«Հրապարակ». Ո՞վ ասաց, որ մեզ չեն սպասում Եվրոպայում

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանը համաձայն չէ մեծ թվով փորձագետների այն տեսակետին, որ Հայաստանը պետք է հետեւություններ անի Ուկրաինայի ճակատագրից եւ զերծ մնա դեպի Եվրոպա «ճանապարհորդությունից»: Ավելին, նա կարծում է, որ ՀՀ գործող իշխանություններն` ի տարբերություն նախորդների, Հայաստանի պես փոքր պետության համար ամենաարդյունավետ՝ միաբեւեռ քաղաքականությունն են որդեգրել` ի հակադրումն Ռոբերտ Քոչարյանի վարած կոմպլեմենտարիզմի եւ Սերժ Սարգսյանի՝ բազմաբեւեռի։ Ներկայացնում ենք մեր զրույցը Նուբար Չալըմյանի հետ։
-Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը, աշխարհաքաղաքական շրջադարձային զարգացումները, Ռուսաստանի՝տարածաշրջանում դիրքերի ամրապնդումը, ըստ Ձեզ, ի՞նչ հետեւանքներ կունենա Հայաստանի համար: Ոմանց գնահատմամբ, քանի որ Արեւմուտքը Ուկրաինային կարծես թե մենակ թողնում, նպարակահարմար չէ, որ Հայաստանը բռնի ԵՄ ճանապարհը՝ չունենալով հստակ երաշխիքներ, որ մեզ այնտեղ սպասում են։
-Ես համաձայն չեմ, որ Հարավային կովկասում մեծանում է Ռուսաստանի դերը, հակառակը՝ Ռուսաստանը գտնվում է շատ ծանր, դժվարին իրավիճակում․ հավաքական Եվրոպան, ԱՄՆ-ն պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայում սանձազերծած պատերազմի համար, այլ կլինի իրավիճակը, երբ Թրամփի միջնորդությամբ պատերազմը կանխվի եւ կողմերը գան ընդհանուր հայտարարի՝ փոխադարձ զիջումների գնալով։ Թեպետ ես չգիտեմ՝ ՌԴ-ն սովո՞ր է ընդհանրապես փոխադարձությունների, թե՞ միայն սպասում է, որ դիմացինը զիջումներ անի։ Կյանքը, պատմությունը ցույց է տվել, որ Ռուսաստանը զիջումների չի գնում, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էլ պետք է փոխադարձ զիջումների գնար, բայց այսօր տեսնում ենք Ճապոնիայի Կուրիլյան կղզիների վրա է նստած, Կալինինգրադն է իրենով արել եւ այլն, այսօր նաեւ Ղրիմի խնդիրն է։ Կարծում եմ՝ եթե ռուս-ուկրաինական պատերազմական գործողություններն արդյունավետ ավարտ չունենան, եւ կողմերը գան դադարեցման, Ռուսաստանն, իմ կարծիքով, պահելու է այն տարածքները, որ Ուկրաինայից է վերցրել, Ուկրաինան էլ իր հերթին է նույնը անելու, խոսքը Կուրսկի մասին է: Այո, Թրամփը ուզում է պատերազմը դադարեցնել, որպեսզի Ուկրաինային տրվելիք զենք-զինամթերքի մատակարարումը դադարեցնի, այն թանկ է նստում ԱՄՆ-ի, ինչպես նաեւ եվրոպական երկրների վրա։ Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա այն Թրամփի համար երրորդական, չորրորդական նշանակություն ունի, առաջնայինը Պուտինի հետ հանդիպումն է, որը կլինի երրորդ երկրում՝ ոչ ՌԴ-ում, ոչ ԱՄՆ-ում։
- Այս ամենը չի՞ նշանակում արդյոք, որ ճիշտ են այն փորձագետները, որոնք համարում են, որ Հայաստանը պետք է դասեր քաղեր Ուկրաինայի ճակատագրից, որն ուներ հավաքական Արեւմուտքի անվերապահ աջակցությունը, բայց տեսաննք, թե ինչ է կատարվում։ Եւ Հայաստանը չպետք է` առանց հաշվարկների, հիմքերի, ՌԴ զգուշացումները հաշվի չառնելով, ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին հայտարարություն ընդուներ։
