Եթե անգամ Կաթողիկոսը սուրբ լիներ, իսկ Հայր Կորյունն էլ՝ ամենամեղավոր հոգևորականը…

Եթե անգամ Կաթողիկոսը սուրբ լիներ, իսկ Հայր Կորյունն էլ՝ ամենամեղավոր հոգևորականը…
Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ այն քիչ ընտանիքներից ենք, որ պատարագներին մասնակցում ենք ամբողջ կազմով: Մասնակցում ենք ավելի քան տասը տարի: Անշուշտ, սա կարող է նշանակել միայն, թե փորձում ենք քայլել քրիստոնյա դառնալու ճանապարհով:



Եվ պատկերացրեք իմ վրդովմունքը նաև որպես լրագրող, երբ կարդում եմ քարոզչական կեղտոտ գործիքների արդյունք այն նյութերը, թե Գարեգին Բ-ի դեմ բողոքողները Եկեղեցուց դուրս գտնվող մարդիկ են, ավելին՝ աղանդավորներ: Նման հերյուրանքների համար պատասխան են տալու՝ գիտեք, թե որ ատյանում;



Որպես Գարեգին Բ-ի և Նավասարդ Կճոյանի համար տասնյակ տարիներ պատարագներին աղոթողներ, կարծում ենք, այսօր իրավունք ունենք ասելու՝ ԱՐԴԵՆ ԲԱՎ Է, ԱՂՈԹԱՍԵՐ ՀԱՅՐԱՊԵՏ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ: Արդար, սուրբ Հայրապետ, որը փախուստի չի դիմի իր սեփական հոտից:



Եվ այդ պահանջի համար, այս օրերին, իմ ծանոթ քահաններից շատերը հեռացրին ինձ ֆեյսբուքյան ընկերներից, «մոլորյալիցս» չեն վախեցել միայն Տեր Սմբատը, Տեր Առաքելը, Հայր Վարդանը, ևս երկու անուն… Սիրելիներս, այդ դու՞ք եք հանդուրժողականության կոչ անում և սեր քարոզում: Բա փորձեր անեիք զրուցելու, բա փրկեիք ինձ՝ մոլորյալիս: Ֆեյսբուքն ինչ է, զգուշանանք, որ կյանքի գրքի՛ց մեր անունները չջնջվեն:



Միևնույն ժամանակ, կան հոգևորականներ, որ մասնավոր զրույցների ընթացքում համակրում են այս շարժումը, իրենց տան պատերի ներքո միանում պահանջին, սակայն հրապարակավ վախենում են: Վստահ եմ, որ խղճմտանքի ու վախի այս հակամարտությունը երկար չի տևելու: ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԵՆ ՉՎԱԽԵՑՈՂՆԵՐ: Այն ժամանակ եք ամաչելու:



Սիրելիներս, մեզ ո՛չ Կաթողիկոսի՝ դուստր ունենալն է պետք ապացուցել, ո՛չ էլ Հայր Կորյունի ազնիվ հոգևորական լինելու փաստը: Անիմաստ է: Որևէ մեկի անձնական կյանքը փորփրելն էլ չեմ խրախուսում: Նպատակն ուրիշ է։



Եթե անգամ Հայր Կորյունն ամենամեղավոր հոգևորականն էլ լիներ, դա բոլորովին չէր փոխի այն փաստը, որ ՝



Գարեգին Բ-ն Լուսավորչի աթոռին նստել է «ո՛չ ըստ հրամանի սուրբ առաքյալների, այլ հանդգնությամբ»:



Գարեգին Բ-ն երբեք տեր չկանգնեց իր հոտին: Ավելին, իր գահակալության տարիներին մշտապես սատարեց երկիրը թալանող համակարգին: Սերժ Սարգսյանին շնորհավորելուց հետո, համաժողովրդական ընդվզման ժամանակ երբեք չկանգնեց ժողովրդի կողքին:



Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մեր ժողովրդին հեթանոսությունից դարձրեց դեպի քրիստոնեություն, իսկ Գարեգին Բ կաթողիկոսը՝ քրիստոնեությունից դեպի հեթանոսություն: Համոզվելու համար ծանոթացեք ձեր հարևանների, բարեկամների, մերձավորների հոգևոր վիճակին:



Եկեղեցին ճգնաժամի մեջ է և սեփական հոտի բողոքն ու պահանջները լսելու փոխարեն՝ մեր հոգևոր հայրերը տեղ-տեղ ճարպկորեն, տեղ-տեղ էլ անշնորհք խույս են տալիս:



Վերջին օրերին իմ կողմից հարգված քահանաներից մեկը նյութ հրապարակեց՝ «Կաթողիկոսը սուրբ է» վերնագրով: Ամենևին ինձ իրավունք չվերապահելով վիճարկել որևէ մեկի սրբությունը՝ կարող եմ միայն փաստել, որ մենք սուրբ չենք, ավելին՝ մեղավոր ենք, գուցե նաև մոլորյալ: Ուրեմն ի՞նչ անել, երբ կաթողիկոսը սուրբ է, իսկ ժողովուրդը մեղավոր: Ի՞նչ անել, երբ կաթողիկոսը սուրբ է, իսկ ժողովուրդը աղանդավորների ճիրաններում, հեթանոս, աթեիստ:



Առաջարկում ենք արդեն **սուրբ** դարձած Գարեգին Բ Հայրապետին շարունակել իր **սրբակենցաղ** վարքը որևէ այլ վայրում և Սուրբ Գրիգոր Լուսավորչի աթոռը զիջել այն Վեհափառին, որը կկարողանա կատարել իր գլխավոր առաքելությունը՝ ոչ միայն ինքը սուրբ լինել, այլ իր հետևից սրբության ճանապարհով տանել նաև իր ժողովրդին:



**Հասմիկ Բադալյան**