Մի հեղափոխություն էլ պետք է լինի կրթության ոլորտում

Մի հեղափոխություն էլ պետք է լինի կրթության ոլորտում
Կառավարության ծրագրում կարեւորված են պայքարը մենաշնորհի եւ ստվերի դեմ, զբվաղվածության աճը, աղքատության հաղթահարումը եւ քաղաքացու երջանկության ապահովումը։



Ըստ այդմ՝ կառավարության մշակութային քաղաքականությունն ուղղված կլինի մշակութային կյանքին հանրային ակտիվ մասնակցություն ապահովելուն, մշակութային միջոցառումների լայն քարոզչություն իրականացնելուն եւ դեպի մշակութային հաստատություններ քաղաքացիների հոսքին նպաստելուն։



Կոմպոզիտոր **Լեւոն Չաուշյանն** ասում է, որ խորքային գնահատական չի կարող տալ կառավարության ծրագրին, քանի որ տեքստը չի տալիս այդ հնարավորությունը՝ շատ լակոնիկ է, բայց կարող է փաստել, որ մշակույթի ամենահիմքը դաստիարակությունն է։



«Մշակույթի մասին երբ խոսում ենք, առաջինը կրթության հարցը պետք է կարեւորել, սկսած մանկապարտեզից, դպրոցից, բուհից։ Հետո գալիս է երաժշտությունը՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով, եւ եթե մենք ունենք երեխաներ, ովքեր ճիշտ մշակութային կրթություն են ստացել, ապա հետագայում խնդիրներն ավելի պակաս կլինեն, որովհետեւ նրանք ցանկություն չեն ունենա լսելու ռաբիս կամ թուրքական երաժշտություն։ Այնպես որ՝ հիմքը համարում եմ կրթությունը, որն սկսվում է վաղ տարիքից»,- ասում է նա ու ընդգծում, որ, ցավոք, երաժշտության դասերը հանրակրթական դպրոցներում հանվել են, ինչը շատ կարեւոր հանգամանք էր անհատի մշակութային կրթության հարցում։



Անդրադառնալով մշակութային գործիչների հետ վարչապետի հանդիպմանը՝ Չաուշյանը նշեց, որ շատ տխուր հանդիպում էր․ «Եվ ոչ թե վարչապետի պատճառով, այլ մեր ինտելիգենտ կոչվողների, որոնք միկրոֆոնը ձեռքից ձեռք խլելով՝ իրենց ռեկլամն էին անում։ Ես պատրաստվել էի խոսք ասելու, բայց հասկացա, որ այդ մթնոլորտում իմաստ չունի»։



Նա մասնավորապես ծրագրից առանձնացնում է «Քաղաքացու երջանկության հնարավորության ապահովման» հարցը։ «Ես չէի ասի՝ երջանկության, այլ ճիշտ կլիներ ասել՝ լիարժեք կյանքի, որովհետեւ եթե մարդուն հետաքրքրում է միայն մի փոր հացը, ինքն արդեն երջանիկ է, բայց դա լիարժեք կյանք չէ։ Այնպես որ՝ տեքստը դեռ ոչինչ չի նշանակում, շատ ավելի կարեւոր է բովանդակություն տալ այս ամեն ինչին»,- ասում է նա ու նկատում, որ ճիշտ կլինի մշակութային գործիչների հետ անել ոչ թե մասշտաբային նման հանդիպումներ, այլ՝ ըստ ոլորտների, որը նաեւ արդյունավետ կլինի։



Ինչ վերաբերում է կառավարության ծրագրում թվերի բացակայությանը, զորօրինակ՝ կառավարությունը քանի տոկոսով է պատրաստվում կրճատել աղքատությունը, կոմպոզիտորը նկատում է, որ, ամեն դեպքում, թվերը կարեւոր են, բայց մեկ ամսում չի կարելի թվեր գրել, եւ 100 օրը հենց դրա համար է տրվում նորանշանակ պաշտոնյաներին, որպեսզի ավելի հստակ կողմնորոշվեն։ «Իսկ 100 օրը չի անցել, եւ ես այդ պահանջները չէի դնի։ Հիմա ինչ կարող են, նրանք դա՛ պետք է ներկայացնեն»,-ասում է Չաուշյանն ու նկատում, որ հեռուստաեթերի մաքրության հարցը նույնպես շատ կարեւոր հանգամանք է, բայց պետք է հաստատվեն այդ կրթական ցենզի եզրերը, թե ինչն է հնարավոր եթեր հեռարձակել, ինչը՝ ոչ։



Թումանյանի թանգարանի տնօրեն **Նարինե Թուխիկյանը** 2 անգամ առիթ է ունեցել հանդիպելու նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցին, 2-ն էլ եղել են աշխատանքային ընդհանուր հանդիպումներ։ Նա ցավով նկատում է, որ նախորդ նախարարի օրոք չկարողացան Թումանյանի 150-ամյակի միջոցառումները բերել օրակարգ, որոնք թեեւ նախատեսված են 19թ․-ին, բայց դա այնքան մեծ հոբելյան է, որին պետք է պատրաստվել դեռ մի քանի տարի առաջ։



Օրեր առաջ նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ երբ մտել է նախարարություն, պարզվել է, որ եռամսյակի բյուջեն արդեն սպառված է եղել, ընդ որում՝ սպառված է եղել նաեւ հուլիսի վերջի բյուջեն։ Այս պայմաններում ինչքան էլ լավ ծրագրեր ունենաս, հնարավոր կլինի՞ սուղ բյուջեով ինչ-որ բան իրականացնել։ «Եթե դա այդպես է, ուրեմն պետք է պարզվի, թե ինչու է բյուջեն ծախսվել այդքան արագ»,- ասում է նա ու նկատում, որ սովորաբար իրենք անընդհատ փող են ուզում կառավարությունից, ինչն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ ամեն ինչ կառավարության վրա պետք չէ դնել․ «Եթե կա կառավարության կողմից հատկացված գումար 12 ամիսների համար, որի մի մասն արդեն ծախսվել է, ուրեմն սա պետք է հետաքննվի եւ, ընդհանրապես՝ գումարների հատկացման մեթոդը պետք է փոխվի՝ ծրագրերի ֆինանսավորման առումով։ Սա շատ բարդ ոլորտ է, տիկին Մակունցը շատ մութ անտառ է մտել»։



Թե՛ մշակութային գործիչների հետ վարչապետի հանդիպմանը, թե՛ կառավարության ծրագրում կարեւորված է քաղաքացու եւ մշակույթի հետադարձ կապը, ավելին, ըստ Փաշինյանի, հենց այս տրամաբանությամբ էլ պետք է ֆինանսավորվի այս կամ այն մշակութային միջոցառումը։ Թուխիկյանը կարծում է, որ հասարակությունը մի դեպքում կարող է մասնակցել, երբ իրեն հետաքրքիր բան ես առաջարկում․ «Պետք է միշտ առաջարկես՝ առանց սպասելու, թե ինքն ինչ կուզենար, ինչ պահանջ կար, շատ մշակութային հաստատություններ իրենք պետք է առաջարկեն, գուցե շատերը մտածեն, որ բարձր մշակույթ են առաջարկում, եւ դա չի ընկալվում, բայց մարդիկ շատ լավ էլ ընկալում են։ Հիմա պետք է նաեւ կրթական եւ լուսավորչական աշխատանք տարվի՝ շատ ցածր տարիքից սկսած, գուցե ընտանիքներում հնարավոր չէ այս պահին դա իրականացնել, որովհետեւ շատ ընտանիքներում եւս այդ հակամշակութային արժեհամակարգով ձեւավորված անձինք են, բայց նախակրթարաններում, դպրոցներում անպայման պետք է դա արվի, մի հատ հեղափոխություն էլ այդտեղ պետք է լինի։ Մեզ այնքան են խեղդել հակամշակույթով, որ քեզ թվում է՝ բարձրարժեքություն գոյություն չունի, բայց եթե կարողացար մանկավարժական առումով մի փոքրիկ ճիշտ կայծ տալ, դա կարթնանա։ Այդ մեթոդները տվել են թե՛ Թումանյանը, թե՛ Կոմիտաս վարդապետը։ Պետք է վերադառնալ ակունքներին, ուրիշ ճանապարհ չկա»։



Կառավարությունը կրթական ցենզի բարձրացումը տեսնում է հեռուստաեթերի մաքրության մեջ։ «Ամեն ինչն էլ միշտ թռուցիկ է ասվել՝ ասած լինելու համար, սիրուն բառեր՝ հաճոյանալու համար, բայց քանի որ հեռուստաեթերի հարցը տեղ է գտել կառավարության ծրագրում, ուրեմն հետամուտ կլինեն, որովհետեւ հեռուստատեսությունն այսօր ամենամեծ զենքերից մեկն է, եւ այն ալիքը, որը պարտավոր է հասարակական լինել, քանի որ հասարակության միջոցներով է պահվում, ապազգային հակամանկավարժական քաղաքականություն է դրսեւորում։ Պետք է լուծվի նաեւ հեռուստաեթերի լեզվի հարցը, որը պղծվում է եթերից»,- ասում է նա ու նկատում, որ առաջ կգնանք, որովհետեւ նպատակն ազնիվ է։



Կառավարությունը կրթական ցենզի բարձրացումը տեսնում է հեռուստաեթերի մաքրության մեջ։ «Ամեն ինչն էլ միշտ թռուցիկ է ասվել՝ ասած լինելու համար, սիրուն բառեր՝ հաճոյանալու համար, բայց քանի որ հեռուստաեթերի հարցը տեղ է գտել կառավարության ծրագրում, ուրեմն հետամուտ կլինեն, որովհետեւ հեռուստատեսությունն այսօր ամենամեծ զենքերից մեկն է, եւ այն ալիքը, որը պարտավոր է հասարակական լինել, քանի որ հասարակության միջոցներով է պահվում, ապազգային հակամանկավարժական քաղաքականություն է դրսեւորում։ Պետք է լուծվի նաեւ հեռուստաեթերի լեզվի հարցը, որը պղծվում է եթերից»,- ասում է նա ու նկատում, որ առաջ կգնանք, որովհետեւ նպատակն ազնիվ է։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**