-Ես այդ կարծիքին չեմ, լինելով պատմաբան, ուսումնասիրելով առաջին համաշխարհային պատերազմը, դրա ընթացքում հայ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած մեծ ողբերգությունը՝ Ցեղասպանությունը, որից ես էլ եմ տուժել` որպես ցեղասպանության երրորդ սերնդի ներկայացուցիչ։ Ես ավելի շահագրգիռ պետք է լինեմ...Ի վերջո, ի՞նչ էր դա․ իմ կարծիքով` հայերը խաբվել են եւ նրանց խաբել են մեր, այսպես կոչված, դաշնակիցները՝ ռուսները: Այո, ռուսական մատը հայոց Ցեղասպանության իրականացման գործում եղել է։ 1915 թվականին թուրքերն այսպես են ասել՝ եթե դուք ռուսների հետ եք, ռուսները մեր թշնամիներն են, Անտանտ պետություների դեմ են, այդ դեպքում` դուք տեղ չունեք այս երկրում։
-Ձեր ասելով` պատմությունից պետք է դասեր քաղենք` թուրքերի հետ լինենք, այլ ոչ թե ռուսների։
-Ես նորից կրկնեմ, որքան էլ առաջիններից մեկն եմ, որ ուզում եմ ցեղասպանությունը ճանաչվի թուրքերի կողմից․ ինձ այնքան էլ հետաքրքիր չէ, թե աշխարհի շատուշատ երկրներից ով է ճանաչել Ցեղասպանությունը, ինձ հետաքրքիր է, որ Թուրքան առաջին հերթին ճանաչի, մնացածները պետք է դամքաշություն անեն, Թուրքիան պետք է ընդունի այդ փաստը եւ ներողություն խնդրի հայ ժողովրդից իր արածների համար, ինչպես Գերմանիան՝ Հոլոքոստի համար։
- Հիմա ոչ միայն Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը, այլ մեր իշխանությունների վրա ճնշումներով փորձում է պատմության այդ էջը թերթել, մեր իշխանություններն են հիմա կասկածի տակ դնում այդ փաստը, այս պայմաններում ճի՞շտ է արդյոք Ռուսաստանի այլընտրանք համարել Թուրքիային։
-Ես, որքան էլ ինձ համարելով թուրքերի կողմից տուժած անձնավորություն, իմ հայրենիքը թողած` ես Տիգրանակերտ քաղաքից եմ, ես, որպես ՀՀ քաղաքացի, գուցե ինձ այստեղ չտեսնեի, իմ հայրենիքում պետք է լինեի, իսկ իմ հայրենիքը Արեւմտյան Հայաստանն է եղել, ես պարտադրված եմ եկել․․․Բայց այդ ամենի հետ մեկտեղ ես միշտ նայում եմ առաջ՝ չմոռանալով անցյալը, չմոռանալով այն, ինչ տեղի է ունեցել։
-Հիմա վերադառնանք մեր օրեր, ի՞նչ եք առաջարկում մեր ժամանակներում․․․
-Ես չեմ կարող մեզ Ուկրաինայի հետ համեմատել, Ուկրաինան Եվրոպայի ամենախոշոր պետությունն է եւ եկեք մեզ չհամեմատենք իրենց պրոբլեմների հետ։
-Առավել եւս` եթե խոշորին կուլ տվեցին, պատկերացնո՞ւմ եք ՝մեզ ինչ են անելու։
- Ռուսաստանն ունի այլ հավակնություններ Ուկրաինայի նկատմամբ։ Տեսեք՝ Պուտինի եւ Թրամփի միջեւ տեղի ունեցած երկար հեռախոսազրույցի ընթացքում Պուտինը ակնարկել է Թրամփին, որ ես երբեք չեմ թողնի, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի կազմ մտնի։ Փոխարենը Պուտինին կարող է չանհանգստացնել, որ Հայաստանը վաղը մյուս օրը կարող է մտնել Եվրոպայի կազմ, 20-30 տարի հետո դառնա ՆԱՏՕ-ական, եթե իհարկե, ՆԱՏՕ-ն լինի, Ռուսաստանը զգուշանում է Ուկրաինայից։
-Պենտագոնի ղեկավարը հայտարարեց, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամության առաջարկ չի էլ արվել։
-Ուկրաինայի ղեկավարությունը դեռեւս երկու տարի առաջ հայտարարեց, որ իրենց առջեւ խնդիր չեն դրել ՆԱՏՕ մտնելու, բայց այսօր ինքն ուզում է դա եւ հայտարարում է։
