Փաշինյանի նկատմամբ աննախադեպ համակրանք կա նաև իմ ընտրատարածքի մարդկանց մոտ

Փաշինյանի նկատմամբ աննախադեպ համակրանք կա նաև իմ ընտրատարածքի մարդկանց մոտ
«Նեմիրոֆ»-ի, իտալական, ուկրաինական կոնֆետների, ինչպես նաեւ ծխախոտի ներկրմամբ զբաղվող գործարար **Արման Սահակյանն** օրերս հայտարարեց ՀՀԿ-ից դուրս գալու մասին: «Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն, դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից եւ այսուհետ, որպես պատգամավոր, կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների եւ Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին, պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա եւ առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»,- գրել է պատգամավորն իր հայտարարության մեջ: Արդյոք գործարարի նկատմամբ կառավարության կողմից գործադրված ճնշումնե՞րն են եղել դուրս գալու պատճառը․ այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք Արման Սահակյանի հետ:



**- Ի վերջո, կհիմնավորե՞ք, թե ինչն էր Ձեր դուրս գալու պատճառը, Ձեր նկատմամբ մի՞թե ճնշումներ կային:**



Ես դուրս գալու որոշում կայացրեցի, քանի որ կարծում եմ՝ ավելի պարկեշտ է դուրս գալը, քան մնալ կուսակցությունում եւ մեկ-մեկ հակառակ քվեարկել խմբակցության որոշումներին: Որոշել եմ ինքս մենակ պատասխանատվություն կրել իմ որոշումների համար:



**- Այսինքն՝ այլեւս չէիք կիսում ՀՀԿ-ի մոտեցումները, կտրուկ էր դրված հարցը, ու Ձեզ արգելո՞ւմ էին ինքնուրույն որոշում կայացնել:**



Ոչ, կտրականապես դրված չէր, բայց պետք է հաշվի առնել, որ նոր իրողություններ են, ու որոշեցի, որ ես ինքս պետք է իմ որոշումների պատասխանատուն լինեմ:



**- Իսկ որպես գործարար՝ կառավարության կողմից Ձեր նկատմամբ ճնշումներ եղե՞լ են:**



Ոչ:



**- Դուք այն գործարարների թվում եք, որոնք շաբաթներ առաջ հանդիպել են վարչապետ Փաշինյանին, գուցե այդ հանդիպման ընթացքո՞ւմ եք, ինչ-ինչ իրողություններ հաշվի առնելով, կայացրել որոշումը:**



Ոչ, պետք է սթափ նայել իրողություններին, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ աննախադեպ համակրանք կա ինչպես ողջ ժողովրդի, այնպես էլ իմ ընտրատարածքի մարդկանց մոտ: Մենակ պետք է հուսալ, որ կառավարության մոտ ամեն ինչ ստացվի, որովհետեւ այդ դեպքում շատ մեծ ժողովրդական հիասթափություն կլինի, որն էս փուլում Հայաստանին պետք չէ: Ես ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ օգնեմ, ոչ թե խանգարելու քայլեր անեմ:



**- Բայց չէ՞ որ Դուք մանդատ եք ստացել ՀՀԿ-ի միջոցով, եւ հիմա դուրս եկողներին մեղադրում են դավաճանության մեջ, ՀՀԿ-ականներից շատերն էլ ասում են, որ դուրս եկողները մարդիկ են, որոնք ինչ-ինչ նկրտումներով էին հայտնվել իրենց շարքերում։**



Ես չեմ կիսում այդ կարծիքները ու չեմ էլ ուզում պատասխանել այդ մեղադրանքներին, դրանք ոչ մի տեղ չեն տանի: Ես բացատրեցի, որ երկրում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, ու ժողովուրդը, ինչպես ասացի, մեծ համակրանք է տածում Փաշինյանի նկատմամբ, այդ թվում՝ իմ ընտրատարածքի: Բայց միեւնույն ժամանակ իրավիճակն աննախադեպ է, կառավարությունը խորը փոքրամասնություն է կազմում․ ու սա ոչ տրամաբանական վիճակ է, եւ այսպիսի աննախադեպ ու ադեկվատ քայլեր են պետք: Գործող վարչապետը այն հավատը, որ ունի ժողովրդի կողմից, պիտի հաջողի, ու պիտի աջակցենք իրեն, որովհետեւ ձախողման դեպքում սարսափելի արտագաղթ կլինի:



**- Հնարավո՞ր է առաջիկայում համալրեք Փաշինյանի կուսակցության շարքերը:**



Բացառում եմ, ավելի լավ է ես ազատ լինեմ ու ինքս որոշեմ, թե ինչ եմ անում:



**- Իսկ ապագայում, արտահերթ ընտրությունների ժամանակ հնարավո՞ր է վարչապետի թիմի հետ մասնակցեք:**



Արտահերթ ընտրությունների հարցը շատ անորոշ է, դրա համար ժամանակը կգա՝ կխոսենք:



**- Այդուհանդերձ, կասե՞ք՝ Փաշինյանի եւ գործարարների հանդիպման ժամանակ ինչ քննարկում է եղել։ Մինչեւ վարչապետ դառնալը Փաշինյանը բարձրաձայնում էր, թե իշխանության արտոնյալ գործարարները, որոնք աշխատել են ստվերում, պետք է բյուջե վերադարձնեն պետությունից գողացած գումարները․ նման հարց դրվե՞լ է:**



Ես նման խոսակցություններ չեմ լսել:



**- Իսկ ի՞նչ է ասվել:**



Դուք մի մտածեք, որ գործարարներն ամեն կերպ ցանկանում են խախտումներ անել եւ նման բաներ։ Ցանկացած գործարար ուզում է հանգիստ աշխատի ու իր աշխատած փողը վայելի: Սխալ ուղղություն է գործարարներին մեղադրել ինչ-որ բաներում: Մենք աշխատել ենք տվյալ պայմաններում։



**- Այսինքն՝ նախկինում չեք ունեցել հանգիստ պայմաններ ու հիմա նման խոստումնե՞ր եք ստացել:**



Ունեցել ենք, բայց ամեն ժամանակ խաղի իր կանոններն է թելադրում, գործող վարչապետն էլ ասաց, որ խնդիրներ կան, որոնք գործող օրենսդրության մեջ պետք է շտկել:



**- Նիկոլ Փաշինյանն ասում է նաեւ, որ գործարարները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ, այսինքն՝ Ձեզ հաջորդ ընտրություններին չե՞նք տեսնի խորհրդարանում:**



Դա շատ ծավալուն հարց է, որին խոստանում եմ պատասխանել մեկ ուրիշ հարցազրույցում, այս պահին դեռ անորոշ է, եւ ոչինչ ասել չեմ կարող:



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**