Կառավարության ծրագրի՝ Արցախին վերաբերող հատվածը

Կառավարության ծրագրի՝ Արցախին վերաբերող հատվածը
Նիկոլ Փաշինյանի բերած կառավարության ծրագրի մեջ ՀՀԿ-ականները բազմաթիվ կիքսեր հայտնաբերեցին ու «երեսով տվեցին» Փաշինյանին եւ նրա թիմին։ Բայց ամենալուրջ կիքսերը, թերեւս, ծրագրի արտաքին քաղաքականության բաժնում էին, մասնավորապես՝ Արցախին վերաբերող հատվածում։ Օրինակ՝ Արմեն Աշոտյանն իր ելույթում նկատեց․ «Ես միշտ գիտեի, որ արցախյան հակամարտությունը ծագել է, որովհետեւ Ադրբեջանը հարձակվել է Արցախի եւ Հայաստանի վրա, որովհետեւ Արցախի ժողովուրդը կյանքի է կոչել ինքնորոշման իր իրավունքը, ազատ ապրելու իր իրավունքը։ Կոնֆլիկտը ծագել է Ադրբեջանի հարձակման հետեւանքով։ Ո՞նց կարելի է գրել, որ կոնֆլիկտի հիմնական կողմն Արցախն է։ Խնդրում եմ հանեք այս «հիմնական կողմ» արտահայտությունը, սրբագրեք, խմբագրեք․ չի կարելի այն թողնել»։



Բայց կառավարության ծրագրի հենց այդ նույն բաժնում կա Արցախին վերաբերող եւս մեկ պարբերություն, որը նույնպես տարակուսանք է առաջացնում։ Ահա այն․ «Կառավարությունը համոզված է, սակայն, բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակով էական նշանակություն ունեն խաղաղության հաստատման համար համապատասխան մթնոլորտի առկայությունը եւ կողմերի ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը»։ Այսինքն՝ այս պարբերությամբ ՀՀ իշխանությունները կողմերին ասես զսպվածության կոչ են անում, ասում են՝ կողմե՛ր, ագրեսիվ մի՛ եղեք։ Թերեւս, ՀՀ իշխանությունները մոռացել են, որ այդ կողմերից մեկն Արցախն է, եւ իրենք՝ որպես հայկական կողմ, որպես Արցախի անվտանգության երաշխավոր։ Եվ սա այն դեպքում, երբ նույն այսօրվա իշխանություններն ամեն անգամ, երբ Ադրբեջանն ագրեսիա էր ցուցաբերում ու հարձակվում էր Արցախի, Հայաստանի սահմանների վրա՝ խախտելով հրադադարի ռեժիմը, քննադատում էին, թե ինչու է Մինսկի խումբը հավասարության նշան դնում եւ ոչ հասցեական հայտարարություններ անում՝ կողմերին կոչ անելով չդրսեւորել ագրեսիա։



**Դավիթ Տոնոյանը**, նախ գնահատելով կառավարության ծրագիրն ու հատկապես պաշտպանական ոլորտի հատվածը, ասաց․ «Դա ավելի շատ հռչակագրային տեսք ունի, ավելի կոնկրետ խնդիրները, Դուք երեւի ծրագրում նկատել եք, որ կա հղում՝ որոշ ճշգրտումներ իրականացնել զինված ուժերի զարգացման պլանում եւ սպառազինությունների, ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում։ Կճշգրտվի՝ հաշվի առնելով նոր քաղաքական մոտեցումները»։



Ինչ վերաբերում է վերը նշված «հավասարակողմ» ձեւակերպմանը՝ «կողմերի ագրեսիվ հռետորաբանության բացակայության» մասով, Դավիթ Տոնոյանն ասաց․ «Այո, ես կարծում եմ, որ դա ճիշտ է, որպեսզի երկկողմանի զսպվածություն լինի»։



**- Ինչո՞վ է նորմալ, երբ այդ երկկողմանի զսպվածության կոչը մշտապես անում էր Մինսկի խումբը, եւ մենք մշտապես քննադատում էինք նրանց, որ երբ ագրեսոր Ադրբեջանը հարձակվում է մեզ վրա, չի կարելի երկկողմանի զսպվածության կոչ անել։**



Մենք փորձում ենք համահունչ լինել համանախագահողների ասածների հետ։



**- Դա տրամաբանակա՞ն է, տարակուսելի չէ՞, երբ ինքդ քեզ կոչ ես անում ագրեսիվ չլինել։**



Չկա տարակուսանք։ Տեսեք, այս պահին իրականացվում են որոշ բանակցություներ, կճշգրտվի, թե չի ճշգրտվի, ես հիմա չեմ կարող ասել։



**- Ի՞նչը պետք է ճշգրտվի։**



Այ, հենց էդ մասը, որը վերաբերում է երկկողմանի կոչին՝ «զսպվածություն ցուցաբերել» ռազմաշունչ հռետորաբանության առումով։



**- Բայց դրանից ստացվում է, որ ինքս ինձ կոչ եմ անում ագրեսիվ չլինել, չհարձակվել Ադրբեջանի վրա, չկրակել, չխախտել զինադադարը։**



Դա երեւի թե ավելի շատ ստանձնում ես պարտավորություն, որ դու՝ ինքդ, անձամբ չես անի էդքան բանը։



**- Ամեն դեպքում՝ այս մասը կարո՞ղ է խմբագրվել։**



Ես հիմա չեմ կարող ասել, որովհետեւ այս պահին իրականացվում են որոշ բանակցություններ, ես կարծում եմ, որ… ես հիմա չեմ տիրապետում այդ հարցին։



**- Նոր քաղաքական իրողության պայմաններում, երբ ունենք նոր վարչապետ ու նոր իշխանություն, ի՞նչ եք կարծում՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մինսկի խումբն ի՞նչ վերաբերմունք կցուցաբերեն Հայաստանի նկատմամբ, արդյոք կարո՞ղ է բարելավման գնալ արցախյան հարցի կարգավորման գործընթացը։**



Ես կարծում եմ, որ այդ բոլոր Ձեր թվարկած երկրները հույսով են ներշնչված, որ որոշակի փոփոխություններ կլինեն։



**- Վտանգավոր որեւէ բան տեսնո՞ւմ եք այս փուլում Արցախի հարցում։**



Ես միշտ պատրաստ եմ վտանգների, զինված ուժերը պատրաստ են բոլոր վտանգների, ռիսկերի եւ սպառնալիքների։ Մենք ապահովել էինք բանակցային գործընթացի մեզ համար բարեհաջող ընթացքը։



**- Այսինքն՝ ռեգրեսիվ ընթացք չի ունենա այդ գործընթացը։**



Դուք հարց եք տալիս պաշտպանության նախարարին, որի սուրբ պարտականությունն է՝ չթողնել, որ ռեգրեսիա լինի։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**