Բանավեճ

Բանավեճ
Եթե ինձ, օրինակ, հարցնեն, թե որն է ապրիլյան հեղափոխությունից հետո Հայաստանի գլխավոր ձեռքբերումներից մեկը, կարող եմ ասել՝ բանավեճի վերադարձը հանրային-քաղաքական օրակարգ։ Բանավեճ, որը երկու տասնամյակ բացակայում էր մեր կյանքից, կամ այն փոխարինվել էր իշխանություն-ընդդիմություն պարզունակ առճակատմամբ։ Իսկ երբ ամեն ինչ վերածվում է առճակատման եւ ավարտվում իշխանության հաղթանակով, անիմաստ է դառնում քննարկելը, թե բուհական համակարգում ինչ փոփոխություններ են պետք՝ ակադեմիական կրթություն տալու եւ համապատասխան մթնոլորտ ձեւավորելու համար։ Անիմաստ է դառնում քննարկելը, թե մշակութային ծրագրերի ֆինանսավորումը ինչ սկզբունքով պետք է իրականացվի կամ ինչ կրճատումներ պետք է արվեն պետական համակարգում, որպեսզի պաշտոնյաներն ավելորդ շռայլություններ թույլ չտան։ Նոր մտածողությամբ, արժեհամակարգով պաշտոնյաները նշանակումից հաշված օրեր անց բանավեճը վերադարձրեցին հանրային-քաղաքական օրակարգ։



Սոցցանցերը, մամուլը, փորձագիտական շրջանակները կամաց-կամաց քննարկման առարկա են դարձնում կրթությանը, մշակույթին, պաշտպանության եւ ազգային անվտանգության ոլորտներին առնչվող հիմնարար հարցեր, բաց նամակներ հղում նախարարներին, մամուլի ասուլիսների ժամանակ բարձրաձայնում տարիներ շարունակ «ծածկադմփոց» արված հարցերի մասին։ Եվ դա օրինաչափ է մի երկրում, որին հաջողվում է հանկարծակի դուրս գալ ճահճից եւ շանս ստանալ երկիրը վերափոխելու համար։ Օրինաչափ է, որովհետեւ ստեղծվել է հետհեղափոխական իրավիճակ։ Մի քիչ ոչ վաղ անցյալի խորքերը գնալով՝ շատերը կհիշեն, թե ինչպես էր ազատ մտքի, խոսքի, գործունեության դաշտ ստեղծվել 90-ականների կեսերին։ Եվ թեեւ այն ժամանակ չկար «Ֆեյսբուք»-ը, չկային այսքան շատ մամուլի ակումբներ, արտերկրում ուսանած եւ անգլերենին մայրենի լեզվի չափ տիրապետող քաղաքագետներ, փորձագետներ, սակայն բանավեճի պակաս չէր զգացվում։ Քանի-քանի անգամ էին քննադատում վարչապետ Հրանտ Բագրատյանի ծրագրերը, բարեփոխումները, որոնք խորթ էին սովետական կրթություն ստացած հայաստանցիներին։



Ինչ ջախջախիչ քննադատության էին արժանանում Աշոտ Բլեյանի կրթական բարեփոխումներն ու դասագրքերը, քննարկում էին, օրինակ այն, որ նա ճիշտ չէր համարում որպես ուսումնական նյութ մատուցել Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատունը», ուներ բոլորովին այլ պատկերացումներ ցեղասպանությունը նշելու միջոցառումների մասին։ Նույնը վերաբերում էր առողջապահությանը, մշակույթին, մնացած ոլորտներին, որոնց վերաբերյալ հարցեր արծարծելիս մարդիկ հանդես էին գալիս պահանջատեր քաղաքացու դիրքերից՝ չվախենալով, որ սեփական կարծիքի համար իրենց կհետապնդեն, գործազուրկ կդարձնեն, կամ իրենք ստիպված կլինեն «խաչ քաշել» սեփական կարիերայի վրա։ Իշխանությունից մի բան փախցնող մշակույթի գործիչների կողքին էլ քիչ չէին քննադատները, սեփական դիրքորոշում ունեցողները։ Մի բան, թերեւս, չի ենթարկվել մեծ փոփոխության։ Դա բանավեճի մշակույթն է։ Եթե ժամանակին փոխադարձ կսմիթներն արտահայտվում էին մամուլում, ապա հիմա դրանք տեղափոխվել են սոցցանցեր, կայքեր, որտեղ ամեն մարդ ազատ է իր մեկնաբանությունը գրելու իր չսիրած հերոսի մասին։



Մի խոսքով՝ բանավեճը վերադարձել է քաղաքականություն, պետական համակարգ, քաղաքագիտական-փորձագիտական շրջանակներ եւ թելադրող դիրքերից հանդես գալու, հանրության ակտիվության պարագայում կարող է սահուն դուրս մղել կենցաղային մակարդակի, ԱԺ-ում անձնական բարեկեցության հարցեր լուծող երեսփոխաններին՝ ցույց տալով նրանց իրական տեղը։



**Թագուհի Հակոբյան**