ՀՀ ԱԱԾ-ն և МIТը, al-Quds-ը, Mossad-ը

ՀՀ ԱԱԾ-ն և МIТը, al-Quds-ը, Mossad-ը
Բարեբախտաբար, Հայաստանի առաջին, երկրորդ եւ երրորդ հանրապետությունների պատմությունը հաշվվում է արդեն 100 տարի: Այդ հարյուր տարվա ընթացքում ստեղծվել ու ժառանգաբար մի հանրապետությունից մյուսին են անցել կառույցներ, այդ թվում՝ երկրի ազգային կամ պետական անվտանգությունը պաշտպանող կառույցը` ներկա ՀՀ ԱԱԾ-ն: Քանի որ ԱԱԾ-ն սերել է խորհրդային KГБ-ից, բնականաբար՝ նրա պատմության էջերում կան ե՛ւ հերոսական դրվագներ, ե՛ւ հանցագործություններ ու բազմաթիվ մութ էջեր, բայց, ամեն պարագայում, այնքանով, որքանով KГБ-ն իր ժամանակի հզորագույն հետախուզական ծառայություններից մեկն է եղել աշխարհում, այդ KГБ-ի հայաստանյան կառույցն էլ չէր կարող պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ չունենալ: Հայաստանի անկախության տարիներին KГБ-ի դատապարտելի պրակտիկաները մեծ մասամբ վերացվել են` ավելի ընդարձակ ասպարեզ թողնելով ԱԱԾ-ի պրոֆեսիոնալ գործունեության համար իր հիմնական առաքելության` հետախուզության եւ հակահետախուզության ոլորտներում:



**Քաղաքական PR-ի անընդունելիությունը**



Հետեւաբար, միանգամայն անսպասելի զարգացում է, որ Հայաստանում ԱԱԾ-ն զբաղվի PR-ով, երկարաշունչ մամլո հաղորդագրություններ տարածելով կամ ոչ ստույգ տվյալներ հրապարակելով, ինչի ականատեսն ենք այժմ: Այսպես կոչված՝ «թավշյա հեղափոխության» արդյունքում ԱԱԾ-ն փաստացի ծավալում է PR արշավ` հարկային հանցագործությունների թեմատիկայով, որ ավելի ինքնավարկաբեկման է նման, քան կոռուպցիոն սխեմաների բացահայտման կամ դրանց դեմ պայքարի: Փառք Բարձրյալին, Հայաստանում անվերջ թվով հաշվապահներ, հարկային տեսուչներ, մասնագետներ, փորձագետներ, օրենսգետներ, տնտեսագետներ, չգիտես էլ ովքեր կան, որ կարող են հարկային կանոններով ու խաբեություններով զբաղվել: Կան եւ իրավաբաններ, քննիչներ, ոստիկաններ, դատախազներ, ովքեր կարող են հարկային դաշտի հանցագործությունները հետաքննել, բացահայտել, դատարանում ապացուցել, պատժի հասնել եւ այլն:



Հետեւաբար, ինչո՞ւ այս հարկային հանցագործությունների թեմատիկային խառնել ԱԱԾ-ին: Հանուն էժանագին հաշվարկի՞, որ ԱԱԾ-ի հատուկ ջոկատայինների անհարկի մասնակցությամբ բեմադրվող маски-шоу-ները կտպավորեն Facebook-ի շարքային օգտատերերին կամ ԱԱԾ հարցաքննության կանչվողներին: Նման էժանագին հաշվարկից կուրացած՝ ԱԱԾ-ին հրահանգներ իջեցնողներն ու կատարողները տեսադաշտից դուրս են թողնում ամենաէականը` այն, որ իրենց հայտարարություններին ու գործողություններին հետեւում են տասնյակ երկրների ռազմական կցորդներ, հետախուզության ռեզիդենտներ, դեսպաններ եւ, վերջապես՝ ամբողջ հատուկ ծառայություններ, այդ թվում՝ հարեւան երկրներից` Իրանից, Իսրայելից, Թուրքիայից։ Չէ՞ որ մայիսից ի վեր ԱՄՆ-Իսրայել-Սաուդյան Արաբիա եռյակի եւ Իրանի միջեւ գերլարվող հարաբերություններն ուշադրություն են կենտրոնացնում նաեւ Իրանի հարեւան երկրների վրա:



Մինչ այլ երկրներն ու նրանց հատուկ ծառայությունները զբաղված են տարածաշրջանի վերաձեւումներով, ընթացող ու հնարավոր ռազմական բախումներով, որ հետեւանքներ են ունենալու նաեւ Հայաստանի համար, ՀՀ ԱԱԾ-ն օրը մի PR հաղորդագրություն է տարածում կոռուպցիայի ենթադրյալ սխեմաներ «բացահայտելու մասին»: Չէի ցանկանա մտածել, թե ԱԱԾ-ն, իր հիմնական խնդիրները թողած, տնտեսական բացահայտումներով է զբաղված՝ ՊԵԿ-ի, ոստիկանության ու դատախազության փոխարեն: Սակայն PR արշավի տրամաբանությամբ այսուայն գրասենյակի անզեն աշխատակիցների դեմ հատուկ ջոկատայիններով рейд-եր (հայերեն թարգմանությամբ՝ մարտարշավ կամ ասպատակություն) կազմակերպելն ու հատկապես սխալ եզրահանգումներով հաղորդագրություններ տարածելը ՀՀ ԱԱԾ-ի` անընդունելի քաղաքական PR-ի մեջ ներքաշվելու տպավորություն են ստեղծում, որ ԱԱԾ-ին միջազգայնորեն վարկաբեկելուց այն կողմ ոչնչի չի նպաստի:



