«Սարի թաղի» գործով Սարգիս Գրիգորյանը ազատ է արձակվել

«Սարի թաղի» գործով Սարգիս Գրիգորյանը ազատ է արձակվել
2016թ. հուլիսի 19-ին Սարի թաղի զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանը քիչ առաջ ազատ է արձակվել։ Այս մասին **«Հրապարակ»**-ի հետ զրույցում հայտնեց նրա շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը՝ նշելով, որ այսօր ինքը խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոփոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել, ինչն էլ բավարարվել է նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից։



Փաստաբանը նաեւ նշեց, որ նախկինում եւս նման միջնորդություն է ներկայացրել, բայց դրա դեմ առարկել է մեղադրողը, եւ դատավոը այն չի բավարարել։ Դատարանի այսօրվա որոշումը կապում են նաեւ հեղափոխության հետ։



Մեր զրուցակցի խոսքով՝ «Սարի թաղի» գործով վաղը եւս նիստ կա, որտեղ ներգրավված են 4 ամբաստանյալ։



Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալները մոտ 2 տարի է` գտնվում են կալանքի տակ։ Նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով։