Զրո՝ ծրագիր, միլիոն՝ խոստում

Զրո՝ ծրագիր, միլիոն՝ խոստում
Երեկ մեր հասարակության ակտիվ հատվածը հետեւում էր ԱԺ նիստին՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրն էր ընդունվում։ Հետաքրքիր քննարկում էր՝ ոչ միայն առաջիկա զարգացումների վերաբերյալ որոշ պատկերացումներ կազմելու, այլեւ մարդկային կերպարներում մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած տրանսֆորմացիայի առումով։ Բայց էմոցիոնալ իրավիճակի եւ ԱԺ-ում ծավալված շոուի ուշագրավությունից բացի, մեզ հետաքրքրում էին այն շեշտադրումները, որ անում էր նոր իշխանությունը եւ, մասնավորապես՝ վարչապետը։



Անշուշտ, բոլորս ավելի քան համոզված ենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ազնիվ են աշխատելու, եւ դրա հավաստիացումները, ըստ իս, բոլորովին ավելորդ էին։ Անշուշտ, մենք բոլորս տեսել ենք ու գիտենք, որ նրանք իշխանության են եկել մեր բոլորիս՝ լայն հասարակության ջերմ եւ անվերապահ աջակցության շնորհիվ։ Այդ մասին եւս արված բազմիցս հիշեցումներն ավելորդ էին։ Մենք նաեւ չենք կասկածում, որ երկրի վիճակը շտկելու, տնտեսությունը զարգացնելու, մեր բյուր խնդիրները լուծելու մեծ ցանկություն ունի նոր կառավարությունը։ Չենք կասկածում նաեւ առաջին հայացքից շատ պոպուլիստական եւ հատուկ լյումպենի ականջի համար արված բազում հայտարարություններին՝ կոռուպցիան լինելու է զրո, արտոնյալները լինելու են զրո, մենաշնորհները լինելու են զրո․․․ որդիս մեկնելու է ծառայության Արցախում, դուք էլ ձեր որդիներին ուղարկեք, մեր ծրագիրը գրվել է հրապարակում, մենք ունենք ժողովրդի վստահությունը, սա երազանքների ծրագիր է, մենք երազանքների երկիր ենք կառուցելու։ Ամեն։ Բայց ո՛չ երդումները, ո՛չ ակնահաճո հայտարարությունները, ո՛չ ազնիվ ու մեծ ցանկությունը ինչ-որ բան փոխելու գրավական չեն։ Դրա համար նաեւ ունակություններ, հնարավորություններ եւ գիտելիքներ են հարկավոր։