Արդարություն եւ հավասարություն

Արդարություն եւ հավասարություն
Արդարության ու հավասարության սկզբունքները յուրաքանչյուր հասարակության գոյության հիմքերն են։ Որքան բարձր է արդարության պահանջը, եւ կայացած է արդարադատությունը, ինչքան հավասար հնարավորություններ են ստեղծված մարդկանց համար, եւ որքան գնահատված են մարդկանց ունակությունները տվյալ երկրում, այնքան հեշտ ու հաճելի է ապրելը։ Վստահ եմ, որ մարդիկ հենց արդարության պակասից եւ անհավասար պայմաններից են նախեւառաջ արտագաղթում սեփական երկրից եւ գնում են հենց այն երկրներ, որտեղ կան արդարություն եւ հավասար հնարավորություններ։



Այս սկզբունքների գերակայության պայմաններում բացառվում է երկակի ստանդարտների կիրառումը, Քրեական օրենսգրքի ոչ համաչափ գործողությունը, տգետ կադրերի առաջ գնալը, խելացիների դուրս մղվելն ասպարեզից։ Ասենք, եթե մենք այսքան հպարտանում ենք մեր թավշյա հեղափոխությամբ եւ համարում ենք, որ աշխարհին ապացուցել ենք, որ խաղաղ, գիտակից, համարձակ, ապօրինի իշխանությունների դեմ պայքարի ունակ ազգ ենք, ինչպե՞ս կարող ենք այդ իրավունքից զրկել ղարաբաղցիներին՝ համարելով, որ Արցախում այլ իրավիճակ է, եւ դեմոկրատացման ճանապարհով այն չպետք է գնա։



Եթե պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը կիրառվում է Հայկ Կյուրեղյանի կամ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ, եւ դա շատ լավ է, ապա այդ դրույթը պետք է կիրառվի նաեւ մյուս բոլորի, այդ թվում՝ ցմահ դատապարտյալների նկատմամբ, ովքեր տասնամյակներ շարունակ պայքարում են ազատ արձակվելու համար եւ մերժվում են։ Եթե անհայտ մի երիտասարդի նշանակում են ՀՀ վարչապետի օգնական, ապա մյուս բոլոր երիտասարդներն էլ պետք է իրավունք ունենան մրցել նրանց հետ՝ մրցութային կամ այլ կարգով առաջ գնալ, պաշտոնի առաջխաղացում գրանցել, փոխնախարար ու խորհրդական նշանակվել, կարիերա անել։