Հանցավոր անտարբերության հետևանքները

Հանցավոր անտարբերության հետևանքները

Էջմիածնում կորոնավիրուսի դեպքի բացահայտումից հետո կյանքը կարծես կանգ է առել։ Փողոցները դատարկ են, խանութները՝ նույնպես։ Թեև քաղաքապետ Դիանա Գասպարյանը խուճապի չմատնվելու կոչ է անում, բայց դա արդեն գրոշի արժեք չունի։ Մարդիկ մեղադրում են թե քաղաքապետին, թե առողջապահության նախարարին, որ Միլանից վերադարձած կնոջը ոչ միայն չեն մեկուսացրել, այլև հանցավոր անտարբերություն են ցուցաբերել՝ թույլ տալով շփվել հարևան-բարեկամների հետ։

Խուճապի են մատնվել հատկապես Մռավյան փողոցի բնակիչները, որտեղ ապրում է կորոնավիրուսով վարակված քաղաքացին։ Օրեր շարունակ հարևանները շփվել են նրա հետ, հյուր գնացել, մոտիկից շփվել, հյուրասիրվել․․․ Տագնապի մեջ են նաև Միլանից վերադարձած տիկնոջ որդու նշանդրեքին մասնակցածները։ Նրանք նկատել են, որ տիկինն անընդհատ փռշտում է, նույնիսկ կատակել են՝ Իտալիայից հո վիրուս չե՞ս բերել․․

Էջմիածնում խուճապն այնքան մեծ է, որ ծնողներն արգելել են երեխաներին դպրոց գնալ։ Ովքեր էլ գնացել են, հետ են վերադարձել։ Էջմիածնի 1-ին դպրոցը 300 բացակա է ունեցել այսօր, իսկ ներկաներին, տնօրենի փոխանցմամբ, թույլ են տվել դպրոց մտնել ձեռքերը սպիրտով ախտահանելուց հետո։ Երեխաները, սակայն, երկար չեն մնացել․ ծնողները եկել-տարել են։
Նույն պատկերն է նաև 2-րդ, 5-րդ ավագ, և մնացած դպրոցներում, Էռնեկյան կրթօջախում։

Էջմիածնի բնակիչներն այլևս չեն սպասում դպրոցները ժամանակավորապես փակելու ԿԳՄՍ նախարարության որոշմանը, հարցն իրենք են լուծում՝սեփական որոշումներով։ «Էլ ի՞նչ պիտի լինի, որ դպրոց ու մանակպարտեզ փակեն, սպասում են վարակը մի լավ տարածվի, նոր տեղներից շարժվե՞ն, թե՞ իրենց համար կարևորը քարոզարշավի մարդաշատությունն է։ Խուճապի չմատնվելու իրենց կոչերով թող էլ չխաբեն։ Հասկանում ենք՝ դռնեդուռ ընկած հանրահավաք են անում, և ուզում են, որ մարդաշատ լինի։ Դուք էլ, ձեր քարոզն է․․․»,-ասաց երկու դպրոցահասակ երեխաների հայր Ռոբերտ Հովհաննիսյանը։

Էջմիածնի դատարկ փողոցներում շատացել են ոստիկանական և Երևանից ժամանող շտապ օգնության մեքենաները։