Ուշ թե շուտ ազատ եմ արձակվելու․ Սեֆիլյանի Վերաքննիչ բողոքի քննությունը ավարտվեց (տեսանյութ)

Ուշ թե շուտ ազատ եմ արձակվելու․ Սեֆիլյանի Վերաքննիչ բողոքի քննությունը ավարտվեց (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվեց«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը։ Նիստի ավարտին Սեֆիլյանը լրագրողների հարցերին ի պատասխան ասաց՝ վաղ թե շուտ ազատ եմ արձակվելու։



Նրա շահերի պաշտպաններ Տիգրան Եգորյանը եւ Տիգրան Հայրապետյանն էլ նշեցին, որ Վերաքննիչ դատարանը պետք է արդարացման դատավճիռ կայացնի։



Որոշումը կհրապարակի հունիսի 13-ին, ժամը՝ 14:00-ին։



Այսօր դատախազ Պետրոս Պետրոսյանը, դիրքորոշում հայտնելով պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ, պահանջեց, որ Ժիրայր Սեֆիլյանի պատիժը մեղմացվի՝ նրան դատապարտելով 7 տարվա ազատազրկման: Մյուս ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի համար պահանջեց 3 տարվա ազատազրկում, իսկ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառել:



Նշենք, որ պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանից պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ արդարացման դատավճիռ կայացնել: Դատաքննությունն ընթանում է Վճռաբեկության կարգով, այսինքն ՝ քննվում են միայն բողոքները, իսկ գործով ապացույցները չեն քննվում։



Հիշեցնենք նաեւ, որ այս թվականի մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման՝ զանգվածային անկարգությունների կազմակերպման եւ զենքի կիրառմամբ շենքերի, կառույցների գրավման նախապատրաստման մեղադրանքով: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի հրապարակած դատավճռով Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, դրան գումարվել է առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկումը: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:



**Աննա Պապիկյան**