացողությունը դա է եղել։ Չպետք է թույլ տալ, որ խաչի ետևում թաքնված մարդը անի գործեր, որոնք Աստծո հետ բացարձակապես կապ չունեն»