Ավելի քան երկու տարի է՝ մենք զրկվել ենք Ամուլսարի տված հնարավորություններից. ակցիա՝ ԱԺ շենքի դիմաց

Ավելի քան երկու տարի է՝ մենք զրկվել ենք Ամուլսարի տված հնարավորություններից. ակցիա՝ ԱԺ շենքի դիմաց

Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները քիչ առաջ ակցիա էին իրականացնում ԱԺ շենքի դիմաց։

Նրանք եկել էին խնդրելու պատգամավորներին՝ պաշտպանել Ամուլսարի համայնքներում օրենքի ու օրինականության վերականգնումը եւ համայնքների շահերը։

«Նրանք գալիս միայն ցուցարարներին են հանդիպում: Թող մտնեն մի հատ գյուղ, տեսնեն գյուղացու հետ ինչ է կատարվում: Հետո նոր որոշեն, թե հետագայում ինչ անեն: Իսկ եթե ուզում են դրանով ձայն հավաքեն, չեն կարող, որովհետեւ ձայն տվողը աշխատավոր մարդն է, մենք ենք: Կխնդրեինք, որ մեր ընդդիմադիր պատգամավորները չխանգարեն մեզ, չֆինանսավորեն ցուցարարներին, իբր բնապահպաններին»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նրանք նաեւ նամակ էին բերել իրենց հետ հետևյալ բովանդակությամբ.

«Ձեզ դիմում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերի Ամուլսարի հանքավայրի հարակից համայնքների բնակիչներ։
Ընդամենը երկու տարի առաջ մեր համայնքներում բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի հնարավորություն ունեինք։ Մենք ունեինք աշխատանք, Ամուլսարի շնորհիվ ստեղծվում էին նոր բիզնեսներ, իրականացվում էին սոցիալական ծրագրեր։ Ավելի քան երկու տարի է մենք զրկվել ենք Ամուլսարի տված հնարավորություններից, քանի որ մի խումբ մարդիկ որոշել են իրենց դրսևորել որպես «բնապահպան» ու «գիտնական», հանդես գալով համայնքի անունից, որը չեն ներկայացնում։

Մեզ համար անհասկանալի է, թե ինչու են տարբեր պատգամավորներ աջակցում ապօրինություն իրականացնողներին։ Չէ՞ որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը պետք է պաշտպանի օրենքը։ Մեր համայնքներում հազարավոր բնակիչներ ապօրինի զրկված են աշխատանքից, ապօրինի փակ են Ամուլսարի ճանապարհները։ Համայնքին աջակցելու փոխարեն, որոշ պատգամավորներ՝ թե' իշխանական, թե' ընդդիմադիր երկու տարի պարբերաբար այցելում են ու քաջալերում ապօրինություն անողներին։ Իսկ քանի՞ անգամ են ԱԺ պատգամավորները այցելել իրենց աշխատանքով իրենց տունը պահելու օրինական իրավունքից զրկված այս համայնքների բնակիչներին։

Մենք պահանջում ենք օրենսդիր մարմնից կատարել նաև օրենքի պահապանի դերը և միայն քաղաքական շահերով չառաջնորդվել։ Դուք խաղում եք այս համայնքներում հազարավոր մարդկանց ճակատագրերի, այս տարածաշրջանի ապագայի, երկրի հեղինակության հետ։  Ամուլսարը չունի ոչ մի շոշափելի բնապահպանական խնդիր։ Այն վաղուց դարձել է քաղաքական խնդիր ու ոմանց համար քաղաքական էժան դիվիդենտների առիթ։ Կոչ ենք անում սթափվել և կանգնել օրենքի ու այս համայնքների ու երկրի իրական շահի կողքը», - ասված է նամակում։