Որքանո՞վ լուրջ կարելի է ընկալել մի կառույց ու դրա պաշտոնյաներին, որոնք տնտեսական հանցագործություններ են բացահայտում՝ հանցագործության առարկա հարկատեսակներն ու հաշվարկները շփոթելով ու ձեռնածությունների դիմելով: Ինչպե՞ս կարելի է ԱԱԾ-ի անունից տարածել, թե մի սուպերմարկետային ցանց (հետագայում պարզվեց՝ ոչ թե մեկ կամ մի քանի, այլ երկրում գործող գրեթե բոլոր սուպերմարկետային ցանցերը) օրը ցերեկով 2% շրջանառության հարկ է վճարել՝ տասնապատիկ ավելի մեծ գումար կազմող ԱԱՀ-ի փոխարեն, երբ բակալավրիատի ուսանողն էլ կպատկերացնի, որ շրջանառության հարկը վճարվում է վերջնական իրացնողի կողմից, մինչդեռ ԱԱՀ-ն արտադրողից մինչեւ իրացնող ընկած շղթայի բոլոր օղակների կողմից` միմյանց փոխանցվող ԱԱՀ-ների հանրագումարով վճարվող հարկատեսակ է:



Մայիսի 30-ին տարածված հաղորդագրությունը՝ սուպերմարկետների ու հարկատեսակների թեմայով, այնքան զարմանալի էր` ԱԱԾ-ից ի ցույց դրվող անտեղյակության առումով, որ հաջորդ օրը հարցում ուղարկեցինք ԱԱԾ: Գրությունն ուղարկեցինք ավելի վաղ, քան կտարածվեր սուպերմարկետների տնօրենների դիմումը վարչապետին, ավելի վաղ, քան ԱԺ-ից եւ ՊԵԿ-ից կհայտարարեին, որ ԱԱՀ-ի փոխարեն շրջանառության հարկ է վճարվել՝ պետական մարմինների հետ պայմանավորվածության արդյունքում, ավելի վաղ, քան նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայաստանյան լսարանին ԱԱԾ-ի հարկային հաշվապահության ճիշտ եւ սխալ կողմերը կլուսաբաներ:



**ԱԱԾ-ին ուղարկված հարցը եվ պատասխանը**



Գրությամբ խնդրել էինք պատասխանել մեկ հարցի, որի պատասխանն ԱԱԾ-ից սիրալիր ուղարկեցին։ Այն ավելի ֆորմալ պատասխան էր, քան բովանդակային, սակայն նկատելի էր, որ ԱԱԾ-ն նախորդ հայտարարությունից ոչինչ առանձնապես չի պնդում:



Մենք գրել էինք․ «Թույլ տվեք Ձեզ անհանգստացնել մի հարցի պատասխանելու խնդրանքով: Հարցը վերաբերում է ԱԱԾ-ի 30.05.2018 թվակիր «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ում բացահայտված կոռուպցիոն սխեմաների մասին հաղորդագրությանը, որի մի հատվածը գրավել է իմ ուշադրությունը: Հատվածը հետեւյալն է. «Նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ, օրինական գործունեություն ծավալելու դեպքում, «Ալեքս հոլդինգ» ՍՊ ընկերությունն այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ եւ շահութահարկ»: Ներողություն եմ խնդրում, բայց առերեւույթ սա իրողությունների խեղաթյուրում եւ ձեռնածություն է թվում, քանի որ շրջանառության հարկ վճարվում է վաճառքի շրջանառությունից, մինչդեռ ավելացված արժեքի հարկը վճարվում է ավելացված, այն է` ապրանքի ձեռքբերման եւ իրացման գների տարբերությամբ գոյացած արժեքից: Պատկերավոր օրինակի դիմելով` դիցուք, եթե գնորդին մաղադանոսը վաճառվում է 100 դրամով, իսկ լոլիկը՝ 1000 դրամով, ապա վաճառողի կողմից վճարվող 2% շրջանառության հարկը կկազմի համապատասխանաբար 2 դրամ եւ 20 դրամ: Բայց վաճառողի կողմից նույն մթերքի համար վճարվող ավելացված արժեքի հարկը երբեք չի կազմի 20 դրամ եւ 200 դրամ, ինչպես արտածվում է ԱԱԾ հայտարարության մեջբերումից: Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ մաղադանոսը եւ լոլիկը, մինչեւ 100 եւ 1000 դրամով գնորդին վաճառվելը, նախ որոշակի արժեքով ձեռք է բերվում արտադրողից, միջանկյալ իրացնողից եւ այլն, որոնց կողմից վճարվող ԱԱՀ-ն էլ փոխանցվում եւ ներառվում է վերջնական վաճառողի կողմից պետությանը վճարվող ԱԱՀ-ում: Ըստ ԱԱԾ-ի հաշվապահության, 80 դրամով ձեռք բերված եւ 100 դրամով վաճառվող մաղադանոսի համար վերջնական վաճառողի մասնաբաժինը պետությանը վճարվող ԱԱՀ-ում արդյոք չի՞ կազմում 100-80=20 տարբերության 20%-ը, այն է` 4 դրամ: Կամ 900 դրամով ձեռք բերված եւ 1000 դրամով վաճառվող լոլիկի դեպքում վերջնական վաճառողի մասնաբաժինն ԱԱՀ-ում չի՞ կազմում 1000-900=100 դրամ տարբերության 20%-ը, որ 20 դրամ է` ԱԱԾ-ի հայտարարությունից արտածվող 200 դրամի փոխարեն:



**Հետեւաբար, վերոշարադրյալից բխող հարցը.**



Դուք կհամաձայնե՞ք, թե՞ կառարկեք պնդմանը, որ վերջնական վաճառողի կողմից պետությանը վճարվող գումարը` իբրեւ ԱԱՀ-ի մասնաբաժին կամ իբրեւ շրջանառության հարկ, հաճախ նույն կամ մոտ գումար է, մինչդեռ շրջանառության հարկի 2% եւ ԱԱՀ-ի 20% գումարների միջեւ տասնապատիկ տարբերությունը ոչ թե վերջնական վաճառողի, այլ նրան նախորդող օղակների կողմից չվճարվող հարկերի հանրագումարն է, որ ԱԱՀ-ի դեպքում վճարվում են, իսկ շրջանառության հարկի դեպքում` ոչ: Համաձայնելու դեպքում շնորհակալություն եմ հայտնում, առարկության դեպքում խնդրում եմ Ձեր հիմնավորումը»:



Ընթացիկ շաբաթ ստացանք ԱԱԾ-ի պատասխանը․ «ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ուսումնասիրվեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնին Ձեր կողմից հասցեագրված 31.05.2018թ. գրությունը, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ԱԱԾ հրապարակած հաղորդագրության մեջ որեւիցե ակնարկ չի եղել «Ալեքս հոլդինգ» ՍՊ ընկերության մոտ առաջացող լրացուցիչ հարկային պարտավորությունների հաշվարկման եղանակների եւ մեթոդիկայի վերաբերյալ։ Ըստ էության՝ նշվել է միայն, որ «Ալեքս հոլդինգ» ՍՊ ընկերությունը, թաքցնելով իրական շրջանառությունը` շուրջ 40 միլիարդ ՀՀ դրամի չափով, այդ մասով չի վճարել ԱԱՀ ու շահութահարկ եւ այն ձեւակերպել է իր իսկ նախաձեռնությամբ գրանցված եւ շրջանառության հարկի դաշտում գործող ԱՁ-ներով՝ վճարելով ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ։ Ավելին, հաղորդագրությունում նշվել է, որ ճշգրիտ հարկային պարտավորությունների չափը հաշվարկելու համար նշանակվելու են ստուգումներ եւ դատահաշվապահական փորձաքննություն։ Ինչ վերաբերում է տարբեր հարկատեսակների հաշվարկման մեթոդիկային եւ եղանակներին, ապա դրանք նշված են համապատասխան օրենքներում՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաեւ Հարկային օրենսգրքում, որոնք, բնականաբար, կիրառվելու են ստուգում եւ դատահաշվապահական փորձաքննություն իրականացնելիս»։



Ինչպես տեսնում ենք, հարկային օրենսդրությունն ու հաշվապահությունը ՀՀ ԱԱԾ-ի ուժեղ կողմը չեն: Եվ լավ է, որ այդպես է, որովհետեւ հատուկ ծառայությունների խնդիրը, գործառույթն ու առաքելությունը միշտ եւ ամենուր հետախուզությունն ու հակահետախուզությունն են, ոչ թե կոռուպցիոն հետաքննությունները կամ շոուները:



Այդտեղ ոչինչ չի փոխում բացատրությունը, թե ազդեցիկ անձանց շահերին հարվածող քննություններ են կատարվում, դրա համար էլ ԱԱԾ-ն է ներգրավվում: Մի կողմ թողած «Նորֆոլկի» կամ «Ալեքս գրուպի» անվանական ղեկավարներին, նույնիսկ եթե ուղիղ տեքստով Վարդան Հարությունյանի, Սամվել Ալեքսանյանի ու նրանց կարգի եւս մի տասը հոգու անուն հոլովվի, դարձյալ դա ԱԱԾ-ի ներգրավումը չի արդարացնի: Ի՞նչ է. Վարդան Հարությունյանը, Սամվել Ալեքսանյանը, մնացյալ բարձրաստիճան պաշտոնյաներն ու գործարարներն ավելին են, քան Էրդողա՞նը Թուրքիայում կամ Նաթանյահուն Իսրայելում:



**Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ**