Խնդրում եմ պարզաբանեք, պարոնայք սահմանադրագետներ

Խնդրում եմ պարզաբանեք, պարոնայք սահմանադրագետներ
2017թ.-ին ընդունվել է Արցախի [սահմանադրությունը](http://www.nankr.am/hy/1838), որը մի նախադեպը չունեցող իրավական ընթացակարգ է նախատեսում՝ հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություն: Սահմանադրության հոդված 90-ը սահմանում է, որ հանրապետության նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու, ինչպես նաեւ Ազգային ժողովը արձակելու դեպքերում նշանակվում են հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:



Այսինքն, եթե այս կամ այն պատճառով նախագահի պաշտոնը մնում է թափուր, ապա համարվում է, որ Ազգային ժողովն արձակվում է: Այլապես ԱԺ արտահերթ ընտրությունների մասին չէր կարող խոսք լինել: Բայց ահա սահմանադրության հոդված 100-ն էլ նախատեսում է, որ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչեւ նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը: Բայց եթե հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում անցկացվում են նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններ, այսինքն գործող Ազգային ժողովը համարվում է արձակված, ինչպե՞ս կարող է չգործող ԱԺ նախագահը կատարել հանրապետության նախագահի լիազորությունները: Թե՞ Ազգային ժողովը չի արձակվում, շարունակում է գործել, բայց նշանակվում են ԱԺ արտաահերթ ընտրություններ:



Եթե մինչեւ բոլորովին վերջերս թվում էր, թե Արցախի ներքաղաքական արշալույսները խաղաղ են, չի կարող ծագել սահմանադրությանը դիմելու անհրաժեշտություն, ապա հունիսի առաջին օրերի դեպքերից եւ դրանց հաջորդող զարգացումներից բոլորովին այլ տպավորություն է ստեղծվում: Ուստի նրանք, որ հեղինակել են Արցախի սահմանադրությունը, պետք է պատրաստ լինել հարկավոր դեպքերում տալ մեկնաբանություններ: Բայց ամենաճիշտն այն կլիներ, եթե Արցախում նախաձեռնվեր սահմանադրական փոփոխությունների ընթացակարգ՝ մի շարք սկզբունքային հարցերում հստակություն մտցնելու, տարընթերցումները բացառելու եւ այդպիսով պետական համակարգն իրավական կազուսներից ապահովագրելու համար:



#####