-Մենք էլ ենք ուզում Եվրոպա գնալ, բայց խնդիրն այն է, որ մեր ցանկություններն ու ռեալ քաղաքականությունը չեն համընկնում, Նիկոլ Փաշինյանն անգամ ամիսներ առաջ խոստովանեց, որ մեզ այնտեղ չեն սպասում․ սրա մասին է ամբողջ խոսակցությունը: Եթե չեն սպասում, ինչո՞ւ գետը չտեսած բոբիկանալ, որի հետեւանքը կարող է այնքան էլ հաճելի չլինել։
-Ո՜վ ասաց, որ մեզ չեն սպասում այնտեղ․․․Ինքը ուրիշ բան էր ասում, որ մեզ թող ընդունեն այնքանով, որքանով նպատակահարմար կգտնեն։ Հիմա Հայաստանն ի՞նչ պետք է անի, որ նպատակահարմար լինի Եվրոպական պետություններին։
- Պետք է դուրս գա ռուսական դոմինանտությամբ բոլոր կառույցներից՝ անորոշ հեռանկարով։
-Այսօրվա Եվրոպան շատ լավ գիտի հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր մակարդակը, իրենց փորձագետները լավ տեղեկացված են եւ փոխանցել են իրենց ղեկավարներին, որ Հայաստանն այսօր չի կարող ի լուր աշխարհի հայտարարել, որ վաղվանից դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, մյուս օրը՝ ԱՊՀ-ից եւ այլն։
-Հիմա մեր աչքի առջեւ Ուկրաինան է, տարիներ շարունակ ահռելի աջակցություն էր ցուցաբերվում նրան, որ կտրեն Եվրոպայից, բայց մեկ օրում իրավիճակ է կարծես փոխվում։ Արժե՞ մենք էլ գնանք այդպիսի արկածախնդիր ճանապարհով։
- Երկրորդ նախագահի իշխանության տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը կոչվում էր կոմպլեմենտար՝ փոխլրացման քաղաքականություն, մենք պետք է լավ լինեինք եւ ԵՄ-ի, եւ Ռուսաստանի հետ, բայց պարոն Քոչարյանը միջազգային հարաբերությունների մասնագետ չէ, փորձ էլ չունի ․․․կոմպլեմենտար քաղաքականությունը սովորաբար բռնում են այն երկրները, որոնք ուժեղ են, դա սազական է Չինաստանին: Փոքր պետությունները կոմպլեմենտար քաղաքականությունը բռնելով` ոչ թե մեկ երեսից են ապտակ ստանում, այլ՝ երկու։ Հետո եկավ երրորդ նախագահը, փոխեց բառը՝ որ Հայաստանը բռնել է բազմավեկտոր քաղաքականությունը, դա նույնն է, ինչ կոմպլեմենտարիզմը, սա էլ իրեն չարդարացրեց։ Ես գտնում եմ, որ փոքր պետությունները դեսուդեն չպետք է ընկնեն՝ կամ սա, կամ մյուսը։
- Իսկ հիմա ի՞նչ արտաքին քաղաքական գիծ է որդեգրված։
- Ես տեսնում եմ, որ ՀՀ արտաքին քաղաքական վեկտորն ուղղված է դեպի Եվրոպական պետություններ։
- Այդ դեպքում՝ ինչու դուրս չենք գալիս ՀԱՊԿ- ից, ռուսական ներկայությամբ մյուս կառույցներից։
- Չեն ուզում դուրս գալ, որովհետեւ հանկարծակիի կբերեն Ռուսաստանին, որը անկանխատեսելի երկիր է, եթե ՀՀ վարչապետը հայտարարի, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ի անդամությունն է դադարեցնում, սա կառաջացնի Ռուսաստանի ջղաձգությունը եւ վտանգավոր հետեւանքներ, մի բան, որից մերոնք զգուշանում են։ Հայաստանն աշխատում է, որ այս քաղաքականությունը տանի այնքան, որ ռուսներն իրենք մեզ վռնդեն ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից։
-Առանց վռնդելու էլ արդեն տնտեսական վտանգների մասին են ակնարկում՝ գազի գնի թանկացում եւ այլն։
--Դա պրոբլեմ չի, մենք այսօր պատրաստ ենք Իրանից ստանալ գազը, կարճ ժամանակում այդ խողովակաշարը լայնացնել եւ ապահովել գազի պաշարները, ինչ վերաբերում է հացահատիկին, որ 40 տոկոսը Ռուսաստանից ենք ստանում, այլ պետություններ եւս կարող են ապահովել, մի կարծեք, որ մենք գլուխներս կախ պիտի սպասենք, թե երբ մեզ պետք է օգտակար դառնա։
Կարծիքներ