Կեցցեք

Կեցցեք
Մեր խառը ժամանակներում մի տեսակ աննկատ մնաց Երեւանի կենդանաբանական այգու նոր տարեշրջանի բացումը: Արդար չգտնվեցինք այն մարդկանց հանդեպ, որոնց ջանքերով հիրավի հեղափոխական փոփոխություններ են կատարվել այգում: Հիացած եմ, խոսքեր չունեմ ասելու, թոռնիկս, մանավանդ, որ գնդակի նման այս ու այն կողմ էր սլանում, բառեր չէր գտնում ուրախությունն արտահայտելու: Անպատմելի էր նրա բերկրանքը, երբ մենք ներքեւում` բարձունքին, տեսնում էինք գորշ արջին` իր համար զբոսնելիս` բնության մեջ, ասես նրան մեզնից միայն տարածությունն էր բաժանում: Իսկ ի՞նչ ասել այն զգացողությունների մասին, որ ունեցանք վագրերի եւ առյուծների ազատավանդակների մոտ:



Այդ կենդանիները, ախր, մեր կենդանաբանական այգում միշտ եղել են փոքրիկ վանդակներում, տպավորվել են որպես ճաղերի հետեւում դեսուդեն խփվող մեծ կատուներ: Իսկապես, հիմա շատ կենդանաբանական այգիներ կերազեին այդ գիշատիչներին այնպես ցուցադրել, ինչպես Երեւանի այգին: Իսկ ի՞նչ առողջ ու մաքուր տեսք ունեին նրանք, ինչպիսի՞ փայլատակող մորթ, որ նույնպես լավ պայմանների հետեւանք է:



Հարակից բլուրներից ու ժայռերից նվաճել, ընդարձակել են այգու տարածքը, գլխավոր ճեմուղու մի կողմից անհետացել են գարշահոտ արձակող փոքրիկ ճաղավանդակները, որոնց տեղում հիմա կանաչ գազոն է, լեմուրներն ու շատ թռչուններ «բարելավում» են ստացել եւ ըմբոշխնում են նոր «բնակարանների» հարմարավետությունը: Հերթը, հավանաբար, կապիկներինն է, որոնք այս պահին շատ նման են ոստիկանության բաժանմունքի հատուկ ճաղավանդակում (обезянник) նստած բերման ենթարկվածների:



Ես կասեի` փիլիսոփայություն է փոխվել մեր կենդանաբանական այգում, որը պետք է հասնի բոլոր կենդանիներին: Ինչո՞ւ է գետաձին հիմնականում հետույքով կանգնում դեպի այցելուները: Որովհետեւ մենակ է: Մենակ է նաեւ փիղը, որ իր մեծ «բնակարանից» դուրս է գալիս միայն բնական կարիքները հոգալու ժամանակ: Մենակ է զեբրը: Պետք է մտածել նաեւ այս ուղղությամբ: Ընձուղտ չունենք, բայց ի՞նչն է մեզ խանգարում այգու մի հատվածում էլ վայրի խոզ (վարազ) ունենալ, մանավանդ, որ նրանք միշտ էլ եղել են այնտեղ: Պե՞տք էր, արդյոք, մի հսկա տարածք հատկացնել 2 փետրահան արագիլներին, որոնք գեղեցիկ են ճախրանքի պահին, բայց ո՛չ բետոնի վրա: Այդ տարածը կարելի է ծառապատել եւ այնտեղ տեղավորել վեհաշուք հովազների:



Բացման օրից չի նվազում մարդկանց հոսքը կենդանաբանական այգի: Թոռնիկս, դեռ այգում, հարցնում է` էլի կգանք, չէ՞: Իհարկե կգանք… Այսպես է միշտ․ երբ լուրջ ներդրումներ ես անում լավ գործերում, դրանք փոխհատուցվում են բազմապատիկ: Իսկ ի՞նչ արժեն այն բերկրանքն ու ուրախությունը, որ այգին բարեկարգողներն ու կենդանիներին ազատություն պարգեւած մարդիկ են պատճառել մեր երեխաներին:



Եթե չեմ սխալվում, այգու բարեկարգման եւ նոր ազատավանդակներ ստեղծելու աշխատանքների եւս մեկ փուլ կա առջեւում: Հույս ունենք, որ դրանից հետո ավելի լավ այգի կունենանք, բայց այսօր էլ կարող ենք ասել` կեցցեք, այսօր էլ կարելի է հպարտանալ, որ մեր կենդանաբանական այգին իր ռելիեֆով ու ռելիեֆին ձուլվող գրագետ լուծումներով իսկապես լավերից մեկն է տարածաշրջանում:



**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**