ՄՃԽ-ն ահազանգում է

ՄՃԽ-ն ահազանգում է
Ադրբեջանական մամուլը տարածել է Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Մագդալենա Գրոնոյի վերլուծականը, որտեղ նա գնահատում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը:



Ըստ այդմ, ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը պատրաստ չեն սկզբունքային փոխզիջումների, ուստի պատերազմի վերսկսման վտանգը շարունակում է իրական մնալ: Փորձագետը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը կարող է օգտագործել Հայաստանի ներքին անկայունությունը եւ մարտական գործողություններ սկսել: Ավելին, Գրոնոն գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի դաշտային հրամանատարները, զգալով, որ իշխանության հողը փախչում է ոտքի տակից, իրենք կարող են մարտական գործողություններ սկսել: Չափազանց ուշագրավ է, որ վերլուծականը հրապարակվել է Ստեփանակերտում վերջին օրերի բողոքի ակցիաներից հետո, ուստի կարելի է ենթադրել, որ փորձագետը դրանք գնահատում է որպես քաղաքացիական նախաձեռնություն, որն ունի ներքին լիբերալացման ուղղվածություն:



Վերլուծականի ուշագրավ շեշտադրումներից է նաեւ այն, որ փորձագետը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին խորհուրդ է տալիս բաց պահել կողմերի հետ դիվանագիտական շփումների խողովակները, որպեսզի տեսակետների ռադիկալացում տեղի չունենա: Առանձնակի հետաքրքրություն է առաջացնում Գրոնոյի այն խորհուրդը, որ միջնորդները պետք է որոշակի նախապատրաստական աշխատանք կատարեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում հնարավոր ռիսկերի հետ կապված: Փորձագետը տեսակետ է հայտնել, որ Փաշինյանն առայժմ չունի ԼՂ կարգավորման հստակ ծրագիր:



Արդեն հայտնի է, որ հունիսի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան: Կարելի է ենթադրել, որ միջնորդները փորձելու են հասկանալ, թե Հայաստանի նոր իշխանությունները շարունակու՞մ են մնալ նախկին պայմանավորվածությունների ռեժիմում, թե՞ հանդես են գալիս սկզբունքային փոփոխությունների առաջարկով: Ուշագրավ է, որ մինչ այդ տեղի կունենա Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում: Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փարիզում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ, որից հետո վերջինս հայտարարել է, թե ակնկալում են, որ բանակցային գործընթացի կվերսկսվի նախկին ձեւաչափով եւ օրակարգով: