Սահմանադրական ճգնաժա՞մ, ո՞ւր է այն

Սահմանադրական ճգնաժա՞մ, ո՞ւր է այն
Օրերս մեր մամուլում հրապարակումներ եղան Հայաստանում, իբր, սահմանադրական ճգնաժամի մասին: Չենք կարող ասել, թե կարոտախտից բացի ինչն է դրդել հրապարակումների հեղինակներին ու լրատվամիջոցներին շրջանառել այդ կեղծ թեման, բայց անզեն աչքով էլ կարելի է տեսնել, որ եթե այսօր Հայաստանում մի բան գործում է, դա սահմանադրությունն է, իսկ պրոցեսները, որոնք մինչև մայիսի 1-8-ը փոքր-ինչ դուրս էին ընկել սահմանադրականության հունից, սկսել են վերադառնալ հուն:



Հնարավոր է` ինձ չհավատաք, բայց հարցրեք Նիկոլին` սահմանադրական ճգնաժամ կա՞ այսօր Հայաստանում, թե՞ ոչ: Եվ նա, կարծում եմ, ձեզ կասի` չկա: Ի դեպ` ոչ Նիկոլ Փաշինյանը և ոչ էլ Սերժ Սարգսյանն այս սահմանադրության ջերմեռանդ պաշտպանները չեն եղել: Փոխարենը, հիմա նրանք երկուսով էլ համամիտ են, որ իշխանափոխություն Հայաստանում տեղի չէր ունենա ոչ նախագահական և ոչ էլ կիսանախագահական կառավարման պայմաններում: Չլիներ նոր սահմանադրությունը, այս օրերին մենք դեռ քննարկելիս կլինեինք 2018թ. նախագահական ընտրությունների արդյունքները, Շարմազանովը կպնդեր որ այդ ընտրություններն ավելի լավն էին, քան նախորդները, Նիկոլ Փաշինյանն էլ կոկորդ կճղեր, թե խախտումներ եղան, ընտրակաշառք բաժանվեց և այլն և այլն: Եվ ուրեմն, փառք Աստծու, որ մենք փոխեցինք սահմանադրությունը և այսօր ունենք շատ առումներով նոր Հայաստան:



Այն, ինչ այսօր սխալմամբ համարում են սահմանադրական ճգնաժամ, իրականում նոր սահմանադրության գործադրումն է, որին պետք է դեռ հարմարվել: Ամեն ինչ վերջնականապես կկարգավորվի ԱԺ արտահերթ կամ հերթական ընտրություններից հետո` նայած, թե ինչպես կդասավորվի Ընտրական օրենսգրքի քննարկումը: Այնպես որ ամեն ինչ կախված է մեզնից և ոչ թե սահմանադրությունից, ճգնաժամի մեջ մենք ենք և ոչ թե սահմանադրությունը:



Աշխարհի և ոչ մի սահմանադրություն հնարավոր չէ մի քանի վայրկյանում համապատասխանեցնել անակնկալ իրավիճակներին, կամ գրել այնպիսի սահմանադրություն, որի մեջ նշված կլինեն բոլոր հնարավոր ֆորսմաժորային իրավիճակներն ու այդ իրավիճակներում տվյալ սահմանադրության գործադրման կարգը: Եվ, վերջին հաշվով, սահմանադրությունն ընդամենը միմյանց չհակասող օրենքների համադրություն է, որը պետականության և հասարակության պահանջներին համապատասխան միշտ էլ կարելի է բարեփոխել ու դարձնել ավելի լավը, ավելի ընդգրկուն, բարեփոխել այնպես, որ այն շարունակաբար նպաստի կառավարման ընտրված ձևի ամրապնդմանն ու զարգացմանը:



Այսօր Հայաստանում ոմանք դեռ երազում են` ԱԺ ընտրություններում հաղթելուց հետո Նիկոլ Փաշինյանը կվերցնի ու կվերականգնի կառավարման նախագահական (կիսանախագահական) ձևը, կդառնա նախագահ ու հանգիստ կղեկավարի: Դարձյալ խորհուրդ եմ տալիս դիմել Նիկոլ Փաշինյանին` նա համաձա՞յն է, արդյոք, վերականգնել նախագահական կառավարման համակարգը, եթե, իհարկե, առաջին հերթին մտածում է երկրի առաջընթացի և ոչ թե իր բարեկեցության մասին: Եկեք այս օդեղեն խոսակցությունը դնենք մի կողմ ու տեսնենք, թե ինչ պատկեր է հետխորհրդային տարածքում:



Մի քանի բացառություններ չհաշված` ամենուր նախագահական համակարգ է, սակայն հենց այդ մի քանի բացառություններում է, որ որոշակի առաջընթաց, ավելի շատ ժողովրդավարություն, միջազգային հանրության կողմից ավելի մեծ ընկալում գոյություն ունի: Չբացարձակեցնենք այս փաստարկը, որովհետև կան նաև նախագահական կառավարմամբ երկրներ, որոնց մենք կերազեինք հասնել, բայց մեր մերձավոր հարևանների` Վրաստանի և Ուկրաինայի համեմատությունն էլ վկայում է, որ խորհրդարանական կառավարմամբ երկրները շատ ավելի պաշտպանված են ներքին և արտաքին ցնցումներից, քան «քյոխվայապետությունները», որոնցից մեկն էլ Հայաստանն էր 2008 թվականին: Ո՞վ կարող էր երաշխավորել, որ 2018 թ․ նախագահական ընտրություններում չէր կրկնվելու 10-ամյա վաղեմության խայտառակությունը, և կամ Սերժ Սարգսյանը իշխանությունը սկուտեղի վրա չէր մատուցելու իր որևէ թիմակցի կամ բարեկամի: Ավելին, չլիներ նոր սահմանադրությունը, ո՞վ կարող էր երաշխավորել, որ Սերժ Սարգսյանը չէր գնալու Պուտինի կամ Ալիևի ճանապարհով, այն է` փոխել սահմանադրության կետը և դառնալ հավերժություն:



ՀՀ կառավարության ծրագրի ընդունումը ԱԺ-ում իրավամբ կարելի է համարել նախկին իշխանության կարևոր քայլերից մեկը` սահմանադրական կարգը պահելու և գործընթացները հունավորելու ուղղությամբ: Առաջինը խաղաղ ցույցերի նկատմամբ հանդուրժողականության ցուցաբերումն էր, ապա` Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հաջորդիվ, ելնելով իրավիճակից, ՀՀԿ-ն վարչապետ ընտրեց Նիկոլ Փաշինյանին, իսկ հունիսի 7-ին հաստատեց նաև կառավարության ծրագիրը, որին համաձայնելն իսկապես դժվար էր: ՀՀԿ-ն այսօր, շատ զգուշավոր, փորձում է 1-2 պատգամավորի ճշգրտությամբ դառնալ փոքրամասնություն, ինչը թույլ կտա նոր կառավարությանը աշխատել, բայց միևնույն ժամանակ, մնալ ԱԺ հսկողության ներքո: Ո՞ւմ հասկանալի չէ, որ ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները հարկ եղած դեպքում չեն քվեարկի ՀՀԿ-ի նման ու չեն կասեցնի կառավարության սխալ կամ ոչ այնքան ցանկալի քայլը` լինի դա արտաքին քաղաքականության, պաշտպանության կամ երկրի անվտանգության հետ կապված: Կարելի է ասել` նաև ՀՀԿ-ի ջանքերով ստեղծվել է մի վիճակ, որ կարող է մեզ սահուն կերպով հասցնել ԱԺ ընտրությունների, որից հետո սահմանադրության լիարժեք կիրառությանն այլևս այլընտրանք չի լինի:



Վերջում կցանկանայի երկու խոսք ասել նաև նոր իշխանությունների մասին, որոնք դեռ լավ չեն գիտակցում գործող սահմանադրության բոլոր հնարավորությունները: Կարծում եմ` ժամանակն է, որ կառավարությունը փոխի իր անվանումը: Ի՞նչ է նշանակում` «ժամանակավոր համաձայնության կառավարություն»: Ո՞վ է ասել, որ մեր համաձայնությունը ժամանակավոր է: Իսկ եթե մտածում ենք, որ կառավարությունը ժամանակավոր է, ապա պետք է ասել նաև, որ ժամանակավոր են բոլոր կառավարությունները` ընտրությունից- ընտրություն կամ վարչապետների հրաժարականից-հրաժարական ընկած ժամանակամիջոցներում: Անցել են այն ժամանակները, երբ նախագահն էր որոշում, թե ինչքան պետք է աշխատի վարչապետը:



Միանգամայն այլ հարց է, որ տվյալ կառավարությունն, օրինակ, խնդիր է դրել գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների: Դա արդեն կառավարության ծրագրային կետ է, և ոչ թե նրա ձևականության և ժամանակավոր լինելու ցուցիչ: Կարելի է ասել` համաձայնության կառավարություն և վերջ: Զարգացնելով այս միտքը` նշենք, որ Նիկոլ Փաշինյանը, ցանկության դեպքում, կարող էր ձևավորել ազգային համաձայնության կառավարություն` նկատի ունենալով նաև սփյուռքյան կարող ուժերը: Վերջին հաշվով` Հայաստան-սփյուռք կապերը Սերժ Թանկյանին երգացնելով կամ Արսինե Խանջյանին հարթակ բարձրացնելով չեն միայն ամրապնդվում: Երևանի սլավոնական համալսարանի վունդերկինդներին պաշտոններ բաժանելու փոխարեն, կարելի էր, երևի, բանիմաց մարդիկ բերել նաև սփյուռքից, որոնք շատ ոլորտներում` սկսած սփյուռքի նախարարությունից, հաստատ ավելի օգտակար գործ կանեին, քան ֆեյսբուքներում ժամավաճառությամբ զբաղվելը:



Խոսում ենք ներդրումներից, բայց ապագա ներդրողներին ասում ենք` ամեն մեկիդ վրա ԱԱԾ մի աշխատակից ենք կարգելու: Սա գիտե՞ք ինչի նման է: Ինչպես ասես` հորս արև, քո ներդրումը պաշտպանված կլինի: Սա խայտառակություն է: Մնում է` ԱԱԾ աշխատակիցներին գործուղենք արտերկիր, որ այնտեղից ներդրողների բերման ենթարկեն: Հավատացնում եմ` դրա կարիքը չկա: Ներդրողը, «հորս արև»-ին հավատալուց առաջ իր աչքերին է հավատում` կարդացած սահմանադրությանը, օրենքներին, այդ երկրում եղած բիզնես-հնարավորություններին:



Ինչ-որ առումով պարտադրաբար Հայաստանում հայտնված սիրիահայերն այսօր հիացնում են բոլորին իրենց աշխատասիրությամբ, փոքրիկ, ընդհուպ ընտանեկան բիզնեսներով, նաև օրինակելի հարկատուներ են: Ի՞նչն է խանգարում լավ պայմաններ առաջարկել ռուսաստանահայ, ամերիկահայ կամ ֆրանսահայ գործարարներին, որոնց համար ազգային համաձայնության կառավարությունը շատ ավելի գրավիչ կլիներ, քան ուզածդ ժամանակավոր կառավարություն:



**Էդիկ Անդրեասյան**