Մի՛ ստիր

Մի՛ ստիր
Հայաստանում Արցախի ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը լրագրողներին ասել է, որ Արցախում արտակարգ դրության նման դրություն կա, իշխանությունները ճանապարհը փակելու պարագայում կարող էին գնալ ցանկացած գործողության, բայց չեն արել, իսկ եթե Բակո Սահակյանի տեղն ինքը լիներ, ապա ամեն ինչ կավարտվեր [հինգ վայրկյանում](https://168.am/2018/06/08/964451.html ):



Ստեփանակերտցի երիտասարդներն, ուրեմն, պետք է փառք տան աստծոն, որ Իսագուլյանն այդ օրը չի եղել տեղում: Իսկ եթե լուրջ, ապա Գառնիկ Իսագուլյանը պարզապես ստում է, որովհետեւ Արցախում «արտակարգ դրության նման դրություն» գոյություն չունի: Եւ գոյություն ունենալ չի կարող, որովհետեւ Արցախի Հանրապետությունը չունի ո՛չ արտակարգ, ո՛չ ռազմական դրության մասին օրենք: Չունի նաեւ հավաքների ազատության մասին օրենք: Եւ ֆորմալ առումով ցանկացաց ցույց, հանրահավաք կամ երթ ապրիորի ոչ օրինական է:



Բայց Արցախն ունի Սահմանադրություն, որը երաշխավորում է քաղաքացիների խաղաղ ցույցի, երթի, հանրահավաքի իրավունքը: Այնպես որ, եթե իշխանությունը գնար մի խումբ երիտասարդների հավաքը ոստիկանության կամ բանակի միջամտությամբ ուժով ցրելու քայլին, ապա կխախտեր Սահմանադրությունը, կբռնանար մարդու իրավունքների վրա:



Ի վերջո, քաղաքացիների մեղքը չէ, որ իշխանությունը Սահմանադրության ընդունմանը հաջորդած ավելի քան տասը տարիներին այդպես էլ չի ընդունել հավաքների ազատության, արտակարգ դրության եւ ռազմական դրության մասին օրենքները, օրենսդրությունը չի համապատասխանեցրել Սահմանադրությանը: Եւ հենց այդ եւ բազմաթիվ այլ թերացումներն են պատճառը, որ հանրությունը դժգոհում է:



Գառնիկ Իսագուլյանը, մինչդեռ, Արցախի իշխանություններին վերագրում է շատ բարձր վարկանիշ: Հետաքրքիր է՝ ի՞նչն է նրան ստիպում բացահայտորեն ստել: Եւ եթե վաղն Արցախում բոլորովին այլ զարգացումներ լինեն, նա չի ողջունելու՞ փոփոխությունները: Ինչպես որ դեմ էր Հայաստանում իշխանափոխությանը, բայց առաջիններից մեկն էր, որ շտապեց Նիկոլ Փաշինյանին հրապարակավ շնորհավորել վարչապետ նշանակվելու կապակցությամբ: