Շատ կարևոր է հասկանալ մի բան՝ քննադատության ռեսուրսը սպառվելու միտում ունի․ Հովհաննիսյանը՝ Փաշինյանի թիմին

Շատ կարևոր է հասկանալ մի բան՝ քննադատության ռեսուրսը սպառվելու միտում ունի․ Հովհաննիսյանը՝ Փաշինյանի թիմին
ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթում անդրադարձավ ծրագրում մատնանշված հիմնական նպատակին, այն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Արփինե Հովհաննիսյանը նեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է մասնակցել ընտրական օրենսգրքում փոփոխությունները կատարելու աշխատանքներին:



«Ասեմ, ավելին, մենք պատրաստակամ ենք քննարկելու ցանկացած թեմա, քանի որ չկա որևէ թեմա, որի քննարկումը մենք բացառենք։ Բայց միևնույն ժամանակ մենք ունենք ողջամիտ ակնկալիք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը և դրանց ընդունումը պետք է լինի այն նույն ոճով ու ձևաչափով, որով ընդունվել է գործող ընտրական օրենսգիրքը։ Որքան էլ քաղաքական իրողությունների փոփոխության արդյունքում տարաբնույթ գնահատականներ հնչեն, այդուհանդերձ կան հստակ ֆիքսված մոտեցումներ արդեն իսկ կիրառված ոճի և ձևաչափի վերաբերյալ առ այն, որ Ընտրական օրենսգրքի ընդունումը եղել է ներառական, թափանցիկ, բոլոր քաղաքական ուժերի` թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական, հասարակական կազմակերպությունների և այլ դերակատարների ակտիվ ներգրավմամբ գործընթացին և քաղաքական կոնսենսուսի արդյունք։ Եվ սրանք իմ անձնական ձևակերպումները չեն, այլ այն գնահատականները, որոնք համապատասխան փաստաթղթերում տրվել են ՀՀ գործող ընտրական օրենսգրքի վերաբերյալ կարծիք հայտնած միջազգային կառույցների կողմից։



Ելույթի երկրորդ մասում ՀՀԿ-ական պատգամավորը հնչեցրեց մի քանի մտահոգություններ, որոնք իր մոտ ծագել են կառավարության ծրագիրը ընթերցելիս։ «Ընդունեք իմ խոսքերը ոչ թե որպես ՀՀԿ կուսակցության պատգամավորի դիրքորոշում, որն այս օրերին ընդունված է դիտարկել չարախնդություն կամ ոչ օբյեկտիվ քննադատություն, այլ ընդունեք իբրև ՀՀ մտահոգ քաղաքացու խոսքեր։ Կընդունեք իմ մտահոգությունները, լավ, չեք ընդունի, ես հավանաբար կստանամ չակերտավոր սիրո, համերաշխության և հանդուրժողականության իմ հերթական չափաբաժինը, սակայն դրանից ոչ իմ մտահոգությունները կփարատվեն, ոչ էլ իրականությունը կփոխվի»-ասաց նա՝ անցնելով արդեն բուն մտահոգություններին։



Նա նկատեց, որ նոր իշխանությունները գուցե այս փաստաթուղթը դիտարկել են որպես կառավարության գործունեության ժամանակավոր ծրագիր։



«Գուցե քաղաքական առանձին դերակատարներ տոնում են իրենց հաղթանակը արտահերթ ընտրություններում, այլոք՝ ոմանց պարտությունը, բայց անկախ այդ ամեն ինչից՝ թիրախ են ընտրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Դա ինչ որ առումով բնական է, քանի որ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, լինելով իշխանություն, պատասխանատվություն է ստանձնել ինչպես հաջողությունների, այնպես էլ սխալների և անհաջողությունների համար։ Շատ կարևոր է հասկանալ մի բան՝ քննադատության ռեսուրսը սպառվելու միտում ունի։ Եվ Ծառուկյան դաշինքը, Դաշնակցությունը, «Ելք» դաշինքը, այսինքն՝ այն քաղաքական ուժերը, որոնք առաջադրել են Ձեր՝ որպես վարչապետի թեկնածությունը, աջակցել են Ձեր ընտրության հարցում, որոնք ձեր քաղաքական հենարանն են խորհրդարանում և այսօր ձևավորել են կառավարություն, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը քննադատելուց բացի, պատասխանատվություն են ստանձնում ձեռնարկելու գործողություններ ի շահ ՀՀ քաղաքացու։ Որքան էլ սա անվանենք ժամանակավոր ծրագիր և անկախ նրանցի, թե ընտրությունները երբ են տեղի ունենալու` 3, 6, 9 ամսից կամ այլ ժամկետում, մի բան ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացին ունենալու է օրինաչափ ակնկալիքներ, քանի որ կյանքը շարունակվելու է, հասարակության բնականոն գործունեությունը պետք է ապահովվի, այդ բնականոն գործունեության ուղին և ճանապարհը առաջնորդում եք դուք և դրա համար կան որոշակի պարտականություններ ու իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստեք և որոնցով պետք է առաջնորդվեք ։ Եթե այս ծրագիրը լիներ դասական իմաստով ծրագիր, պետք է պատասխան տար ոչ միայն այն հարցին, թե ինչ եք անելու, այլ ինչպես եք անելու և ինչ ժամկետում։ Սակայն չկան այդ հարցերի պատասխանները, կան սոսկ որոշակի մտադրություններ, ցանկություններ։ Եվ անգամ մտադրությունների և ցանկությունների մակարդակով ներկայացված որոշակի ծրագրային կետեր ինձ մոտ մտահոգություններ են առաջացնում: Օրինակ` ԵՄ-Հայաստան ընդալայնված համապարափակ համաձայնագրի բաղկացուցիչներից մեկը վերաբերում է հակակոռուպցիոն պայքարի հաջորդ փուլին և վերաբերում է հանրային ծառայությունում շահերի բախմանը: Ավելին` դրանց ապահովման օրենսդրական նախագծերը մշակված են, սակայն դրա անգամ հիշատակումը իսպառ բացակայում է այս ծրագրում»,-նկատեց նախկին իշխանական պատգամավորը։



Արփինե Հովհաննիսյանը նա նկատեց, որ ծրագրում խոսվում է ունիվերսալ լիազորագրի մասին, որով կառավարությունը նախատեսում է նոտարական կարգով վավարեացված լիազորագրի հիման վրա, օրինակ Շվեյցարական կամ Լյուքսեմբուրգյան իշխանություններից պահանջել բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: «Դա չհաջողվեց անել գերհզոր ԱՄՆ իշխանություններին, հաջողվելու՞ է արդյոք ձեզ։ Կարծում եմ, որ ոչ: Եվ ավելի ճիշտ կլինի նման պոպուլիստական մոտեցումներից հրաժարվել, փոխարենը գրելով այն, ինչ իրատեսական է կատարել մեկ տարում»,-ասաց նա։



ՀՀԿ-ական պատգամաորն անդրադարձավ նաև ծրագրում ներկայացված այն թեզին, որ կառավարությունը պետք է քաջալերի ազատությունից զրկելու հետ չկապված խափան միջոցների կիրառումը՝ այստեղ լեզվական սխալ մատնանշելով։ «Ավելի վաղ, դուք շատ ողջունելի հայտարարություն եք արել, որ չեք միջամտելու դատական իշխանության գործունեությանը։ Այս դեպքում քաջալերել ասելով՝ ի՞նչ նկատի ունեք. ենթադրում եմ՝ խոսքը զուտ որոշակի իրավական հիմքեր ստեղծելու և համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու մասին կարող է լինել։ Այդ պարագայում միգուցե գրեիք, որ պատրաստվում եք որոշակի օրենքների նախագծեր ներկայացնել, օրինակ, որ մինչև տարվա վերջ ներկայացնելու եք ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, որի մշակումն, ի դեպ, մեր կողմից վերջերս ավարտին է հասցվել և որը, օրինակ, պարունակում է, խափանման միջոցների հետ կապված՝ ձեր բարձրացրած հարցերի լուծումները»,-նայելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմը՝ ասաց Արփինե Հովհաննիսյանը։



Շարունակելով թեման՝ Արփինե Հովհաննիսյանը նկատեց նաև, որ ծրագրում գրված է՝ կալանավորված և ազատազրկված անձանց թիվը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պայմանների լիարժեք ապահովման հնարավորությունների հետ․ «Կարծում եմ՝ ուղղակի տրամաբանությունն է շուռ տված: Թերևս ճիշտ կլիներ նպատակ սահմանել այդ հնարավորությունների զարգացումն ու ընդլայնումը, այլ ոչ թե դատապարտյալներին թվի համապատասխանեցումն այդ հնարավորություններին»։