Բա չասե՞ն

Բա չասե՞ն
Հունիսի առաջին օրերի ստեփանակերտյան ցույցերի դադարի հետ քաղաքական որոշ շրջանակների լեզուն բացվել է: Խոսում են, որ շփման գծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա չի կարելի «քաղաքականացնել կենցաղային հարցերը, որովհետեւ հակառակորդը հենց դրան է սպասում»:



Ասում են նրանք, որ ապրիլյան պատերազմի զոհերի արյունը դեռ չսառած՝ ձեռնամուխ եղան սահմանադրական փոփոխությունների, պնդեցին, որ երկրին պետք է ուժեղ, ուղղաձիգ նախագահական կառավարում, լիազորությունների երրորդ ժամկետով օժտեցին գործող նախագահին եւ համարեցին, որ, ինչպես արցախցին է ասում, «ծովին թրով խփել են», բոլոր հարցերը լուծված են:



Հարց է առաջանում՝ սահմանադրական հանրաքվե կազմակերպելիս, երբ ահռելի բյուջետային գումարներ էին ծախսվում, չկա՞ր պատերազմի սպառնալիք, իրենք ինչու՞ տագնապ չունեցան, որ թշնամին կօգտվի առիթից: Կամ էլ, եթե անկեղծ լինենք, ի՞նչ արեցին իրենք պատերազմի այդ չորս եւ հետագա օրերին: Զրահաբաճկոն հագան, զենք վերցրին, գնացին-առաջնագծում 18-20 տարեկան տղա-երեխա-զինվորի կողքին կանգնեցի՞ն, պատգամավորական բարձր աշխատավարձը տրամադրեցին բանակի կարիքների՞ն, պետական պաշտոնյա, այս ու այն տաքուկ անկյուններում դասավորված իրենց զավակներին ուղարկեցին ճակա՞տ: Ոչ եւ դարձյալ՝ ոչ:



Շատերը կանանց, երեխաներին, թոռնիկներին շտապ տեղափոխեցին Երեւան, որտեղ արցախցի տասը պաշտոնյայից մեկն է, որ սեփական բնակարան չունի: Ոմանց ազգուտոհմը նույնիսկ Մոսկվա հասավ եւ վերադարձավ միայն Վիեննայում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից եւ շփման գծում վերջնական հրադադար հաստատվելուց հետո: Հիմա այդ նույն մարդիկ ապրիլյան պատերազմի մասնակից երիտասարդին ծաղրում են, թե թիկունքին ընդամենը հարյուր մարդ ունի կանգնած, բայց քաղաքական լուրջ պահանջներ է դնում: Բա ի՞նչ անի, պարոն հավերժալուռ, բայց իշխանության հրահանգով սոխակ դարձած պատգամավոր:



Չխոսի՞, չասի՞, որ 33 պատգավորից յուրաքանչյուրն ամսական 500 000 դրամ աշխատավարձ է ստանում, բայց Ազգային ժողովն ընդամենը մեկ նիստ է գումարում, այն էլ՝ երկու-երեք ժամանոց, որ խորհրդարանը հանրային հնչեղության ոչ մի հարց չի քննարկում, որ պատգամավորների ճնշող մեծամասնությունը տարին մեկ անգամ գոնե ամբիոն չի բարձրանում, կառավարությանը, նախագահին հարց չի ուղղում, ընտրողներին չի հանդիպում: Որ Ազգային ժողովը դարձել է կցորդ, հնազանդ դակում է գործադիր իշխանության բերած բոլոր նախաձեռնությունները, դրանց տալիս օրենքի ուժ:



Չխոսի՞, որ երկրում իշխանությունը բացարձակ անձնավորված է: Որ պետական համակարգը փակ է: Որ պատկան մարմիններն ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց մեջ սերմանեն պետությունից վախ, կասկածամտություն: Որ հատուկ ծառայությունները գաղտնալսում են մարդկանց, մեկին մյուսների դեմ լարում: Որ քաղաքացիների դիմում-բողոքները չեն ընթացքավորվում: Որ պետական պաշտոնյան սեփական տարածքը վարձակալության է տալիս պետությանը՝ ստանալով շոշափելի եկամուտ: Որ երիտասարդության առջեւ փակ են պետական ծառայության դռները, մինչդեռ համակարգում շարունակում են բարձր պաշտոն ունենալ 70 տարեկան «ընտրյալներ»:



Որ երկրի շրջաններում վարչակազմի ղեկավար են նշանակվում կամ ոստիկանության, կամ ԱԱԾ, կամ դատախազության նախկին պաշտոնյաներ, որոնք քաղաքացիների հետ աշխատելու միայն մի ձեւ գիտեն՝ սպառնալ, կարգադրել, հրահանգել, խարդավանքներ հյուսել, որպեսզի իրենք զբաղվեն սեփական բիզնես ծրագրերով: Նրանք գրեթե անխտիր լատիֆունդիստներ են, խոշոր ֆերմերներ: Իսկ թե ե՞րբ են հասցնում պաշտոնական պարտականություններ կատարել՝ միայն աստված գիտի: Այս եւ բազում այլ բաների մասին չխոսե՞ն մարդիկ: