Այ քեզ բա՜ն

Այ քեզ բա՜ն
Վազգեն Մանուկյանը նոր իշխանության հետ կապված [մտահոգություններ](http://ankakh.com/article/98062/kha) ունի, չի ուզում մանրամասնել, բայց ակնարկում է, որ մեկն էլ առնչվում է Լեռնային Ղարաբաղի հարցին: Ըստ նրա, մենք այս տարածաշրջանում գտնվում ենք շատ անկայուն հավասարակշռության մեջ, եւ ամեն մի կտրուկ շարժում, որոշակի հայտարարություններ, որոշակի նշանակումներ (ընդգծումը մերն է՝ Վ. Ա.) կարող են խախտել հավասարակշռությունը:



Ակնարկն, ինչպես ասում են, բավական թափանցիկ է: Զարմանալի է, որ ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած Մանուկյանը, որ անկախության ուղին բռնած Հայաստանի առաջին վարչապետն է եղել, ժամանակին բարձրացրել է Խորհրդային Միության գնացքից թռչելու հարցը, գրեթե երեք տասնամյակ հետո կամա, թե ակամա կրկնում է ռուսական մամուլի հրապարակումների հիմնական թեզը՝ եթե Հայաստանի նոր իշխանությունը որեւէ անզգույշ շարժում անի, ապա կհետեւեն լուրջ եւ բախտորոշ քայլեր: Վազգեն Մանուկյանը փաստացի դա է ասում, ԼՂ հարցը միայն առիթ է: Բայց եկեք խնդրին սթափ մոտենենք. ավելի քան երկու տասնամյակ Հայաստանը որեւէ անզգույշ քայլ չի կատարել, Ռուսաստանի մտահոգությունը շարժող պետական նշանակում չի արել, բազմաթիվ հարցերում ընդառաջել է Մոսկվայի նախաձեռնություններին՝ երբեմն նույնիսկ ինքնիշխանության հաշվին, հրաժարվել է Եվրամիության հետ ասոցացումից, անդամակցել Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միությանը, ստեղծվել է հայ-ռուսական համատեղ զորամիավորում, միասնական ՀՕՊ համակարգ եւ այլն եւ այլն: Ո՞րն է ԼՂ հարցում դրա դիմաց շահը:



Հայաստանի բանակցային դիրքերն ամրապնդվե՞լ են, Ռուսաստանը խզե՞լ է ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ, ԼՂ հարցով Մոսկվան որեւէ սկզբունքային հայտարարություն արե՞լ է: Ռուսաստանը միայն մի բան է արել՝ նպաստել է, որպեսզի ստատուս-քվոն պահպանվի: Բայց դա ի՞նչ է տալիս մեզ: Մանավանդ չկա երաշխիք, որ իրավիճակի փոփոխության դեպքում Ռուսաստանը չի նախաձեռնի ստատուս-քվոյի փոփոխություն եւ չի պարտադրի իրեն ձեռնտու լուծում: Այս համատեքստում հարց է առաջանում՝ արժե՞ հավիտենապես որեւէ որոշում չընդունել, նշանակում չանել՝ զգուշանալով Ռուսաստանի արձագանքից, եթե դրա դիմաց փոխհատուցում ունենալու հեռանկարը չափազանց մշուշոտ է: Ավելի պարզ ասած՝ եթե գրեթե ստույգ է, որ Ռուսաստանը երբեք չի ճանաչելու ԼՂ անկախությունը, չի լինելու Հայաստանի եւ Արցախի միավորման երաշխավոր, ապա ի՞նչ իմաստ ունի ստատուս-քվոն պահպանելու դիմաց մնալ Ռուսաստանի ազդեցության տակ, ինքնուրույն ոչինչ չձեռնարկել: Ի՞նչ է նշանակում, երբ Վազգեն Մանուկյանն ասում է, որ մենք գտնվում ենք անկայուն հավասարակշռության մեջ: Այսինքն Ռուսաստա՞նն է ապահովում Հայաստանի անվտանգությունը: Ումի՞ց: Իսկ եթե Հայաստանը գնա ճեղքմա՞ն, կարգավորի Թուրքիայի հետ հարաբերություննե՞րը, լուծի Լեռնային Ղարաբաղի խնդի՞րը: Չի՞ կարող: Դա՞ է ասում Վազգեն Մանուկյանը: Ավելի վտանգավոր բան դժվար էր պատկերացնել: