Մերժիր Սերժի Գարեգինին

Մերժիր Սերժի Գարեգինին
Այո, ջինը շշից բաց ենք թողել՝ շարքային քաղաքացին հասկացել է, որ կարող է իշխանություն փոխել։ Եվ այդ իշխանությունը միայն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չեն, այլ կոնկրետ իր «շեֆը»։ Եվ որքան էլ հիմա իշխանությունը կոչ անի՝ սաբոտաժ չանել, լոկալ բողոքի ակցիաները դադարեցնել, քանզի այդ ամենն ուղղված է «ժողովրդի իշխանության դեմ», մարդիկ համաձայն չեն այդ կոչերի հետ։ Նրանց պետք է, որ իրենց դպրոցի ու պոլիկլինիկայի տնօրենը, համայնքապետն ու ռեկտորը հեռանան պաշտոնից։ Եվ պայքարն այս կամ այն կերպ շարունակվում է։ Մի տեղ ստորագրություններ են հավաքում ատելի տնօրենի դեմ, մյուս տեղում՝ պաստառներով ակցիա անում։ Երրորդները շտապում են կառավարություն՝ վարչապետին բողոքելու։ Չորրորդները հոդվածներ, նամակներ են գրում։ Երեկ «մերժվելու» հերթը Ամենայն հայոց կաթողիկոսինն էր։ Առավոտից 3 բաց նամակ ստացանք՝ կարգալույծ արված հոգեւորականների կողմից։



Ապա «Նոր Հայաստան, նոր հայրապետ նախաձեռնության» ստորագրությամբ կոչ՝ ուղղված Գարեգին Բ-ին․ «Վեհափառ Տեր, խնդրում ենք Ձեզ քաշվել Հայաստանում որեւէ վանք՝ ապաշխարության, Ձեզ հետ վերցնելով Պոլսո պատրիարքության Արամ Աթեշյանին, Ձեր եղբայր Եզրասին եւ Նավասարդ Կճոյանին։ Ազգի շահն է պահանջում, որ Էջմիածինը կառավարվի աթոռակից կաթողիկոսի կամ փոխանորդների միջոցով»։ Կոչում հիմնավորել են, թե ինչու պետք է հեռանա կաթողիկոսը։ Որովհետեւ երկիրը հանձնել է աղանդավորներին, միասեռականներին, աթեիստներին, պատեհապաշտներին, շատ հոգեւորականներ են հանիրավի կարգալույծ արվել, մոմավաճառությունից գոյացող խղճուկ գումարներից սահմանել է հարկ՝ Մայր Աթոռի «պայծառացման» համար, «չի կարողացել հայրական խրատով դաստիարակել, կարգի հրավիրել պետության ղեկին հայտնված անօրեն իշխանավորներին» եւ այլն։