Դարն ապրած խղճուկ մեքենա

Դարն ապրած խղճուկ մեքենա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության նոր ծրագրի պատկերումն ավելի շատ ուղղված էր հայկական թավշյա հեղափոխությունը կյանքի կոչած ժողովրդին, քան ԱԺ-ում հավաքված պատգամավորներին, մանավանդ՝ ինքն իրեն զավեշտալիորեն ընդդիմություն հռչակած ՀՀԿ-ին:



ԱԺ-ում «իբրեւ ընդդիմություն» մետամորֆոզի ենթարկված ՀՀԿ-ն բեմադրությունների շքերթը շարունակում է կառուցել շարմազանովության ու աշոտյանության սնամեջ ու դեգեներատ ցինիզմի շուրջ: Փաստացի դիակացած ուժի «ծանր հրետանին» ամենուր, ամեն առիթով շարմազանովություն ու աշոտյանություն փրցնելն է: Մի ուրու է շրջում ԱԺ-ում՝ ՀՀԿ-ի տաժանալի ու անհանգիստ ուրուն, մարդ է ման գալիս, որ երկրաշերտին կպած մարմինն ի վերջո հողին հանձնեն: Եվ հանձնում են՝ մշտապես Աշոտյանն ու Շարմազանովը՝ ուղղակի «խոսելով» այնպես, ինչպես միայն իրենք են կարողանում «խոսել»:



Եվ իրականում հենց այս երկուսն են ներկայիս ՀՀԿ-ն, նախկին իշխանության երեկը, այսօրն ու վաղը, այս երկուսի բնույթն է Սերժ Սարգսյանի աղուհացը՝ ցինիզմ ճոճելով պինդ ծանրացած իրենց անոտության ուսերին: Նրանք հեռանալ չեն ուզում, հեռացվել չեն ուզում, «պոետաբար», կեղծ պաթոսով լի ելույթներում կառավարության ներկայացրած ծրագրի եղանակն են բաժակաճառային ու մանիֆեստային համարում:



Սա նշանակում է, որ ՀՀԿ-ն, բառիս բուն իմաստով, վերջին հոգեվարքի մեջ է, վերջին աղերսներն ու վերջին կառչումներն են, «ամեն ինչի պատրաստ են, մենակ թե բռնվելու տեղ լինի»: Կքննադատեն նոր կառավարության ծրագրի դրույթները, այն խիստ թույլ ու մանիֆեստային կհամարեն, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի ականջին «բաներ կկաթացնեն», ամեն տառի տակ իրենց զազրելի «գաղափարաբանական, հայրենասիրական պետականամետությունը» կընդգծեն: Բայց, ահա, կգա քվեարկության պահը, եւ վերստին ամեն գնով գոյելու համար իբր կուսակցության միայն մի հատվածը կքվեարկի ծրագրի օգտին:



Բայց ակնհայտ է՝ ամեն ինչ վերջացել է, այլեւս չի անցնում, շարմազանովությունն ու աշոտյանությունը դարն ապրած խղճուկ մեքենայի տպավորություն են թողնում, ոչինչ հնարավոր չէ փրկել, գնացքը գնացել է, բոլոր հնարավոր ու երեւակայական նավերը խորտակվել են, պետությունն արատի ու ավերի մեջ ապականած քաղաքական ուժն ԱԺ-ում պարզապես մի փուչ պարկի է վերածվել: Եվ այդուհանդերձ չմոռանանք՝ փուչ պարկի պայթյունը եւս ի զորու է մեծ վնասներ հասցնել, ուստի ՀՀԿ-ի փուչ պարկի ամենավերջին պայթյունին լրջորեն նախապատրաստվել է պետք:



**Արամ ՊԱՉՅԱՆ**